Հիշում եմ և ամաչում

Երեկ Հայաստանի քաղաքացիներն ու աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, ինչպես և ողջ քաղաքակիրթ մարդկությունը ոգեկոչում էին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Բոլորը՝ բացի Հայաստանի Հանրապետության իշխանությունից։ Խոսքն արարողակարգի մասին չէ․ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ցեղասպանության հուշահամալիր, բայց դրան նրա հղած պաշտոնական ուղերձը, ինչպես և ԱԳՆ հայտարարությունն ավելի շատ Հայոց ցեղասպանության ուրացման, քան ոգեկոչման մասին էին, ինչի վկայությունն էր դրանցում Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի գոնե ձևական դատապարտման, ընդհանրապես ժամանակակից Թուրքիայի անվանման բացակայությունը։

Այսօր Հայաստանի իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցում դե ֆակտո Թուրքիայի հետ բարիկադների նույն կողմում են։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանի քաղաքական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու անմիջական մասնակցությամբ, հետևողական քարոզչություն է վարում Հայոց ցեղասպանության մեղավորությունը․․․ ցեղասպանվողների վրա բարդելու ուղղությամբ։ Ձևակերպումները տարբեր են, հիմնականում լղոզված ու բազմիմաստ, բայց նրա կողմից հնչեցվող բոլոր մտքերի հիմքում մի գաղափար է՝ «մեր խելքից ենք ցեղասպանվել»։

Այսինքն՝ հայ ժողովուրդն է մեղավոր օսմանյան Թուրքիայի կողմից ցեղասպանվելու համար։ Այն, ինչ մի քանի տասնամյակ, անհաշվելի միջոցներ ծախսելով՝ փորձում էին իրականացնել Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի իշխանությունները, հիմա անում է Հայաստանի ղեկավարը։ Վճարովի՞, թե՞ որևէ այլ հիմունքով՝ կարևոր է, բայց մեծ հաշվով, երկրորդական։

Գլխավորն այն է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը հայ ժողովուրդը ոգեկոչում էր իրականությունում, որում ցեղասպանությունը կտրուկ ժխտում է Թուրքիան, իսկ նրա ժխտման քարոզչությունն ապահովում է Հայաստանի իշխանությունը՝ հաշտ ապրելով իր այդ գործելաոճն արդարացիորեն սրբապղծություն որակող գնահատականների հետ։ 

Կարդացեք նաև

Այսօրվա իշխանությունները հույս ունեն՝ անցյալն ուրանալով՝ հաշտվել ոչ թե ցեղասպանությունն իրագործած պետության, այլ այն մտքի հետ, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել հայերի մեղքով։ Իսկ հաշտությունը նրանց պետք է, ինչպես խոստովանում են, առևտրի ու փողի համար։ Ամեն ինչ միայն փողով չափող իշխանության համար այս քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ուրացման մոնետիզացիայի գործիք է։ Բայց խնդիրն այն է, որ հիշատակի վաճառականները դրանով զբաղվում են ոչ միայն իրենց, այլև Հայաստանի Հանրապետության անունից, որի քաղաքացիները՝ իրենց հանդուրժմամբ, սեփական ճակատին դաջում են սեփական նախնիների հիշատակը վաճառողի խարանը։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, մեկ դարից ավելի հայ ժողովրդին ուղեկցած վշտից ու կսկիծից առավել, արդիական է ամոթը։ Հայկական ամոթը։ Համահայկական ամոթը։

Առանց ամաչելու հնարավոր չէ հիշել։ Առանց ամաչելու ամոթ է սգալ, երբ պղծվում է նրանց հիշատակը, որը ոգեկոչում ենք այսօր։ Առանց ամաչելու անկարելի է պարտադրել ընդունել ցեղասպանի մեղքը, երբ հանդուրժվում է ցեղասպանության արդարացումը Հայաստանում։

Ընդամենը 10 տարի առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին համայն աշխարհով տարածված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսն այսօր պետք է վերափոխվի «Հիշում եմ և ամաչում» չբարձրաձայնվող գործողության, որից հետո միայն Հայաստանում իրավիճակի և իշխանության փոփոխության միջոցով հնարավոր կլինի վերադառնալ պահանջի իրավունքին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս