Տոտալ տեռոր՝ ժանրի կանոններով. Քրեակատարողական համակարգում փնտրում են գաղութներում Նիկոլ Փաշինյանի պարտության մեղավորներին

Քրեակատարողական համակարգում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. Ընտրություններից հետո քավության նոխազ են փնտրում, քանի որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» և հաղթանակ է տարել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը:

Հիշեցնենք՝ օրերս «Փաստինֆոն» գրել էր այն մասին, որ քաղաքական հայացքների համար բռնաճնշումները հասել են ՔԿՀ-ներ։

«Ինչպես հայտնի է՝ քվեարկությունից հետո իշխանությունները սկսել են ճնշումներ գործադրել բոլոր այն համայնքապետերի, պաշտոնյաների նկատմամբ, որոնք ընտրել են «Հայաստան» դաշինքին, սակայն պարզվում է, որ թիրախում հայտնվել են նաև ՔԿՀ-ները։

Իշխանություններն առավել սևեռվել են «Արմավիր» ՔԿՀ-ի նկատմամբ, որտեղ «ՔՊ»-ն ստացել էր 41 քվե, իսկ «Հայաստանը»՝ ավելի քան 200։ «Փաստինֆո»-ն կալանավորներից ահազանգեր է ստացել, որ արդեն երկրորդ օրն է՝ խստացվել է ռեժիմը ու սկսվել են քաղաքական վենդետաներ։ Փորձում են պարզել «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկածների շրջանակը՝ նրանց համար առավել անհարմար պայմաններ ստեղծելու համար»,- գրել էր կայքը:

168.am-ին Քրեակատարողական ծառայությունում ստեղծված հետընտրական լարվածության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Պարզվում է՝ ՀՀ քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Արթուր Գոյունյանը՝ իր տեղակալներով հանդերձ, քրեակատարողական հիմնարկներում քվեարկության արդյունքում «Հայաստան» դաշինքի հաղթանակի համար մեղավորներ են փնտրում, և արդեն իսկ տարբեր հիմնարկներից երկու տեղակալների տեղափոխել են այլ հիմնարկ:

Նրանցից մեկին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ, ՔԿՀՆ-երում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող Սմբատ Բուլղադարյանին, մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի դաշինքին  հարելու համար Երևանից «աքսորել են» Գորիս՝ վերջինիս հասկացնելով նաև, որ եթե համաձայն չես, կարող ես դիմում գրել ու գնալ:

Մեզ ասացին՝ առհասարակ խայտառակ իրավիճակ է ՔԿՀ-ներում, փնտրում են «Հայաստան» դաշինքի համակիրներին, նրանց ասում՝ իբր աշխատել են Քոչարյանի օգտին:

«Ամեն ինչ անում են, աշխատողներին մեկը մյուսի դեմ են հանում` ապացույցներ նկարելու ու ՔԿԾ ղեկավարությանը հասցնելու համար: Անտանելի է, աշխատել չի լինում»,- ասաց մեր աղբյուրը:

Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը՝ սեփական դիմումի համաձայն, հավանաբար տարված բացատրական աշխատանքներից հետո: Իսկ պատճառն այն է, որ մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի նախընտրական հավաքին՝ հերիք չէ, մի բան էլ խոսել է, փորձել է կարծիք հայտնել:

Եվ այսքանից հետո դեռ ամեն քայլափոխի հայտարարում են, որ Քրեակատարողական ծառայությունն ապաքաղաքականացված կառույց է։

Սա դեռ վերջը չէ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ գործընթացը շարունակվում է, և դեռ շատերը կհայտնվեն ցուցակում, ինչպես հիմա են ոմանց ասում՝ աշխատանքից ազատման դիմում գրի, գնա, եթե չէ` կոմպրոմատներ են փնտրում կամ էլ «աքսորում են» հեռու հիմնարկ։

Ծառայությունում և հիմնարկներում աշխատակիցների մոտ լարված վիճակ է, չգիտեն՝ ինչ կլինի, ամեն գնով ուզում են իրենց վրայից գցել Քոչարյանի հաղթանակի փաստը՝ ղեկավարությանը հավաստիացնելով, թե իբր «նախկին» ծառայողներն են մեղավոր, որ Փաշինյանը պարտվեց քրեակատարողական հիմնարկներում:

Ի դեպ, ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է միայն «Արթիկ» ՔԿՀ-ում, ուր հիմնարկի պետը՝ Արման Մելքոնյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր դարձած, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի որդին է, և ըստ տեղեկությունների, որպես պարգևատրում՝ Արման Մելքոնյանը շուտով կնշանակվի Երևանի կամ Երևանին մոտ գտնվող որևէ քրեակատարողական հիմնարկի պետ, և մեկ էլ «Սևանում»:

Ու թեև Քրեակատարողական ծառայության ղեկավարությունը հայտարարում է, որ վարչական լծակներ չեն օգտագործել, փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է «Արթիկ» ՔԿՀ-ում, հակառակի մասին է խոսում:

Փաստ է, որ այլ հիմնարկներում ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը ցանկալի արդյունքի չի հասել:

Իսկ հիմնարկներում Արթուր Գոյունյանի համար լավ առիթ է ստեղծվել  ընտրություններից հետո վեթինգ անելու, ձեռքի հետ ոչ ցանկալի աշխատակիցներից ազատվելու համար։

168.am-ի խմբագրություն զանգահարած դատապարտյալներից մեկի փոխանցմամբ՝ իրենք միանշանակ քվեարկել են Քոչարյանի օգտին, որ էս երկրում գոնե մի բան փոխվի դեպի դրականը:

«Հերիք ա՝ կորցնենք. որ իշխանություն փոխվեր, Ծառայությունում էլ կփոխվեր, էս սպիտակ, ճռճռան օձիքով դատախազներից հոգնել ենք, գոնե գործից հասկացող մեկին կբերեին, երկու տարվա մեջ, միայն դատախազությանը բնորոշ գրագրությունից բացի, բան չփոխվեց, բա մեր հարցերով, մեր խնդիրներով ո՞վ է զբաղվելու: Ոչ պետը, ոչ էլ տեղակալները երբեք հիմնարկներում ընդունելության օր չեն արել, չեն եկել, նախկինում ըսենց բան չկար, ընդունում էին, մեզ լսում, հիմա նույնիսկ որ գրություն էլ ենք գրում, որ ընդունեն, դնում, մեկին ուղարկում են, յանի ի՞նչ… Մենք իրա՞նց հետ ենք ուզում հանդիպենք։ Նրանք հիմնարկ մենակ ռեմոնտից առաջ են գալիս, մեկ էլ հետո, ֆռռում, գնում են։ Ի՞նչ են արել… Մի հատ սնունդ են փոխել, էն էլ հայավարի արդեն չափաբաժինը քչացրել են, որակն էլ այն չի, մարդիկ սկսել են չկշտանալ»,- իր բողոքը հայտնեց մեզ հետ կապ հաստատած դատապարտյալը:

Հարցին՝ ինչ վերանորոգման մասին է խոսքը, մեզ զանգահարած դատապարտյալն ասաց. «Ռեմոնտ են անում մենակ, հեն ա, «Նուբարաշենի» դահլիճն էլ արեցին, հա ի՞նչ, ո՞ւմ էր պետք, էդքան փող ծախսեցին, մենք խցերում ենք նստում, ոչ թե դահլիճում, դրա փոխարեն՝ թող խցերում վերանորոգեն, մեզ փափուկ աթոռներ տային, նստեինք»:

Ընտրությունների մասնակիցների թվի մասին էլ պաշտոնապես Ծառայությունը տեղեկացրեց հանրությանը, բայց չգիտես ինչու՝  հաջորդ օրը հրապարակումն անհետացավ կայքից:

Հետո էլ Փաստերի ստուգման հարթակում՝ fip.am-ում,  մասնակիցների թվի մասին բոլորովին այլ տեղեկատվություն ներկայացվեց։

Իսկ զուգահեռ իրականությունում կալանավորված է պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

Տեսանյութեր

Լրահոս