Բացառիկ հարցազրույց Երևանից Փարիզ. իլյուստրատոր Քամիլ Վիթը՝ արվեստի, հումորի և իր քաղաքի մասին
Նստել տանը՝ Երևանում, բայց հայտնվել Փարիզում: Զբոսնել Մոնմարտր փողոցում, այցելել տեղի մի որևէ սրճարան, դիտել ոճային փարիզուհիներին, լսել նրանց հումորները և բացահայտել այն, ինչ թաքնված է սիրո քաղաքում, ինձ օգնեց իլյուստրատոր Քամիլ Վիթը:
– Որպես սկիզբ՝ ինչպե՞ս ես սկսել նկարել:
– Երբ ես երեխա էի, արվեստի դասընթացի էի մասնակցում չորեքշաբթի օրերին՝ կեսօրին, քանի որ Ֆրանսիայում այդ օրը երեխաները դպրոց չեն հաճախում, ուստի ծնողներս ցանկանում էին, որպեսզի ես ինչ-որ զբաղմունք ունենամ: Ինձ դուր էր գալիս ստեղծագործելու այդ ժամանակը: Այնուհետև ավագ դպրոցում ես ընտրեցի արվեստը՝ որպես մասնագիտություն, նախքան կսկսեի սովորել արվեստի դպրոցում:
– Արտիստի վրա, ենթադրում եմ, միջավայրը մեծ ազդեցություն ունի: Ինչպիսի՞ն են քո և Փարիզի հարաբերությունները:
– Ես սիրում եմ Փարիզը: Ես այստեղ եմ ծնվել և մեծացել, և այն միշտ ոգեշնչանք է եղել ինձ համար: Ես սիրում եմ ջրաներկով նկարել սրճարանները. կարծում եմ՝ ինչ-որ յուրահատուկ բան կա փարիզյան սննդի կետերում՝ փոքր թաքնված վայր քաղաքում: Այնտեղ մթնոլորտ կա, որից ես երբեք չեմ հոգնի:
– Կարծում ես՝ քո իլյուստրացիաներն իլյուստրացնո՞ւմ են քեզ ինչ-որ կերպ:
– Իհարկե: Ես հաճախ ներկայացնում եմ ինքս ինձ, զվարճալի իրավիճակներ՝ պարզապես պատմությամբ կիսվելու համար: Սա միջոց է՝ ներկայացնելու ինձ կամ փորձառությունը, որը ես ունեցել եմ:
– Ֆրանսիայում ինչպե՞ս է լինել կին արտիստ, խտրականությունների բախվո՞ւմ ես:
– Կարծում եմ՝ Ֆրանսիայում արվեստի աշխարհում կան խտրականություններ կանանց նկատմամբ, բայց անկեղծ ասած՝ ես մեծացել եմ արտոնյալ աշխարհում. ծնողներս միշտ աջակցել են ինձ, ես միշտ ունեցել եմ իմ ուզած ուսումը ստանալու հնարավորություն, և արվեստի դպրոցում, ուր ես սովորում էի, կանայք ավելի շատ էին, քան տղամարդիկ:
Բացի այդ, քանի որ ես շատ եմ աշխատում Ինստագրամում, և ոչ այնքան՝ պատկերասրահներում, այն ավելի միայնակ ճանապարհ է, ուստի ես իրականում խտրականությունների չեմ բախվում:
– Ի՞նչ ես կարծում, քո արվեստը հրավիրո՞ւմ է մարդկանց դիտելու աշխարհը հատուկ կերպ:
– Ոչ հատուկ, այլ իմ ձևով (ծիծաղում է.- Ա.Գ.): Չգիտեմ՝ այն տարբերվո՞ւմ է, թե՞ ոչ, բայց ես սիրում եմ հումոր, գույներ ու դրական ալիքներ հաղորդել:
– Տպավորություն ունեմ, որ արտիստ լինելը շատ ավելին է, քան պարզապես մասնագիտություն ունենալը: Դո՞ւ ինչ կարծիքի ես:
– Իհարկե: Այն ամեն օր է: Ես չեմ կարող դադարեցնել աշխատանքը երեկոյան 7-ին, գնալ տուն և ավարտել օրս: Ես աշխատում եմ ուշ գիշերվա ընթացքում, եթե ոգեշնչված եմ, ես աշխատում եմ հանգստյան օրերին, տոներին: Այն ավելի շատ ապրելակերպ է:
– Ինձ դուր է գալիս նաև քո ոճը: Ոճի զգացումը բնակա՞ն բան է, թե՞ այլ բանից է կախված:
– Շնորհակալ եմ: Կարծում եմ՝ երկուսն էլ կարող է լինել. այն բնական է ստացվում որոշ մարդկանց մոտ, և ոմանց մոտ այն ի հայտ է գալիս ոգեշնչումից:
– Եթե մարդիկ հետ նայեին արվեստի պատմությանն այս պահին, ի՞նչ կուզեիր, որ ասեին քո մասին:
– Հուսով եմ՝ նրանք կասեն, որ ես հաղորդում եմ գույներ և հումոր, երջանկություն և քաղցրություն: Միգուցե սա այն է, ինչ ես ցանկանում եմ ներկայացնել. ես ուզում եմ լինել դրական ինչ-որ բան և ինչ-որ մեկը մարդկանց համար (ժպտում է.- Ա.Գ.):
Զրույցը՝ Անի Գաբուզյանի
Լուսանկարները՝ Քամիլ Վիթի ինստագրամյան էջից