Էրդողանի և Փաշինյանի ուղերձների նմանությունը պարզապես համընկնու՞մ է, թե՞ այսպես ասած դիվանագիտական խողովակներով կայացված համաձայնություն. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղերձ է հղել ապրիլի 24-ի առիթով՝ Պոլսի Հայոց Պատրիարքարանին և հայ համայնքին:

Ուղերձում կա ուշադրության արժանի երկու հանգամանք: Նախ, Էրդողանը հիշատակելով իրադարձությունները և բնականաբար դրանք չանվանելով ցեղասպանություն, ժամանակաշրջանը բնութագրում է՝ «Օսմանյան կայսրության ավարտին»: Ինչով է սա արժանի ուշադրության:

Նրանով, որ Նիկոլ Փաշինյանն էլ դրանից ժամեր առաջ իր ուղերձում էր օգտագործել՝ «Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջան» ձևակերպումը:

Ուշագրավ չէ՞ զուգահեռը: Սա պարզապես համընկնո՞ւմ է, թե՞ այսպես ասած դիվանագիտական խողովակներով կայացված համաձայնություն:

Էրդողանի ուղերձում մյուս ուշագրավ հանգամանքը այն է, որ նա տեղի ունեցածը վերագրում է Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին «զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին, համաճարակային հիվանդություններին»:

Սա կարծես թե աննախադեպ «վերագրում» է: Եթե օրինակ նախկինում Էրդողանը հայերի սպանությունը վերագրում էր Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգություններին, ապա այժմ կարծես թե բավականին հասցեականորեն մատնացույց է անում «երրորդ կողմի» դերակատարության՝ «դիվերսիաներ»:

Գործնականում, այս ձևակերպումները ի հայտ են գալիս այն ձևակերպումներից հետո, որ ցեղասպանության թեմայով բարձրաձայնել է Հայաստանի վարչապետը, «երրորդ կողմերի» վերաբերյալ բավականաին թափանցիկ ակնարկներով, խոսելով այն մասին, թե արդյո՞ք մենք մեզ, այսպես ասած ճիշտ ենք պահել, որ ցեղասպանության չենթարկվեինք:

Նիկոլ Փաշինյանի այդօրինակ հայտարարությունների առնչությամբ կարծիք էի արտահայտում, որ դրանք ըստ էության խաղաքարտ են տալու Թուրքիային, նպաստելու են ժխտողական քաղաքականության «առաջընթացի» համար ավելի պարարտ միջավայր ստեղծելուն:

Ըստ էության, Էրդողանի ուղերձն այդ իմաստով թերևս առաջին շոշափելի «օրինակն» է»:

Տեսանյութեր

Լրահոս