Փաշինյանի՝ իրականություն չդարձած ճանապարհային քարտեզը
Պարտությունից, կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից օրեր անց՝ 2020թ․ նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հասարակության ընդվզումը ու բողոքի ակցիաների ալիքը «մարելու» նպատակով՝ ներկայացրեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որում նշած միջոցառումների իրագործումը «անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը», ըստ Փաշինյանի, տևելու էր 6 ամիս:
Վերջնաժամկետին մնացել է մոտ 20 օր, բայց 15 կետերի իրականացումը, այսօրվա դրությամբ, մոտ չէ «անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա» դրվելուն:
Ճանապարհային քարտեզի 1-ին կետով Փաշինյանը խոստացել էր․
Խոստում-1․ «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ»:
44-օրյա պատերազմի ավարտից անցել է մոտ 6 ամիս, ԵԱՀԿ խմբի համանախագահների ձևաչափով որևէ հանդիպում չի գրանցվել, Մինսկի խմբի երկու՝ ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահները դեկտեմբերին այցելել էին տարածաշրջան, սակայն դժվար է այդ այցը չորակել ձևաչափի դեմ վտանգավոր դեմարշ:
Համանախագաները նախ եղել էին Ադրբեջանում, այցի մեկնարկին Իլհամ Ալիևը հայտնել էր, թե Ադրբեջան գնալը եղել է Մինսկի խմբի գաղափարը.
«Ես Մինսկի խմբին այցով չեմ հրավիրել, բայց երբ ինձ տեղեկացրեցին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Միգուցե նրանք ունեն ինձ ասելու բան: Եթե ցանկանում եք ինչ-որ բան ասել, ասեք տեսախցիկների առաջ: Եթե ոչ, ապա ես կխնդրեմ նրանց գնալ: Լսում եմ ձեզ»:
Համանախագահները իրենց ելույթներում նշել էին, թե պատրաստ են վերանայել իրենց աշխատանքը: Ապա Հայաստան այցի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ-ին ուղղված մեկ այլ հարված էր ԱՀ նախագահի մերժումը՝ հանդիպել համանախագահներին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է, որ նախաձեռնությունը հայկական կողմինն է եղել:
«Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հաշվի է առնվել այն փաստը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասել էր նա։
Արձանագրենք, որ այս խոստումն իրականացված չէ։
Խոստում-2․ Ճանապարհային քարտեզի 2-րդ կետով նախատեսվում էր․«Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում»:
Պատերազմի հետևանքով Արցախից հեռացել էր ընդհանուր առմամբ 100.000 քաղաքացի, 31.000-ը մնացել էր անօթևան: Դեռ 2020թ․ դեկտեմբերին, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի խոսքով՝ 29.000 արցախցի պարզապես չի շտապում վերադառնալ, քանի որ կորցրել են տուն, փոխհատուցում, կացարան են ուզում: Հրապարակված վերջին տեղեկության համաձայն (2021թ․ փետրվարի 12)՝ 2020 թ. նոյեմբերի 14-ից ընդհանուր առմամբ Արցախ էր վերադարձել 52 հազար 447 մարդ։
Այսպիսով՝ այս խոստումը ևս իրականացված չէ։
Խոստում-3․ Ճանապարհային քարտեզի 3-րդ կետով նախատեսվում էր «զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»:
Թեև կառավարության գրեթե բոլոր նիստերում Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ քայլեր են ձեռնարկվում, սակայն պետք է պարզապես այցելել զոհված զինծառայողների ու քաղաքացիների ընտանիքներ, մի քանի հարց տալ նրանց՝ պետությունից ստացած «աջակցության» մասին, ու հնարավոր կլինի աչքերի առաջ ունենալ պատասխանն այն հարցի, թե ինչ սոցիալական երաշխիքներ ունեն այդ ընտանիքները:
Այս խոստումը ևս չի իրականացվել։
Խոստում-4․ Քարտեզի 4-րդ կետը վերաբերում էր «պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների» վերականգնմանը:
44-օրյա պատերազմի ընթացքում բնակելի տների վնասման տեսանկյունից առավել տուժել էին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ, Շուռնուխ համայնքները, Վարդենիսի մի քանի համայնք: 2020թ․ նոյեմբերի 6-ին Դավիթ Բեկի վարչական ղեկավարը 168.am-ին փոխանցել էր, թե մոտ 40 շենքի ու անասնագոմի պատուհաններ վնասված են: Շուռնուխից Ադրբեջանին անցած 12 տան մասին շատերը գիտեն:
Մարդիկ հավանաբար կհիշեն իշխանության պնդումները, թե պատրաստվում են մի օր սկսել 12 տան կառուցում, ու Գորիսի համայնքապետարանի պնդումները, որ այդ տները կառուցում է ոչ թե կառավարությունը, այլ՝ բարեգործները: Իսկ գուցե ճանապարհային քարտեզի 4-րդ կետի իրականացումը ի սկզբանե պետք է քաղաքացիներն ու բարեգործնե՞րն իրենց միջոցներով անեին: Անկախ այս մանիպուլյատիվ հայտարարություններից՝ այս խոստումը ևս իրականացված չէ։
Խոստում-5․ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի 5-րդ կետով նախատեսվում էր «հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում»: Հունվարի 21-ին Տիգրան Ավինյանը հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրել: Հաշմանդամություն ստացած զինծառայողներին առնչվող հարցի վերաբերյալ վերջին հրապարածված տեղեկությունն ապրիլի 6-ին է եղել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված հոդվածում ասված է, որ Կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մի շարք բարեգործական կազմակերպությունների ու անհատների գործակցությամբ տրամադրվելու է 2 մլրդ 357 մլն ՀՀ դրամ, ստորին վերջույթների անդամահատում ունեցող 54 անձանց արդեն իսկ տրամադրվել է 59 բուժամարզական պրոթեզ, իսկ 15 անձի համար իրականացվելու է ձեռքի բազմաֆունկցիոնալ միոպրոթեզավորում (իսլանդական «Össur-Island» ընկերության ֆունկցիոնալ «Ilimb» պրոթեզների միջոցով):
Այս խոստումը ևս իրականացված չէ։
Խոստում-6․Փաշինյանի ճանապարհային քարտեզի 6-րդ կետը, թերևս, ամենակարևորն է հայ հանրության համար: Այն վերաբերում է գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց «շուտափույթ վերադարձին» ու անհետ կորածների ճակատագրերի «շուտափույթ պարզաբանմանը»: Այդ կետով նախատեսվում է նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
Պատերազմից մոտ 6 ամիս անց գործող կառավարության կողմից չի տրվել պաշտոնական տեղեկություն գերիների թվի, անհետ կորածների մասին: Իշխանության որոշ ներկայացուցիչներ գերիների վերադարձի հարցը դիտարկում են միայն Ռուսաստանի իշխանության գործունեության տիրույթում, մյուսներն էլ նշում են, թե դեռ 6 ամիսը չի լրացել, ու գուցե այս օրերին այդ հարցը կարգավորվի: Իսկ մինչ այդ գերիների ու անհետ կորածների հարազատները, թերևս, ամենալավը կպատասխանեն այն հարցին, թե քանի ժամից է կազմված իրենց ամեն օրը, ու ամեն մի օր սպասելն ինչ է տալիս իրենց ու ինչ է իրենցից խլում:
Այս խոստումը ևս իրականացված չէ։
Խոստում-7․ Քարտեզի 7-րդ կետով նախատեսվում է «պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում»: Այս խոստումն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ պատերազմի, այն էլ՝ նման մեծաթիվ զոհերի, վիրավորների, հակառակորդի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ մինչև օրս շարունակվող ոտնձգությունների պարագայում հասարակությունը ոչ միայն այս ամիսներին թոթափում է հոգեբանական խնդիրները, այլև դրանք օր օրի ավելանում են։ Արձանագրենք՝ այս խոստումը ևս չի իրականացվել։
Խոստում-8․ Քարտեզի 8-րդ կետով նախատեսվող՝ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման և բարեփոխումների մեկնարկի» մասին իշխանության ներկայացուցիչներն իրենց խոսքում երբեմն հիշատակում են, բայց ոչ մի հստակ բան հայտնի չէ: Փաշինյանն օրեր առաջ խոսել էր զինվորական ծառայությունը գրավիչ դարձնելու, պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը էապես կրճատելու, 5 տարի մեկ 2-3-ամսյա ծառայության մասին, գործողություններ դեռ չեն նկատվում:
Մի կողմ թողնելով այս «առաջարկ գաղափարների» բացասական հետևանքների ու վտանգների մասին մասնագիտական քննադատությունները, այն բարեփոխո՞ւմ, թե՞ հայկական բանակի վերջնական ոչնչացման ծրագիր է, արձանագրենք, որ Փաշինյանն ամիսներ անց կրկին խոսում է ինչ-որ անելիքների մասին, բայց ոչ իրականացված աշխատանքների։
Այս խոստումը 5 ամիս անց կրկին իրականացված չէ։
Խոստում-9․ Փաշինյանի ճանապարհային քարտեզի 9-րդ կետը միտված էր կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը ու դրա հետևանքների վերացմանը: Այս կետի ձախողումն արձանագրելու համար, թերևս, կարելի է անդրադառնալ՝ զուտ թվեր հիշատակելով։ 2020թ․ նոյեմբերի 19-ի դրությամբ, այսինքն՝ Ճանապարհային քարտեզի հրապարակման հաջորդ օրը, Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը եղել է 2348, իսկ 2021թ․ ապրիլի 29-ի տվյալներով՝ մահացությունների ընդհանուր թիվը 5100 է։ Այսինքն՝ անցած 5.5 ամիսների ընթացքում մահացել է 2752 քաղաքացի։ Հետևությունները թողնում ենք ընթերցողին։
Եվս մեկ դիտարկում․ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ երեկ հայտնել է, թե Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված։
Այս խոստումը ևս չի իրականացվել։
Խոստում-10․ Ճանապարհային քարտեզի 10-րդ կետը նախատեսում է տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում: Հայաստանում այսօր ամեն քայլի կարելի է հանդիպել թանկացումների, որը, ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, անխուսափելի է, ու կարելի է ամեն շաբաթ լսել հենց նույն նախարարի պնդումները, թե 3-4 միլիարդի ներդրողներ կան ամեն օր, ուղղակի հարկ չեն համարում դրա մասին բարձրաձայնել։ Այդպես էլ մինչ օրս գոնե մեկ ներդրող հայտնի չէ։
Ավելին՝ հենց պաշտոնական՝ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2 %-ով։
Այնպես որ՝ որքան էլ իշխանությունները փորձեն ՀԴՄ-ների թվերի միջոցով համոզել, թե տնտեսությունը վերականգնվում է, միևնույն է՝ դրանից ոչինչ չի փոխվում․ տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ։ Շարքային քաղաքացին դրա հետևանքներն իր վրա զգում է ամեն օր՝ թանկացումների բախվելով…
Այս խոստումը ևս չի իրականացվել։
Խոստում-11․ «Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացումը» Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին ներկայացրած ճանապարհային քարտեզի 11-րդ կետն է: Օրեր առաջ՝ ապրիլի 23-ին, Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Ժողովրդավարական իրավիճակի բարելավման խորհրդի նիստ։
Տարածած հաղորդագրությամբ ասված է, թե ներկայումս առավել առաջնահերթ են դարձել ծնելիության բարձրացման, կյանքի տևողության երկարացման և ամուսնությունների թվի ավելացման հարցերը: Ըստ տարածած հաղորդագրության՝ 2019-ից մշակվել ու կյանքի են կոչվել ծնելիության խրախուսմանը, երիտասարդ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը և բնակարանային ապահովությանը միտված փաթեթներ: Ճանապարհային քարտեզի այս կետը միգուցե ավելի վա՞ղ էին «դրել ռելսերի վրա»: Այս ուղղությամբ իրականացված որևէ քայլ հայտնի չէ։ Ծնելիությունը նվազել է, արտագաղթն ու մահացությունները՝ ավելացել։
Այնպես որ, այս խոստումը ևս չի իրականացվել։
Խոստում-12․ 2020թ․ նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի 12-րդ կետով նախատեսված էր «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում»: Առաջին մասն իշխանությունը «հաջողությամբ» իրականացրել է:
Ապրիլի 1-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի և Համազասպ Դանիելյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով իշխանությունը հրաժարվեց ռեյտինգային ընտրակարգից և պատրաստվում է ընտրության գնալ համամասնական ընտրակարգով:
Կուսակցությունների մասին նոր օրենքը մինչ այս պահը չի ընդունվել: Սա, թերևս, այն հարցերից է, որը կարող է այս իշխանությունը մեկ օրում իրականացնել: Չէ՞ որ իշխանությունը մեկ օրում նախագծեր ներկայացնելու և ընդունելու բազմաթիվ փորձեր ունի: Համարենք իրականացված։
Խոստում-13․ Ճանապարհային քարտեզի 13-րդ կետով նախատեսված է «մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ»:
Ինչ վերաբերում է խոստման առաջին հատվածին՝ մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրմանը՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ, ապա մինչ օրս այս մասով ոչ մի քայլ իրականացված չէ:
Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հատվածին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կիրարկելուն, ապա 2020թ․ դեկտեմբերի 2-ի Դատախազության հաղորդագրության համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսվել:
Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այս ուղղությամբ դատախազությունը սկսել էր աշխատանքը Փաշինյանի «գծած» ճանապարհային քարտեզից 3 ամիս առաջ՝ 2020թ․ օգոստոսին: Այլ տեղեկություններ՝ այդ գործընթացների վերաբերյալ, չկան: Ինչևէ, խոստումն իրականացված չէ։
Խոստում-14․ Փաշինյանի ճանապարհային քարտեզի 14-րդ կետը միտված էր հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացմանը: Այս կետի «իրագործման» վառ ապացույց է իշխող ուժի կողմից ցանկացած նախագիծ կյանքի կոչելուց հետո ոլորտի ներկայացուցիչների ու շահագրգիռ անձանց զարմանքը ու պնդումները, որ մինչ նախագծի ընդունումն իրենց հետ իշխողները որևէ քննարկում չեն ունեցել:
Այնպես որ՝ արձանագրենք, որ այս խոստումը ևս իրականացված չէ։
Խոստում-15․ 2020թ․ նոյեմբերի 18-ի քարտեզի վերջին՝ 15-րդ կետը վերաբերում է սփյուռքին, սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացմանը, հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:
Փաշինյանը հավանաբար ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ այն սփյուռքի հետ, որի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ուղարկած գումարների հասցեներն այսօր էլ հայտնի չեն։ Այն սփյուռքի հետ, որի ներկայացուցիչներն իր ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի հետևանքով գլուխները կախ են քայլում այլ երկրներում: