«Լավ է, որ Առաջին նախագահը տեսնում է՝ ինչ չարիք է բերել մեր երկրին, բայց նա անկեղծ չէ». Հայկ Խալաթյան
«Եթե դուք էլեմենտար հարցեր չեք կարողանում լուծել՝ չեք կարողանում պետության սահմանները պաշտպանել, հետո դիմում ենք ընդդիմությանը, ասում եք՝ մի քաղաքականացրե՞ք, հասարակության ուշադրությունը մի հրավիրեք նրա վրա, որ ապաշնո՞րհ է այս իշխանությունը: Դա անհեթեթ է: Մարդիկ չենք կարողանում հարց լուծել, 200 զինվոր մտնում է ՀՀ տարածք, վազում են՝ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին խնդրում են, ասում են՝ եկեք, մեր տեղը հարցը լուծեք, հետո հակառուսական ալիք է բարձրանում, թե ինչու հարցը չի լուծվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
Նա նկատեց՝ ադրբեջանցի զինվորները մտել են ՀՀ տարածք, հայկական կողմը չի կրակում, բանակցություններ է վարում և կանչում է ռուսներին, հետևաբար, ըստ Խալաթյանի՝ պետք չէ ակնկալել, որ ռուսները գալու են և սկսեն կրակել. «Ես համոզված եմ՝ եթե պատերազմական խնդիր լինի, Ռուսաստանը մեզ օգնություն ցույց կտա, բայց եկեք մյուս կողմն էլ հասկանանք՝ Ռուսաստանն էլ է ուզում այդ ճանապարհը լինի, Ռուսաստանը ուզում է իր ազդեցությունն ուժեղացնել Ադրբեջանում, դրա համար նա երբեք Ադրբեջանի դեմ առաջինը կտրուկ քայլերի չի գնա: Եթե այդ պահը գա ընտրության, ապա ընտրությունը կլինի հայկական կողմի օգտին, բայց նույնիսկ մենք այդ ընտրության առջև ռուսական կողմին չենք կանգնեցնում, և հետո նեղանում ենք, որ ռուսները չեն անում այն, ինչ ինքներս պետք է անեինք: Մեր իշխանություններն ասում են՝ մենք չենք կրակում, որովհետև նրանք չեն կրակում. Հիմա ինչ՝ վաղը կարող է մի 200-300 ադրբեջանցի զինվոր առանց կրակելու հասնի Երևա՞ն, կարևորը՝ չկրակեն, ու հասնեն Երևա՞ն: Իշխանությունները չեն կարողանում անգամ պարզագույն հարցեր լուծել և ամբողջ մեղքը փորձում են բարդել ընդդիմության վրա»:
Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ռազմաքաղաքական իրադրությունը ամսի 12-ից հետո անփոփոխ է, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ պետք է շարունակեն գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները և աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ. «Պետք է գործարկել և քաղաքական միջոցներով կարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը: Եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները»:
Հայկ Խալաթյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական մեխանիզմներ կկիրառի:
«Բարդ է, որովհետև դա կախված է մեզանից, մենք որոշ չափով այդ ժամանակը կորցրել ենք, որովհետև եթե առաջին օրը պատասխանեինք, ՀԱՊԿ-ը ստիպված կլիներ այլ կերպ մոտենալ այդ հարցին, բայց երբ դու բանակցում ես, այս բանակցությունները կարող են ամիսներ տևել: Նույն կոնսուլտացիաների մեխանիզմների կետը, որով մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, այնտեղ էլ չի ենթադրում միանգամից պատասխան: Եթե մենք դիմեինք, որ մեր դեմ ագրեսիա է եղել, մենք մարտական գործողությունների մեջ ենք, օգնության կարիք ունենք, այդ ժամանակ ՀԱՊԿ-ը, այսինքն՝ հիմնականում Ռուսաստանը, այլ կերպ կարձագանքեր: Ցավոք, եթե դու առաջին օրը չկրակեցիր, գնացիր բանակցությունների, դու ստիպված ես լինելու մի բան տալ ադրբեջանական կողմին, որ նա առանց կռվի թողնի հեռանա: Ի՞նչ կարող է ադրբեջանական կողմը ուզել՝ ճանապարհները բացվեն Սյունիքով դեպի Նախիջևան: Եթե, Աստված չանի՝ այդպես լինի, Ալիևը գնալու է՝ իր հասարակությանն ասի՝ հիշո՞ւմ եք՝ ես ասացի, որ ուժով կպարտադրեմ Հայաստանին այդ միջանցքը բացել»,- ի պատասխան՝ ասաց քաղաքական մեկնաբանը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից միասին ընտրությունների գնալու իր առաջարկը մերժելը նշանակում է, որ Քոչարյանն առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով: Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է նաև, որ իր թիրախում լինելու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև Ռոբերտ Քոչարյանը:
Հարցին՝ որքանո՞վ էր անկեղծ Տեր-Պետրոսյանը, երբ Երկրորդ և Երրորդ նախագահներին առաջարկել էր միասին մասնակցել ընտրություններին և պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, Հայկ Խալաթյանը պատասխանեց. «Բարդ հարց է. մի կողմից, իհարկե, լավ է, որ Առաջին նախագահը տեսնում է՝ ինչ չարիք է բերել մեր երկրին՝ ժամանակին իր թիմում ներգրավելով Նիկոլ Փաշինյանին, նրան սարքելով հայտնի, բայց մյուս կողմից էլ՝ նա անկեղծ չէ, որովհետև վերջին տարիներին բոլորիս համար ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում առաջամարտիկը Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, և հիմա էլ ամենամեծ հնարավորությունները հաղթելու ունի նա: Հետևաբար, չունենալով Փաշինյանին հաղթելու ռեսուրսներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է մյուսներին՝ եկեք, դուք էլ մի մասնակցեք: Հարց՝ ո՞վ է գլխավորելու ցուցակը, ի՞նչ հայտնի դեմք է լինելու, որը կարող է մրցել Փաշինյանի հետ, եթե իր առաջարկով 3 նախագահներից ոչ ոք պետք է չլինի, ո՞նց է տեսնում հաղթանակը: Այ, եթե նա առաջարկեր, որ բոլորով միավորվեն, և որոշվեր, թե ով իրենց միջից ամենամեծ հնարավորությունն ունի հաղթանակի, դա ավելի ճիշտ մոտեցում կլիներ, բայց այս պարագայում, հասկանալով, որ հաղթանակի ամենամեծ պոտենցիալն ունի Ռոբերտ Քոչարյանը՝ նրան ասել՝ մի մասնակցի, դա ճիշտ չէ»:
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հույսն այն է, որ կարող է այլընտրանք լինել Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին, բայց ընտրությունները, ըստ նրա լինելու են Ռոբերտ Քոչարյան-Նիկոլ Փաշինյան հակամարտություն. «Այն ուժերը, որոնք հավակնում են այլընտրանք լինել, նրանց մեծ հիասթափություն է սպասվելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում