«Ավելի մեծ նվեր մատուցել Ադրբեջանին հնարավոր չէր. Սիրանուշ Սահակյանը՝ Փաստաբանների պալատի՝ Բաքու փաստաբաններ ուղարկելու նախաձեռնության մասին
«Հասկանալի է, որ Ադրբեջանն այս բեմականացված դատավարությունների 2 թիրախային խումբ ունի: Առաջինը ծնողներն են, հարազատները և լայն հասարակության շերտերը: Նրանց մշտապես տառապանքի մեջ է պահում և ավելացնելով անորոշության աստիճանը՝ մեծացնում է Հայաստանի հասարակության վրա ներազդելու իր լծակները, այսինքն՝ հոգեբանական խաղ է խաղում հարազատների և Հայաստանի հասարակության հետ»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական եթերում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով հայ գերիների՝ Բաքվում ընթացող դատավարությանը:
Ըստ նրա՝ այս գործընթացների 2-րդ հասցեատերը միջազգային հանրությունն է:
«Նախ՝ դրանով Ադրբեջանն ապահովագրում է իրեն, որովհետև եթե անհիմն կերպով ռազմագերիները չեն վերադարձվում հայրենիք, սա պատերազմական հանցագործություն է: Որպեսզի Ադրբեջանի իշխանություններին չմեղադրեն անհիմն չվերադարձնելու մեջ, ինքը պետք է իրավական գործիք օգտագործի քաղաքական նպատակներով: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի իշխանություններն են իրավունքը ծռմռում ու հարմարեցնում իրենց քաղաքական նպատակներին, նույն հոգեբանությունը և ձեռագիրն ունի նաև Ալիևը»,- ասաց իրավապաշտպանը:
Վերջինս նշում է, որ միջազգային մարդասիրական իրավունքն ասում է, որ եթե ռազմագերիները կատարում են պատերազմական հանցագործություններ, նրանց կարելի է դատել, և նրանք պետք է պատիժ կրեն անգամ այն երկրում, ուր գերեվարված են, և Ալիևն այս գործիքն օգտագործում է:
«Իրականության մեջ մենք շատ լավ հասկանում ենք, որ նրանք պահվում են քաղաքական պահանջների վերջնական կատարումը երաշխավորելու նպատակով»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի նախաձեռնությանը՝ փաստաբաններ գործուղել Բաքու հայ ռազմագերիներին իրավական օգնություն տեղում ցուցաբերելու համար, Սիրանուշ Սահակյանն ասաց՝ ավելի մեծ նվեր մատուցել այս պայմաններում Ադրբեջանին, քան այդ նախաձեռնությունն է, չէին կարող:
«Մեր փաստաբաններն ընդամենը դառնալու են այդ թատրոնի փոքր խաղացողներից մեկը, որոնք ենթարկվելու են այլ երկրի խաղին, օրինականացնելու են գործընթացը, և հետագայում որոշ իրավական գործընթացներ ձգձգվելու են ոչ թե արդեն 2-3 տարի, այլ ընդհուպ 5-10 տարի: Եվ եթե նրանք այդ տարրական բաները չեն հասկանում, որովհետև ուղղակի չեն աշխատել Ադրբեջանի դեմ գործերի վրա և չգիտեն, թե ինչ պատրաստվածությամբ և փաստարկներով է ադրբեջանական կողմը հանդես գալիս Եվրոպական դատարանում, նրանք խիստ պայթյունավտանգ վիճակ են ստեղծում: Ես և իմ գործընկերները, որոնք երկար ժամանակ հայ-ադրբեջանական գործերում ներգրավվածություն ենք ունեցել, եթե այս նախաձեռնությունը փորձեն ի կատար ածել, հրապարակային հայտարարությամբ ենք հանդես գալու՝ բոլոր ռիսկերը նկարագրելով, և դադարեցնելու ենք մեր աշխատանքներն այն անձանց իրավունքների պաշտպանության հարցում, ովքեր փորձելու են օրինականացնել Ադրբեջանի ապօրինի գործընթացներն իրենց սեփական երեխաների հանդեպ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում