
Կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ:
Հրավիրված ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ օրական կտրվածքում դեռ հանրապետությունում գրանցվում է կորոնավիուսով վարակվելու 800-1000 դեպք, մահերի թիվը օրական 10-ից ավելի է:
«Վիրուսի վերարտադրողության ցուցանիշը 1-ի շրջանակում է, իսկ դա նշանակում է, որ վարակի տարածվածության ընդհանուր միտումն առաջիկայում կպահպանվի: Թեպետ, ասեմ, որ հարաբերական կայուն վիճակից մի փոքր նվազում է նկատվում»,- ասաց Գայանե Սահակյանը:
Հիվանդանոցները շարունակում են գերծանրաբեռնված աշխատել: Մեծ թվով բուժհաստատություններ վերապրոֆիլավորվել են՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնություն ցուցաբերելու համար: Եթե կտրուկ շրջադարձ լինի, և նորից դեպքերի թիվը շատանա, ապա, ըստ Գայանե Սահակյանի, պետք է ավելացվի վերապրոֆիլավորված բուժհաստատությունների թիվը: