«Ամենաուժեղ հրետակոծությունը տեղի ունեցավ ամսի 2-ին». Դավիթ Բեկի վարչական ղեկավար

Նոյեմբերի 2-ին ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային կրակ էր արձակել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ու Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով 1 քաղաքացիական անձ զոհվել էր, ևս 2-ը՝ վիրավորվել էին:

Դավիթ Բեկ բնակավայրի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այժմ իրավիճակը բնակավայրում հանդարտ է:

«Այս պահին նորմալ է: 3 օր ա՝ հանգիստ վիճակ ա ստեղ: Արտակարգ դեպքեր չկա, չի եղել: Ամենաուժեղ հրետակոծությունը տեղի ունեցավ ամսի 2-ին: Վերջի 3 օրն էլ թեթև կրակոցներ են, էլի: Լարված ա, բայց կրակոց չկա, գյուղի վրա չեն կրակում»,- ասաց նա:

Բենիամին Պողոսյանը նշեց, որ նոյեմբերի 2-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով վիրավորված 2 քաղաքացիական անձն էլ թեթև վիրավորումներ են ստացել:

Անդրադառնալով հրետակոծության հետևանքով բնակավայրի ստացած նյութական կորուստներին՝ Բենիամին Պողոսյանը նշեց.

«Հիմնականում շենքերի պատուհաններն ա ջարդված, մի 40 շենքի՝ անասնագոմեր, շենքեր: Գերեզմանոցն ա վնասված: Մեքենաներ, մի 7 հատ մեքենա ա վնասված»:

Դավիթ Բեկի բնակիչների շրջանում, վարչական ղեկավարի վստահ խոսքով, անհանգստություն, խուճապ բնավ չկա:

«Մարդիկ նորմալ են, որովհետև էս գյուղի ժողովուրդը 90-ականներին էլ պատերազմ ա տեսել, սովորական, հաղթական ենք, ո՞նց ասեմ, մարտական: Խուճապ չկա: Հաստատ խուճապ չկա էստեղ»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:

Այս պահին համայնքի բոլոր տղամարդիկ, Բ. Պողոսյանի փոխանցմամբ, ինքնապաշտպանական ջոկատներ են  կազմում և իրականացնում են իրենց առաքելությունը:

Գյուղում այս պահին դադարեցված են աշնանային գյուղատնտեսական աշխատանքները: Դա էլ հավանաբար կշարունակեն, երբ խաղաղություն հաստատվի:

«Չենք կարա կատարենք, մնացել ա, դաշտերը չենք ցանել: Չենք կարա ցանենք, ի վիճակի չենք»,- նշեց համայնքի վարչական ղեկավարը:

Հիշեցնենք՝ Դավիթ Բեկում հակառակորդի հրետակոծման հետևանքով 1 մարդու մահվան, ևս 2-ի վիրավորվելու դեպքի առիթով Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Իսկ  ՄԻՊ Արման Թաթոյանը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ արտահերթ զեկույց է պատրաստել, որում արձանագրել է, որ «Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար», արձանագրվել են այդ հարձակումներով «նրանց կյանքի, առողջության, սեփականության և այլ  իրավունքների կոպիտ խախտումներ»:

Տեսանյութեր

Լրահոս