Մտնում ենք նոր կորուստներ կրելու ժամանակաշրջան
Ո՞նց կարելի է հավատալ, որ երեք տարի երկիրը համառորեն քանդած ու հասարակությանն այսքան տառապանք պատճառած իշխանությունը կարող է ընտրություններով վերարտադրվել։ Նման բան անհնար էր պատկերացնել նույնիսկ ամենավատ երազում։ Ո՞ր արժանիքի համար։ Քանդեցին երկիրը ու այդքանից հետո դեռ պիտի շարունակեն քանդել։
Եթե սա է մեր հասարակության պատկերացումը երկրի ապագայի վերաբերյալ, ապա առաջիկայում մեզ հաստատ ավելի վատ օրեր են սպասվում։ Անգամ այդքան արհավիրքներից, այդքան կորուստներից ու տառապանքներից հետո, երկիրը էլ ավելի է թաղվելու արտաքին ու ներքին խնդիրների մեջ։ Չնայած 3 տարի այդպիսի խնդիրների պակաս չենք ունեցել։ Իշխանությունը լիուլի հոգացել է այդ մասին։ Միայն պատերազմի ու համավարակի հետևանքով առնվազն 10 հազար մարդկային կյանք ենք կորցրել, տարածքային կորուստները չհաշված։ Բայց անգամ դա դաս չեղավ։
Մտնում ենք նոր կորուստներ կրելու ժամանակաշրջան։
Շուտով ականատես կլինենք, թե ինչպես է դատարվում երկիրը։ Արտագաղթը սկսվել էր, հիմա ավելի մեծ տեմպերով է շարունակվելու։
Շատերն ընտրությունների հետ էին կապում Հայաստանում մնալ-չմնալու հարցը։ Եթե մինչև ընտրությունները հույս ունեին, որ ընտրություններով իրավիճակը կփոխվի, կլուծվեն գոնե անվտանգության հետ կապված խնդիրները, հիմա այդ հույսն էլ կորցրեցին։ Ընտրությունների այսպիսի ելքից հետո սկսվելու է արտագաղթի նոր ալիք։
Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ ընդամենը 5 ամսում երկրից շուրջ 78 հազար մարդ էր հեռացել։ Ընդհանուր առմամբ եկել էր 247 հազար, գնացել էր 325 հազար մարդ։
Գնացողների քանակը հիմա ավելի կշատանա։ Ու եթե մինչև հիմա նրանց մի մասը գնում էր արտագնա աշխատանքի հույսով, այսուհետ գնալու են հիմնականում նրանք, ովքեր ոչ թե աշխատանքի խնդիր ունեն, այլ ապագայի հեռանկար չեն տեսնում։
Խոսքը նրանց մասին է, ովքեր գնում են ոչ թե մենակ, այլ ընտանիքներով։
Սպասվում է, որ գնալու են ոչ միայն մարդիկ, այլև տանելու են իրենց կապիտալը։ Նոր չէ, որ Հայաստանից կապիտալը գնում էր։ Բայց հիմա շատ ավելի ակտիվ է գնալու։
Այս տարվա միայն առաջին 4 ամիսներին երկրից 2,2 անգամ ավելի շատ գումար է գնացել Միացյալ Նահանգներ, քան անցած կամ նախանցած տարի։ Ու դա պատահականություն չէ, ոչ էլ զուգադիպություն։ Մարդիկ գնում են՝ հանելով նաև իրենց ունեցած կապիտալը։
Արտագաղթի ակտիվացումը և կապիտալի փախուստը կխորացնի անշարժ գույքի շուկայի ճգնաժամը։ Նման մտադրություն ունեցողները սովորաբար վաճառում են իրենց ունեցվածքը և գնում՝ չվերադառնալու հեռանկարով։
Անշարժ գույքի առաջարկի մեծացումը կխորացնի լճացումը՝ ցածր վճարունակ պահանջարկ ունեցող շուկայում։ Անցած տարվա կոլապսից հետո շուկան դեռ չի հասցրել վերականգնվել, այժմ կարող է բախվել նոր ճգնաժամի հետ։
Կապիտալը, որը երկրի ներսում կարող էր վերածվել ներդրումների՝ գնում է դուրս։ Դրսից էլ ներդրումներ չեն գալիս, քանի դեռ ներսի կապիտալն է գնում։
Խնդիրները բազմաթիվ են։ Բայց դրանք հաղթահարելու փոխարեն՝ մենք անընդհատ խորացնում ենք։ Թունելի վերջում այդպես էլ լույս չի երևում։
Դժվար է պատկերացնել, թե հիմա ի՞նչ են ակնկալում մարդիկ այս իշխանությունից։ Մի իշխանությունից, որն իր կարճատեսությամբ երկրին անասելի ծանր հարվածներ է հասցրել, տանուլ է տվել պատերազմը, հազարավոր զոհեր ու հաշմանդամներ է թողել իր հետևից, ոչ միայն Ղարաբաղն է հանձնել թշնամուն, այլև վտանգել է Հայաստանի անվտանգությունը։
Իբր եկել էին շենացնելու երկիրը, վերածեցին ավերակների։ Տնտեսությունը կանգնեցրել են փակուղու առաջ, իսկ սոցիալական իրավիճակը միայն վատանում է։
Այսքանից հետո միայն տգետ պետք է լինել՝ սպասելու, որ այս իշխանության հետ կարելի է անվտանգ լինել, երկիր զարգացնել ու ապագա կառուցել։
Անվտանգության խնդիրն այս ընտրությամբ չլուծվեց։ Այն, ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ։ Չվերացավ նաև անորոշությունը, որը դարձել է մեծագույն չարիք տնտեսության համար։ Տնտեսությունը շարունակելու է մնալ սպասումների ու լարվածության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել անվտանգության հետ կապված խնդիրները։
Ընտրություններից հետո տնտեսությանը նոր փորձություններ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը 2-3 տարում պետության վրա ահռելի ֆինանսական ծանրություն են դրել՝ պարտքերի տեսքով։ Ու հիմա միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ովքեր մեզ պարտքեր են տվել, ստիպում են գնալ հարկային բեռի ծանրացման։ Դա վերաբերելու է առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսին։ Հարկային ճեղքի կրճատման անվան տակ կառավարությունը համաձայնել է մեծացնել ճնշումը փոքր և միջին բիզնեսի վրա՝ նրան տեղափոխելով ընդհանուր և ավելի ծանր հարկային դաշտ։ Թե դա ի՞նչ է նշանակում փոքր և միջին բիզնեսի համար, դժվար չէ պատկերացնել։ Հատկապես այսօրվա պայմաններում, երբ բազմաթիվ տնտեսվարողներ հազիվ են կարողանում գոյություն քարշ տալ։
Պետությանը դրել են ֆինանսական լուրջ ծանրության տակ ու հիմա պարտքերը վերադարձնելու համար ուզում են քամել տնտեսությանը։ Մտել ու շարունակելու են ուղղակիորեն մտնել նաև քաղաքացու գրպանը։
Տնտեսության զարգացման հաշվին բյուջետային խնդիրները լուծելու փոխարեն՝ գնում ենք հարկային բեռը ավելացնելու ճանապարհով։ Եթե չկարողանանք տնտեսության կտրուկ վերելքի միջոցով դուրս գալ այս ծանր շրջափուլից, հետագայում շատ ավելի լուրջ բարդությունների մեջ ենք հայտնվելու։
Գոնե այս փուլում տնտեսության կտրուկ զարգացումների հույսեր չկան։ Ճիշտ է, Համաշխարհային բանկը իր վերջին կանխատեսումներում մի փոքր բարձրացրել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի գնահատականը, բայց անգամ դրա մեջ մտահոգիչ միտում կա։ Հայաստանի տնտեսության աճի սպասումները գրեթե կրկնակի ցածր են համաշխարհային միջինից։ Եթե համաշխարհային տնտեսության մեջ ՀԲ-ն սպասում է՝ ընդհուպ 5,6, ապա Հայաստանում՝ հազիվ 3,4 տոկոս աճ։
Հայաստանի տնտեսության թուլության մասին է վկայում նաև այն, որ նախորդ կանխատեսման համեմատ ՀԲ-ն համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը վերանայել է միանգամից 1,6 տոկոսային կետով, իսկ Հայաստանինը՝ ընդամենը 0,3 տոկոսային կետով։
Հիշեցնենք, որ համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը 4-ից դարձել է 5,6, իսկ Հայաստանինը՝ 3,1-ից՝ 3,4 տոկոս։
Սա է այն չնչին բարելավումը, որն արել է Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության իր սպասումներում։ Ու դա բնական է, եթե հաշվի առնենք այն խնդիրները, որոնց հիմա բախվել է հայաստանյան բիզնեսն ու բիզնես միջավայրը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ