Կոռուպցիա չկա՞: 141 միլիոն դրամ՝ չեղած լիցենզիայի համար, 471 միլիոն դրամի չվճարված տուգանքներ, 1.6 մլրդ դրամի էական խախտումներով կնքված պայմանագրեր…
«Հավատարմագրային կառավարիչը պայմանագիր է կնքել մեկ այլ կազմակերպության հետ, որը պետք է իրականացներ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի սպասարկման, ինչպես նաև՝ այլ ծառայություններ: Միայն տեսանկարահանող սարքերի սպասարկման համար նախատեսվել է տարեկան 376, 008.0 հազ. դրամ (մոտ 376 միլիոն դրամ), որից՝ 141,000.0 հազ. դրամը կամ 141 միլիոն դրամը՝ դրանց 141 տպասալիկների տարեկան ծրագրային ապահովման «լիցենզիաների» արժեքը. Հատկանշական է, որ իրավասու մարմնում այդ ընկերության անունով որևէ լիցենզիա հաշվառված չէ»,- սա ոստիկանությունում ֆինանսների անարդյունավետ կառավարման մասին մի դրվագն է միայն, որը հրապարկվել է Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդման մեջ:
Նկատենք՝ Ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ միջև կնքված գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն՝ հատուցվում են հավատարմագրային կառավարչի կողմից կատարված փաստացի ծախսերը։
Մեկ այլ դրվագում հավատարմագրային կառավարիչը տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել այլ կազմակերպության հետ, ու որպես կատարած ծախսերի փոխհատուցում՝ ոստիկանությունից ստացել է շուրջ 80 միլիոն դրամ, սակայն հաշվեքննության ընթացքում պարզվել է՝ այդ կազմակերպությունը գրանցվել է պայմանագրի կնքումից 7 օր առաջ, 2018-2019 թվականներին ունեցել է ընդամենը երկու աշխատակից՝ 78 հազար դրամ աշխատավարձով: Փաստորեն, կազմակերպությունը ստեղծումից ընդամենն օրեր անց այնքան է աչքի ընկել, որ որոշել են նման ծառայությունների մատուցումը հանձնարարել հենց նրանց:
Ի դեպ, կրկին «Սեքյուրիթի դրիմ»-Ոստիկանություն իրավահարաբերության համատեքստում կառավարիչը որպես ծախս է ներկայացրել և պետությունից ստացել շուրջ 42.7 մլն դրամի չափով նպաստների փոխհատուցում, իսկ ընդհանուր առմամբ, աշխատավարձի ֆոնդերից որպես փոխհատուցում ավելի է ստացվել շուրջ 74 մլն դրամ։
Տուգանքների գանձման գործընթացի ուսումնասիրությունից էլ պարզվել է, որ 2018 և 2019 թվականներին 326 անձինք կատարել են տարեկան 100 և ավելի խախտումներ՝ ընդհանուր շուրջ 50 հազար խախտում՝ 471 մլն դրամի, սակայն այդ տուգանքներից Ճանապարհային ոստիկանությանը վճարումներ չեն արվել:
Օրինակ, անձը կատարել է 210 խախտում՝ 11 մլն դրամի, և դրանք չի վճարել։ Մի շարք դեպքերում տուգանքները սահմանված ժամկետում չվճարելուց հետո դրանք չեն ուղարկվել ԴԱՀԿ ծառայություն։ Քիչ չեն դեպքերը, երբ անձինք կատարել են մեծ թվով խախտումներ, սակայն վճարել են չնչին գումարներ։
Գնումների գործընթացի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի բացահայտումները պակաս հետաքրքրական չեն. 2019 թվականին մատակարարման ենթակա հանդերձանքից չի մատակարարվել շուրջ 216.7 մլն դրամի հանդերձանք։ Ոստիկանությունը սահմանված ժամկետներում գործողություններ չի իրականացրել՝ պայմանագրի ապահովման 21.6 մլն դրամը գանձելու ուղղությամբ, ինչպես նաև՝ պետական բյուջե չեն փոխանցվել առնվազն 2.9 մլն դրամի տույժերը։
Ճանապարհային երթևեկության հսկման սարքերի գնման ընթացակարգն իրականացվել է օրենսդրության պահանջներին անհամապատասխան: Էական անհամապատասխանություններով են կնքվել նաև գծանշման, լուսանշանների սպասարկման, ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների 1.6 մլրդ դրամի պայմանագրերը:
Նշենք՝ վերոգրյալը ՀՊ-ի կողմից ոստիկանությունում բացահայտված անհամապատասխանությունների մի մասն է միայն:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Հաշվեքննիչ պալատն էր արձանագրել, որ տարբեր գերատեսչություններում գնումների ոլորտում առկա են տասնյակ անհամապատասխանություններ, 40%-ը մեկ անձից գնումներն են, պետական համակարգի գրեթե կեսում ներքին աուդիտ չի կատարվել, ծրագրային ֆինանսավորմամբ կատարված միջոցառումների 17.7 տոկոսի մոտ որևէ արդյունքային ցուցանիշ չկա, և այլն։
168.am-ն արդեն անդրադարձել է պալատի 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունների մի քանի հատվածների: