
Եկամուտների աճ, 250.000 դոլարի կրիպտոարժույթ, բաժնեմաս․ տարին վատ չի եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի համար

Ռուսաստանում Հայաստանի դեսպան, իշխանական նախկին պատգամավոր, իշխանության մշտամնա խոսափող Գուրգեն Արսենյանի համար 2024 թվականը եկամուտների առումով վատ չի եղել։ Համենայն դեպս, այդ մասին վկայում է 2025 թվականի մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողով ներկայացված 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի նրա հայտարարագիրը։
Այսպիսով, դեսպան Արսենյանը, ինչպես նախորդ տարի, հայտարարագրել է 17 անշարժ գույք, այդ թվում՝ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում հողամասը, Շիրակի մարզի Գյումրի համայնքում անհատական բնակելի տունը, հողամասը, Տավուշի մարզի Դիլիջան համայնքում հասարակական նշանակության շինությունը, Արաբկիր վարչական շրջանում գտնվող հողամասը և անհատական բնակելի տունը, որոնք բոլորը տնօրինում է միանձնյա։ Բոլոր գույքերը, որոնց մասին պաշտոնյան նշել է հայտարարագրում, նա գնել է 1999-2015թթ․։
Ինչպես տարեսկզբին, այնպես էլ տարեվերջին նա պահպանել է իր 4 մեքենաները․ 2014 թվականին գնված հենց 2014 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի մեքենան, 2015 թվականին գնված ու դարձյալ նույն թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենան, 2019 թվականին գնած 2018 թվականի արտադրության NISSAN մակնիշի մեքենան, 2020 թվականին գնած 2019 թվականի արտադրության BENTLEY-ի մակնիշի մեքենան։
2024 թվականին Գուրգեն Արսենյանը միլիոնավոր դրամների արժողությամբ իր բաժնետոմսերն ու փայերը համալրել է Սայմա Ինքից գնած բաժնեմասով, որի արժեք է նշվել 250․000 դոլարը։
Պաշտոնյայի՝ 4 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի ցանկում, որտեղ միլիոնավոր դրամներ արժեցող արծաթյա սպասքի, ննջասենյակի, հյուրասենյակի և ճաշասենյակի կահույքի, նկարների հավաքածուներ էին, ոսկյա ձուլակտորներ, հուշադրամներ, հեռադիտակ ու ժամացույց, իր տեղն է գտել 2024 թվականին Տրիո ինտերիերից 2,500,000 ռուբլիով գնված կահույքն ու Արտակ Հովհաննիսյանից գնված 250,000 դոլար արժողությամբ կրիպտոարժույթը։
ՌԴ-ում ՀՀ դեսպանի հսկայական կանխիկ միջոցները տարվա ընթացքում ունեցել են հետևյալ տեսքը․ տարեսկզբի 977,600 դոլարը տարեվերջին կազմել է 917,000 դոլար, 6,780,000 դրամը՝ 3,800,000 դրամ, 58,000 եվրոն՝ 42,000 եվրո, բանկային հաշիվները՝ տարեսկզբի 449,995.1 դոլարի փոխարեն՝ տարեվերջին կազմել են 54,825.51 դոլար։
Գուրգեն Արսենյանի հաշվետու տարվա եկամուտները նախորդ հայտարարագրում արձանագրվածի համեմատ՝ 2024 թվականին զգալիորեն աճել են՝ կազմելով 33 միլիոն 181,092.24 դրամ։
Այն գոյացել է «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ-ից ստացած 8,800,000դրամ և «ՀՀ արտաքին գործերի նախարարություն»-ից ստացած 17,846 դոլար այլ եկամուտներից, դարձյալ ԱԳՆ-ից ստացած՝ այս անգամ արդեն 884,060 դրամ աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, «Ազգային ժողովի աշխատակազմ»-ից ստացած 6,676,316 դրամ աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ-ից ստացած 2,160,000 դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից և նույն ՓԲԸ-ից ստացած Պաշտպանված 7,800,000 դրամ շահաբաժնից։
Ի դեպ, 2024 թվականին ԿԿՀ ներկայացրած 2023 թվականն ամփոփող հայտարարագրում նա նշել էր հաշվետու տարվա 14 միլիոն 443370 դրամ եկամտի մասին, որը գոյացել է ԱԺ աշխատակազմից ստացած 9 միլիոն 983 370 դրամ աշխատավարձից և «Յունիքորն Գրուպ»-ից ստացած շահաբաժնից ու վարձակալության դիմաց ստացած վճարից։
Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գուրգեն Արսենյանը նախորդ տարի օգոստոսին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր գրել։
Օրենսդիրից գործող իշխանության թիվ մեկ պաշտպանի հեռացումը նոր պաշտոնի համար էր․ հրաժարականից 10 օր հետո նա նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան, ապա ռուսատյացից ռուսասեր դառնալու կարճ ճանապարհն անցնելով` հայտարարեց․ «Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը»։