Ռուսաստանը դեմ չէ՞ քննարկել Արցախի կարգավիճակի հարցը

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը պայմանավորվել են Արցախյան հարցի կարգավորման գործընթացում կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալ:

Նախագահական հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ջանքերը Ղարաբաղյան կարգավորման շուրջ: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, այդ նախաձեռնությունների մասին հայտնի կդառնա առաջիկա օրերին: Օրերս էլ Հայկական հարցը սկսեց աշխարհում ակտիվորեն շրջանառվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանության ճանաչումից հետո, որը, ըստ փորձագետների, ուղղված է Էրդողանի հետ խնդիրների կարգավորմանը և, մասնավորապես, Ղարաբաղյան հարցում ամերիկյան ներգրավման վերականգնմանը: Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկման հնարավորությունները չափազանց փոքր էին, հաշվի առնելով ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներն ու արևմտյան միջնորդների անտարբերությունը հետպատերազմյան աշխարհաքաղաքական դասավորության վերաբերյալ:

Դժվար չէ հիշել, թե ինչպիսի անհաջող այց ունեցան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան՝ պատերազմից անմիջապես հետո՝ դեկտեմբերի կեսերին, որին չէր մասնակցում ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Ադրբեջանում համանախագահներին բավականին սուր և ոչ դիվանագիտական ձևակերպումներով էին ընդունել, իսկ Արայիկ Հարությունյանը նույնիսկ չէր ընդունել համանախագահներին՝ դա պատճառաբանելով ռուս համանախագահի բացակայությամբ: Վերջին ամիսների ընթացքում համանախագահները հանդես են եկել երկու հայտարարությամբ, որոնցից մեկը՝ ապրիլի կեսերին, որում նրանք ողջունում էին զոհերի աճյունների վերադարձը, հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության և կյանքի համարժեք պայմանների տրամադրման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը:
Նրանք կոչ էին արել հատուկ ուշադրություն դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա, խորհուրդ տալով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:

Դրան զուգահեռ՝ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը ևս տարբեր մակարդակներով սկսեց խոսել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը վերականգնելու անհրաժեշտության մասին: ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև պարբերական հանդիպումների պրակտիկան կարող է վերականգնվել, ինչը շոշափելի միջազգային արձագանք կստանար: Իր հերթին՝ Իլհամ Ալիևն ասել էր, թե սպասում է ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկների: Նա նշել էր, որ այդ խմբի գործունեության համար որոշ ոլորտներ տեսնում է, բացառությամբ հակամարտության կարգավորմանը, քանի որ, նրա խոսքով, հակամարտությունը կարգավորված է:

Բացի լոկալ հետպատերազմյան իրողություններից, ինտենսիվ աշխարհաքաղաքական պրոցեսներ են ընթանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շուրջ, որոնցում առանցքային դերակատարություն ունեն Արևմուտքն ու ԱՄՆ նոր վարչակարգը, և որոնցում հայկական հարցերը վերածվել են աշխարհաքաղաքական դիմակայության ու մրցակցության գործիքների:

«168 Ժամ»-ի հետ զրույցում գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ Միացյալ Նահանգները փորձում է հիմքեր ստեղծել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերսկսման և Ղարաբաղի կարգավիճակի հարցն ակտիվ քննարկումների օրակարգ բերելու համար: Ըստ նրա, հաշվի առնելով այն, թե ինչ ազդեցություն ունի Թուրքիան Ադրբեջանի համար և ինչ ազդեցություն ունեցավ վերջին պատերազմի ընթացքում, Թուրքիան առանցքային հարց է այս ամենում, որի նկատմամբ ճնշումով ԱՄՆ-ը լուծում է մի քանի հարց, որոնցից միայն մեկը՝ Ղարաբաղյան բանակցային հարցի ուղղությամբ:

Նրա կարծիքով, կա գլոբալ համաձայնություն՝ վերսկսել բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ներքո, քանի որ Ռուսաստանը ևս առանց Արևմուտքի և առանց հավասարակշռված Մինսկի խմբի՝ կորցնում է լիակատար վերահսկողությունը գործընթացի նկատմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ տեղակայել է խաղաղապահ առաքելություն:

«Թուրքիայի ազդեցությունը խնդիրներ է ստեղծում (այդ թվում՝ Ռուսաստանի համար) և որքան էլ տարօրինակ է՝ այս հարցում այն փոքր-ինչ հավասարակշռելու, Ղարաբաղյան հարցում Թուրքիայի ազդեցությունը փոքրացնելու համար հարկավոր է Մինսկի խումբը, որտեղ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների աշխատանքի հետաքրքիր նախադեպ կա այն առումով, որ Ռուսաստանին հաշվի էին առնում: Ներկայումս չի բացառվում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը դառնա Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի առաջ մղելու թեման, որից պատերազմից հետո խոսում են միայն Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Ռուսաստանը հասկանում է, որ այդ բանակցություններն ամենաքիչը 5 տարի շարունակվելու են, ուստի ինչո՞ւ դրանք չսկսել այսօր, հատկապես, երբ զարգացումներն աշխարհում տարերային են, ու բարդ է ասել, թե ինչ կլինի մեկ տարի անց, եթե իրերի դրությունը մնա նույնը»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա, ի վերջո, վերջին շրջանում նկատվում է, որ ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունները լարվածության նոտաներ են պարունակում, ինչն էականորեն երևում է Ադրբեջանից ստացվող ազդակներից:

Մեզ հետ զրույցում ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Ռուսաստանին ձեռնտու է, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունները վերսկսվեն, քանի որ արևմտյան երկրները սկսելու են ավելի ու ավելի հաճախ կասկածի տակ դնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել պատերազմից հետո: Ըստ նրա, Ռուսաստանը երբեք չի ձգտել գործել Ֆրանսիայից ու Միացյալ Նահանգներից կտրված:

«Ուզում եմ հիշեցնել, որ հրադադարի նախաձեռնություններով հանդես եկան պատերազմի ընթացքում՝ ինչպես Ֆրանսիան, այնպես էլ՝ Միացյալ Նահանգները, և դրանք չպահպանվեցին, այնուհետև Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հրավիրվեցին Ռուսաստան: Անընդհատ կապ կար Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների միջև: Հասկանալի էր, որ Միացյալ Նահանգների բացակայությունը գործընթացից պայմանավորված էր նախագահական ընտրություններով, և այդ դերը ստանձնել էր Ֆրանսիան, որը սովորաբար ավելի պասիվ դերակատարություն է ունենում Ղարաբաղյան բանակցություններին:

Պատերազմից հետո որևէ լուրջ հարց, բացի ճանապարհներից, կողմերը չեն քննարկում, և կարևոր է, որպեսզի կողմերը վերադառնան մի միջավայր, որտեղ կերկխոսեն, և որտեղ չի լինի նաև Թուրքիան: Չեմ կարող մեծ հույսեր կապել այն հանգամանքի հետ, թե բոլոր հարցերի շուրջ անմիջապես պայմանավորվելու են, սակայն հանդիպելը և զրուցելը կարևոր եմ համարում: Կարծում եմ՝ համանախագահները կսկսեն հումանիտար հարցերից և կանցնեն նաև կարգավիճակի հարցի քննարկմանը: Ակնհայտ է, որ այդ հարցը պետք է քննարկվի, և դրանից խուսափել հնարավոր չէ, թեև այս պահին կարգավիճակը, ըստ էության, հետևյալն է, որ անվտանգությունը պահպանում են խաղաղապահները, և դա 5 տարի ժամկետով է, սակայն առանց հիմքի, որի համար ևս հարկավոր է ԵԱՀԿ ՄԽ-ն ու միջազգային գործընթացը»,- պարզաբանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս