Վրաստանում ծայրահեղ աղքատությունը նվազել է. Geostat

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների՝ անցյալ տարի Վրաստանում ծայրահեղ աղքատության սանդղակից ցածր գտնվող բնակչության ցուցանիշը տարեկան նվազել է 2.4 տոկոսային կետով՝ հասնելով 9.4%-ի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ վիճակագրության` ծայրահեղ աղքատության մակարդակը, բացառությամբ 2020 թվականի համավարակի շրջանի, անընդհատ նվազել է և անցյալ տարի հասել է իր ամենացածր կետին։

2024 թվականին քաղաքային բնակավայրերում ծայրահեղ աղքատության մակարդակը նվազել է 1.6 տոկոսային կետով՝ կազմելով 7.8%, իսկ գյուղական բնակավայրերում ​​նվազել է 3.7 տոկոսային կետով՝ կազմելով 11.9%։ Ըստ Geostat-ի՝ 2024 թվականին ծայրահեղ աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է բնակչության բոլոր տարիքային խմբերում։

Հարաբերական աղքատության առումով՝ բնակչության մասնաբաժինը, որը գտնվում է միջին սպառման 60%-ից ցածր մակարդակում, անցյալ տարի նվազել է 0.9 տոկոսային կետով և կազմել է 18.9%, իսկ բնակչության այն մասնաբաժինը, որը գտնվում է միջին սպառման 40%-ից ցածր մակարդակում, նվազել է 0.7 տոկոսային կետով և կազմել է 6.7%։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը ծայրահեղ աղքատությունը սահմանում է բնակչության այն տոկոսի ցուցանիշով, որը գտնվում է աղքատության ծայրահեղ շեմից ցածր։ Ծայրահեղ աղքատության հաշվարկմամբ առանցքային են տնային տնտեսությունների ծախսերը. եթե տնային տնտեսության ծախսերը ցածր են աղքատության ծայրահեղ շեմից, ապա այդ տնտեսությունն ու նրա անդամները համարվում են աղքատ։

Ծայրահեղ աղքատության շեմից ցածր գտնվող բնակչության մասնաբաժնի հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում և՛ դրամական, և՛ ոչ դրամական սպառողական ծախսերը։

 

Տեսանյութեր

Լրահոս