«Դիմում կգրեք, կազատվեք, թե չէ իրավապահ մարմիններին եք պատասխան տալու». Մարզպետը՝ աշխատակցին
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կարծես փորձում է պատվով կատարել ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի ստացած պողպատե մանդատի քաղաքականությունը: Մամուլը գրել էր, թե մարզպետ Գևորգյանը հունիսի 23-ին իր մոտ է կանչել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ, ՀՅԴ անդամ Մերի Շահազիզյանին ու հրահանգել՝ աշխատանքից ազատվելու դիմում գրել:
168.am-ի հետ զրույցում Մերի Շահազիզյանը պատմեց, որ աշխատանքից ազատվելու դիմում գրելու շուրջ մարզպետի պահանջը սկսվել է մեկ տարի առաջ:
«2020թ. մայիսին ես կորոնավիրուսով հիվանդացա, տանն էի, բայց իմ ամբողջ գործերը անում էի տնից՝ և հիվանդների հաշվառում, և՛ մյուս հարցերը, այն, ինչ պետք էր, անում էի տնից: Միգուցե կարող է ես վատառողջ լինելու պատճառով մի փոքր թերացած էլ լինեմ, բայց ամեն ինչ ոնց որ սկսվեց իմ հիվանդանալու պահից: Կանչում էր պարբերաբար՝ «դիմում գրեք, դուրս եկեք, դիմում գրեք, դուրս եկեք, Դուք չեք կարողանում աշխատել, Դուք չգիտեմ ինչ եք, և այլն, և այլն»: Մնացի: Որ հիվանդ էի, զանգահարեց, ինչ-որ հարց կար, ես պատասխանեցի, այն ժամանակ կորոնավիրուսի մահվան դեպքերի պատճառները, ստույգ տվյալները հստակ չէր ներկայացնում՝ կորոնավիրո՞ւս է, թե՞ այլ պատճառ է, խնդիրը դա եղավ: Հետո ես եկա, կանչեց, թե՝ «Դուք չեք կարողանում աշխատել, զանգում եմ Ձեզ, բան եմ հարցնում, Դուք ինձ ասում եք՝ «ես ծանր պառկած եմ, հիվանդ», Դուք ստում եք», ասում եմ՝ «շատ ներողություն, իմ դաստիարակությունը թույլ չի տալիս ինձ, որ ես սուտ խոսեմ, և ես Ձեզ չեմ ասել, որ ես կորոնավիրուսով ծանր պառկած եմ, ուղղակի ասեցի՝ ես հնարավորինս տանից եմ աշխատում, ինչքան կարողանում եմ, ու Ձեզ այս պահին այսքան տվյալները կարող եմ ներկայացնել»: Պատերազմը եկավ, պատերազմի ժամանակ նորից եկավ, թե՝ «պատերազմից հետո Ձեզ գործից ազատելու եմ, չեք կարողանում աշխատել»:
Անընդհատ ինչ-որ առիթ գտնում էր, որ մի բան ասեր: Խորհրդակցություններին էի մասնակցում, մի օր ասեց՝ «այլևս չմասնակցեք, չգաք խորհրդակցությունների», դրանից հետո խորհրդակցությունների էլ չեմ գնացել: Ընտրություններն էլ ավարտվեցին, արդեն երևի էլի սկսեցի իրենց ձեռք չտալ, չգիտեմ՝ ինչի:
Եթե ես չեմ կարողացել աշխատել, եթե ես թերացել եմ իմ աշխատանքում, այդ ժամանակ, կարծում եմ, կան կիրառելի կարգապահական տույժեր, որ կարելի է հենց այդ պահին կիրառել՝ նկատողություն է, բանավոր զգուշացում և այլն: Եթե ես չեմ կարողացել աշխատել, հիմնավորեիր իմ աշխատանքի թերությունները և ինձ նկատողություն տայիր: Անհիմն տեղը դու ինձ ինչի՞ ես ասում՝ դիմում գրի, ազատվի»,- մեզ պատմեց Մերի Շահազիզյանը:
Այսօր էլ հերթական անգամ մարզպետը կանչել է առողջապահության բաժնի պետին ու պահանջել անհապաղ աշխատանքից ազատվելու դիմում գրել՝ սպառնալով, թե կդիմի իրավապահ մարմիններին:
«Այսօր ինձ կանչում է իր մոտ և ասում է՝ «15 րոպե ժամանակ եմ տալիս Ձեզ, որ դիմում գրեք, ազատվեք»: Ասեցի՝ ես դիմում չեմ գրելու: Դա երևի իր վրա շատ խիստ ազդեց, սկսեց գոռալ՝ «Դուք ստոր եք, Դուք ստախոս եք», վիրավորանքների մի հատ տարափ: Ես իր մոր տարիքի կին եմ, կարելի էր թեկուզև դա հաշվի առնել: Ինքը որ սկսեց գոռալ, ես ասեցի՝ ինձ վրա չգոռաք, ինքն էլ՝ «ինձնից ավելի բարձր… չհամարձակվեք ինձ հետ զուգահեռ խոսեք, կմաքրեք ստեղ, դիմում կգրեք, կազատվեք, կմաքրեք, ես Ձեզ ասում եմ, թե չէ Դուք իրավապահ մարմիններին եք պատասխան տալու Ձեր գործողությունների համար», ասեցի՝ լավ, եղավ, բարի, ասեցի, դուրս եկա: Դուռը մի քիչ ուժեղ փակեցի, շրխկաց դուռը, հետևիցս անմիջապես դուրս եկավ, մի հատ էլ էդտեղ գոռաց՝ «հաջորդ անգամ չհամարձակվեք դուռը շրխկացնելով փակել, թե չէ նենց կանեմ, որ ստեղից չեք կարողանա դուրս գալ», ասեցի՝ բարի…
Ես սպասում էի սրան, որ ընտրություններից հետո այսպես պետք ա լիներ: Անակնկալ չէր… Բնական է, որ այսպես պետք է լիներ: Մեկ տարի շարունակ ինքը փորձում էր ազատվել ինձնից: Երևի առիթը հասունացել էր»,- ասաց Մերի Շահազիզյանը՝ նշելով, որ չի պատրաստվում աշխատանքից ազատվելու դիմում գրել:
Մեր զրուցակցի համար անհասկանալի էր նաև, թե ինչ հիմքով է մարզպետն իրեն իրավապահներին դիմելով սպառնացել:
«Չեմ կարողանում պատկերացնել, որովհետև ես ոչ մի իրավախախտում մինչ այժմ չեմ արել: Մալբրի համակարգով մենք աշխատում ենք, գրություններին ժամանակին պատասխանվել է, բոլոր զեկույցները, ինչ որ պետք է, ժամանակին ներկայացվել է կա՛մ մարզպետին, կա՛մ գլխավոր քարտուղարին, կա՛մ փոխմարզպետներին, նայած կուրացիայի ոլորտից: Եթե ինչ-որ խնդիր է եղել, ներկայացրել եմ խնդրի լուծման տարբերակները…
Եթե այս պահին կարող է ինչ-որ քաղաքական ենթատեքստ ունենար, 1 տարի առաջ ի՞նչ քաղաքական ենթատեքստ սա պիտի ունենար: Ես չեմ կարող բացատրել, պատճառաբանել, թե դա ինչից է գալիս: Ճիշտն ասած՝ դա ինձ համար հանելուկ է մնացել:
Ես ՀՅԴ ներկայացուցիչ եմ, բայց ես երբևիցե «Հայաստան» դաշինքի շտաբ չեմ գնացել, այս ընթացքում ոչնչի չեմ խառնվել, ոչ մեկին ոչինչ չեմ ասել: Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվել, իմ ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններից որևէ աշխատակցի անգամ մի բառ չեմ ասել, չեմ հորդորել, չեմ պարտադրել, չեմ ստիպել: Ամեն մարդ ունի իր ձայնի ազատությունը, իր կարծիքը կարող է ազատ հայտնել, իր դիրքորոշումն էլ կարող է ունենալ: Ապաքաղաքականացված եմ: Ընդամենը իմ ոլորտի աշխատանքներն եմ ուզել պատշաճ կազմակերպել: Առողջապահական խնդիրներ, եթե եղել են, լուծել եմ իմ հնարավորությունների սահմաններում»,- պատմեց Մերի Շահազիզյանը:
Հարցին, թե գուցե այդ պաշտոնում այլ մեկի՞ն են ցանկանում նշանակել, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Մեզ մոտ մեկ տարուց ավելի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը ազատ է: Եթե ինչ-որ մեկին շատ են ցանկանում նշանակել, կարող էին բերել, այդ պաշտոնում նշանակել: Ինչ-որ երևելի պաշտոն չէր իմ պաշտոնը: Միգուցե, կարող է: Ինչ իմանանք»:
Միջադեպի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Արագածոտնի մարզպես Դավիթ Գևորգյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: