
Հայաստանը՝ հատուկ հյուր Indonesia Fashion Week 2025-ում

Հայաստանը մայիսին պատվով ներկայացել է Indonesia Fashion Week 2025 հեղինակավոր միջազգային հարթակում՝ դառնալով միջոցառման պաշտոնական բացման մասնակիցն ու հատուկ հյուրը։
Ինչպես տեղեկացնում են «Տերյան մշակութային կենտրոն»-ից, հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել էր Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ դեսպան Սերոբ Բեջանյանի և նրա տիկին Աննա Հասմիկյանի ջանքերով ու աջակցությամբ։
Միջոցառման կազմակերպիչը՝ Ինդոնեզիայի ճանաչված մոդել և դիզայներ Պոպի Դարսոնոն, նորաձևության շաբաթը վերածել էր բեմահարթակի, որտեղ համադրվում էին տարբեր ազգերի մշակույթներն ու նորաձեւության միտումները։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանը ներկայացել է բարձր մակարդակով՝ արժանանալով բազմաթիվ մասնակիցների և հյուրերի հիացմունքին։ Հայկական կողմը ներկայացնում էին երեք բրենդ՝ ստեղծված «Տերյան մշակութային կենտրոն»-ի կողմից՝ Tarazart (Լիլիթ Մելիքյան), Dzzec (Հայկուհի Կարապետյան), Atelier+374 (Անգելինա Քամալյան)։ Այս երեք բրենդերը ոչ միայն ներկայացրել են հայկական ազգային տարազի ժամանակակից մեկնաբանությունները, այլև համադրել արմատական մշակույթն ու նորաձևության լեզուն՝ արժանանալով Ինդոնեզիայի և այլ երկրների դիզայներների բարձր գնահատականին։
Շաբաթվա ընթացքում գործել է հատուկ հայկական տաղավար, որտեղ ներկայացված են եղել հայ վարպետների աշխատանքները՝ ձեռագործ պարագաներ, արհեստագործական արտադրանք, ազգային ոճով աքսեսուարներ և գեղարվեստական լուծումներով մոդելային նմուշներ։ Այցելուներն ունեցել են հնարավորություն անմիջական շփման հայ դիզայներների հետ, ձեռք բերելու հայկական մշակույթով ներշնչված ստեղծագործություններ և բացահայտելու մեր մշակութային արժեքները։
«Ինդոնեզիա այցի շրջանակում տեղի ունեցան մի շարք մշակութային ու կրթական միջոցառումներ՝ կազմակերպված տիկին Աննա Հասմիկյանի նախաձեռնությամբ։ Կարևոր իրադարձություններից էր բատիկի վարպետության դասընթացը, որին մասնակցեցին 30-ից ավել դեսպանների տիկնայք և ազդեցիկ կանայք։ Մասնակիցները ծանոթացան հայկական նախշերին, կիրառեցին հայկական հնագույն դաջազարդման տեխնիկան, քննարկեցին մշակութային ժառանգության պահպանության հարցեր, կրթության կարևորությունը և կանանց դերակատարությունը տարբեր ոլորտներում։ Վարպետության դասի ավարտին կազմակերպվել էր վիկտորինա Հայաստանի մասին, որի ընթացքում խաղարկվեցին ազգային ոգով պատրաստված նվերներ։ Նախաձեռնության շրջանակում հայկական պատվիրակությունը այցելեց բատիկի թանգարան, երիտասարդ դիզայներները՝ իրենց ուսուցչի ուղեկցությամբ, անցկացրեցին համատեղ ուսուցողական սեմինար, ծանոթացան տեղական վարպետների աշխատանքին և փոխանակեցին փորձառություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Tarazart բրենդի հիմնադիր ու «Տերյան մշակութային կենտրոն»-ի ղեկավար Լիլիթ Մելիքյանը նշել է․ «Ինդոնեզիայում հայկական մշակույթի ներկայացումը նոր էջ էր մեր միջազգային պատմության մեջ։ Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել այդքան մեծ սիրով ու ջերմությամբ ընդունող երկրի առաջ»։
Միջոցառման իրականացմանը աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հովնանյան» հիմնադրամը։