«Հանրայինը հասկացել է, որ «Տո, ա՛յ անասուն»-ը վերաբերում է Նիկոլին». Արմեն Աշոտյան
«Այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որը մենք դիտարկում ենք ոչ թե պատահականություն, այլ, իմ շարադրվելիք փաստերի լույսի ներքո, ուղղորդված քաղաքականություն, այսպես կոչված, Հանրային հեռուստաընկերության կողմից,- հրատապ հրավիրված ասուլիսում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով,- Շատ ուրախ եմ, որ հանրայինի միկրոֆոնն այստեղ է. հուսով եմ՝ ինքներդ ձեր մասին ճիշտ ռեպորտաժ կտաք»:
«Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչը մանրամասնելով՝ տեղեկացրեց, որ դաշինքն այսօր, ինչպես որ նախատեսված է եղել ընթացակարգերով, Հանրային հեռուստաընկերություն՝ Հ1 է ներկայացրել նախընտրական քարոզչական հոլովակը՝ ինչպես մնացած բոլոր ուժերը, որոնք օգտվում են Հանրային հեռուստաընկերության տրամադրած անվճար և վճարովի եթերաժամերից, սակայն արդեն երկրորդ անգամ մերժում է ստացել.
«Հանրային հեռուստաընկերությունը հորինված պատճառներով մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը, այն հեռարձակումը, որ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է անել օրենքով, պարտավոր է անել այն պայմանագրով, որը կնքված է մեր նախընտրական շտաբի հետ, այն պայմանագրով, որի համար վճարված է ամբողջությամբ՝ ինչպես մեր քաղաքացիների մուծված հարկերից, որովհետև կար նաև անվճար եթերաժամի հնարավորություն, այնպես էլ՝ մեր նախընտրական հիմնադրամի կողմից:
Ավելի մանրամասնեմ՝ ինչումն է հարցը: Մեր այսօրվա տեսահոլովակում ներառված են նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից հատվածներ, մասնավորապես, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ շուտով կազինոների մասին ստերը մտցվելու են նրա բերանը: Հանրային հեռուստաընկերության աշխատողները, ցենզորները այս հատվածը, որ ներառված է եղել մեր քարոզչության մեջ՝ կազինոների մասին ստերին ի պատասխան, մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը:
Երկրորդ պատճառը՝ այս տեսահոլովակում կար նաև հատված, որը վերաբերում էր Հայաստանի «ամենաատելի օլիգարխ Գռզոյին», որը հանգրվանել է վիժվածքի՝ որպես հինգերորդ համար դավաճանների, ուսապարկերի ցուցակում: Այդտեղ կար հետևյալ հատվածը, որ Գռզոն Հայաստանի ամենաատելի օլիգարխն է:
Եթե առաջին դրվագը Հանրայինը մերժել է իբր վիրավորանք, ապա երկրորդ դրվագը՝ մերժել է որպես զրպարտություն. Տարակուսելի է, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն դրել է Դատական իշխանության տեղ, և ինքն է որոշում՝ արդյո՞ք այս կամ այն դրվագը պարունակում է վիրավորանք, թե՞ ոչ, պարունակո՞ւմ է զրպարտություն, թե՞ ոչ, և ինքն է որոշում՝ արդյո՞ք այս կամ այն քաղաքական ուժը կարող է օգտվել իր ազատ խոսքի իրավունքից և հանրությանը հասցնել քաղաքական գնահատականներ այս կամ այն օդիոզ կերպարի մասին՝ վիժվածք վարչապետից մինչև օլիգարխ Գռզո»:
Արմեն Աշոտյանը հավելեց, որ այս դրվագը միակը չի եղել այս օրերին. Հանրային հեռուստաընկերությունը նշանակել է ինչ-որ իրավաբանի, որին «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի իրավաբանները պետք է բացատրեին, որ Հանրայինը չունի իրավունք որակելու այս կամ այն կերպ մեր քարոզչական հոլովակները.
«Ակնհայտ է անգամ պրիմիտիվ տրամաբանություն ունեցող երկոտանի կենդանու համար, որ այս գործը Դատական իշխանության գործն է, որ Հանրայինի պարտավորությունն է՝ անխափան հեռարձակել մեր տրված տեսահոլովակները, որոնց համար վճարված է իմ աշխատավարձից՝ որպես ՀՀ քաղաքացի, և նաև՝ մեր հիմնադրամի միջոցներից: Հանրայինի այս պահվածքը պարզապես զարհուրելի է՝ հատկապես, երբ հաշվի ենք առնում հետևյալ հանգամանքները՝ օլիգարխ Գռզոն իր տարաբնույթ մանկլավիկների միջոցով Հանրային վրա ունի հստակ ազդեցություն, այդ մանկլավիկները նույնպես վիժվածքի նախընտրական ցուցակում են, և իմ ունեցած տեղեկություններով՝ և՛ վիժվածք Փաշինյանը, և՛ Գռզոյի մանկլավիկները ճնշում են գործադրել Հանրային հեռուստաընկերության վրա, որպեսզի և՛ Փաշինյանին, և՛ Գռզոյին վերաբերող հատվածները եթեր չգնան:
Հանրային հեռուստաընկերությունը, քիչ է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում վերածվել է «ազեր թիվի»-ի, հիմա նաև օլիգարխ թիվի է աշխատում՝ «գռզո թիվի» է աշխատում, և ընտրողաբար խափանում է քաղաքական ուժերի, այս դեպքում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը և ազատ խոսքի իրավունքը:
Դրանից մի օր առաջ՝ երեկ, նմանատիպ մի պատրվակով մեզ խնդրել էին փոխել տեսահոլովակը, որովհետև նախագահ Սարգսյանը տեսահոլովակում ասում է՝ «անասուն», «Տո, ա՛յ անասուն». չի ասում՝ ում է ասում, չի ասում՝ Նիկո՛լ, ա՛յ անասուն: Հետաքրքիր է, որ Հանրայինը հասկացել է, որ դա վերաբերում է Նիկոլին, թեպետ Նիկոլի անունը չկար, և նախագահը գուցե այլ անասունի նկատի ուներ (ցավոք սրտի, անասուները քիչ չեն մեր այսօրվա իրականության մեջ): Այնուհանդերձ, երեկ Հանրային Հեռուստաընկերությունը մեր առջև նորից ստեղծեց խոչընդոտ, և մենք, չուզենալով սրել իրավիճակը, գնացինք զիջման՝ համաձայնելով, որ տեսահոլովակում «անասուն» բառը կտրվի»:
«Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչը նկատեց, որ սա գնահատում են քարոզարշավի նկամամբ ընտրողական, խտրական մոտեցում, ազատ խոսքի իրավունքի ոտնահարում, օլիգարխոկրատիայի դրսևորում, հակաժողովրդավարական և հակապետական քաղաքականության իրականացում՝ նշելով, որ տեղի ունեցողը չեն հանդուրժելու.
«Այսօր շտաբը հրավիրել է նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, և ես շնորհակալ եմ, որ նրանք օպերատիվ կերպով արձագանքել են. երբ ստանանք այսօրվա միջադեպի գրավոր բացատրությունը, դաշինքը քննարկելու է դատարան դիմելու հեռանկարները և հնարավորությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում