ՀՌԱՀ-ը Հանրայինին կոչ է արել կատարել պայմանագրային պարտավորությունները, իսկ այլոց իրավունքների խախտման իրավական գնահատականի համար դիմել դատարան

Հունիսի 12-ին ՀՀԿ փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը հրատապ ասուլիս էր հրավիրել, որի թեման Հանրային հեռուստաընկերության կողմից դաշինքի նախընտրական տեսահոլովակի ցուցադրությունը մերժելու փաստն էր:

«Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչը մանրամասնելով՝ տեղեկացրեց, որ դաշինքն այսօր, ինչպես որ նախատեսված է եղել ընթացակարգերով, Հանրային հեռուստաընկերություն՝ Հ1 է ներկայացրել նախընտրական քարոզչական հոլովակը՝ ինչպես մնացած բոլոր ուժերը, որոնք օգտվում են Հանրային հեռուստաընկերության տրամադրած անվճար և վճարովի եթերաժամերից, սակայն արդեն երկրորդ անգամ մերժում է ստացել.

«Հանրային հեռուստաընկերությունը հորինված պատճառներով մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը, այն հեռարձակումը, որ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է անել օրենքով, պարտավոր է անել այն պայմանագրով, որը կնքված է մեր նախընտրական շտաբի հետ, այն պայմանագրով, որի համար վճարված է ամբողջությամբ՝ ինչպես մեր քաղաքացիների մուծված հարկերից, որովհետև կար նաև անվճար եթերաժամի հնարավորություն, այնպես էլ՝ մեր նախընտրական հիմնադրամի կողմից»,- ասել էր Արմեն Աշոտյանը՝ մանրամասնելով խնդրո առարկան:

Ասուլիսից հետո Հանրային հեռուստաընկերությունը դիմել էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովիին (ՀՌԱՀ), Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) և Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ)՝ կոչ անելով պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը:

Հունիսի 13-ին ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կոնկրետ գործով մասնավոր, այն էլ՝ քաղաքական կազմակերպության նկատմամբ Պաշտպանի իրավասություն չի սահմանում: «Հետևաբար, Կառավարության հիմնադրած հեռուստաընկերությունը չի կարող նշված կոնկրետ գործով ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, քանի որ Պաշտպանի իրավասությունը կոնկրետ գործերով պետական կազմակերպությունների պաշտպանությունը չէ: Կոնկրետ դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի բողոքն ուղղված է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության դեմ, որը, ըստ դաշինքի բողոքի, գործել է հենց Կառավարության հրահանգով»,- գրել էր ՄԻՊ-ը:

Այսօր խնդրին անդրադարձել է նաև ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Վերջինս Հանրայինի հարցմանն ի պատասխան՝ գրել էր, որ թեև խրախուսելի չէ հեռարձակել բարեվարքության նորմերը խախտող որևէ արտադրանք, առավել ևս՝ նախընտրական քարոզչության շրջանում, սակայն բարձրացված խնդրի վերաբերյալ գնահատականները պետք է համապատասխանեն իրավակիրառ պրակտիկային, ինչպես նաև ՀՀ ԿԸՀ կողմից նախընտրական քարոզչության գործընթացի իրականացման, լուսաբանման վերաբերյալ տրված չափորոշիչներին:

«Ավելին, հաշվի առնելով Հանրային հեռարձակողի ու կուսակցությունների և/կամ կուսակցությունների դաշինքների միջև գործող պայմանագրային հարաբերությունները՝ կոչ եմ անում պահպանել պայմանագրային պարտավորությունները»,- մասնավորապես գրել է ՀՌԱՀ ղեկավար Տիգրան Հակոբյանը:

Վերջինս նաև նշել էր, որ այլոց իրավունքների խախտման իրավական գնահատականը պետք է տա Դատարանը, իսկ մինչ այդ պետք է շարունակել իրականացնել պայմանագրային պարտավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս