Իշխանությունը փոխեց Ընտրական օրենսգիրքը
Ազգային ժողովն այսօր նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի և Համազասպ Դանիելյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով իշխանությունը հրաժարվեց ռեյտինգային ընտրակարգից և պատրաստվում է ընտրության գնալ համամասնական ընտրակարգով:
«Փակ համամասնական, փակ ցուցակների դեպքում առաջին դեմքերի կամ կուսակցությունների առաջին դեմքերի մրցակցությունը քաղաքագիտական կանոն է, և այստեղ որևէ մտահոգություն չի կարող լինել առ այն, որ առաջին դեմքերի մրցակցություն է: Հակառակը՝ անոմալիան այն է, որ տարածքային ընտրակարգերի լիստերի դեպքում, ցանկերի, ցուցակների դեպքում ընտրությունը տեղական բիզնես մարդկանց կամ այլ ապաքաղաքական շրջանակների միջև ռեսուրսների պայքարի մասին է»,- քվեարկությունից առաջ ասաց նախագծի հարակից զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 82 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ:
Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, նախագծի երկրորդ ընթերցման քվեարկությանը ևս չեն մասնակցել: ԲՀԿ-ն առհասարակ ներկա չէր եղել նաև այսօրվա արտահերթ նիստին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 83 կողմ (պատգամավորներից երկուսի խոսքով, ինչպես հաճախ գործող իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ է պատահում, կոճակը չէր աշխատել), 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ: