«Բա դու լինես երկրի ղեկավար ու պայմանավորված գնաս պատերազմի, երկիր հանձնես, ամբողջ արցախահայությանը դարձնես գաղթական, հետո ցինիկաբար հայտարարես, թե՝ պետք է կռվեիք». Կարո Վարդանյան

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման օրն է։ 110 տարի առաջ՝ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանությունը, որին զոհ գնացին 1,5 մլն անմեղ մարդիկ։

Մինչև օրս Թուրքիան վարում է ժխտողական քաղաքականություն՝ չընդունելով կատարած ոճրագործությունը։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքով՝ եթե աշխարհը պատշաճ գնահատական տար 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, ապա դրան չէին հաջորդի այլ ցեղասպանություններ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետությունում։

«Նախկինում հայ ազգի շրջանում կար գիտակցումը, որ պետք է միասնական լինել, թույլ չտալ այլևս՝ ցեղասպանությունները կրկնվեն, բայց մեր օրերում պարզապես այդ գիտակցումը բթացրեցին, թշնամաբար բթացրեցին դրսից ու ներսից։

Կարդացեք նաև

Մեկ դրվագ հիշեցնեմ՝ 2020 թվականին, երբ Արցախում պատերազմ էր, Թուրքիան ու Ադրբեջանը հարձակվել էին Արցախի վրա, ու անհավասար կռիվ էր տեղի ունենում, ի՞նչ էր տեղի ունենում Երևանում՝ հասարակության մի մասի շրջանում։ Դիպվածով Երևանում հայտնված ինչ-որ օտարական այդ մարդկանց տեսնելով՝ երբեք չէր իմանա, որ կիլոմետրեր այն կողմ գտնվող հայերը գոյության պայքար են մղում։

Այսօր էլ, ամեն վայրկյան Արցախում, Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած աղետը կարող է հասնել Հայաստան, բայց հասարակության մեջ չկա որևէ գիտակցում։ Հակառակը՝ իշխանական բոլոր քարոզչական միջոցներով խոսում են բարեկեցությունից, լավ ապրուստից, և այլն»,- 168.amի հետ զրույցում ասաց Կարո Վարդանյանը։

Նա վստահ է՝ աշխարհը կարող է կանխել բոլոր ցեղասպանությունները, 110 տարի առաջ էլ կարող էր կանխել, բայց հանուն ինչի՞, ո՞ւմ է պետք հայ ազգը, ի՞նչ է արել դրան արժանանալու համար, երբ իր սեփական անվտանգությունը պաշտպանելու համար ոչինչ չի անում։

«Աշխարհը մեզ պարտակա՞ն է, եթե մենք ինքներս չենք ուզում մեզ պաշտպանել։ Կամ՝ ինչո՞ւ ենք մեզ ներշնչել, որ ռուսը միշտ մեր թիկունքին պետք է կանգնած լինի՝ անկախ նրանից՝ մենք նրա հետ լավ հարաբերություններ կպահպանե՞նք, թե՞ ոչ։ Հանկարծ ռուսը մեր կողքին չկանգնեց, տեսեք՝ ի՞նչ է կատարվում, տեսեք, թե ինչ խելագար ու վտանգավոր ռուսատյացություն է, բայց որևէ մեկն իրեն հարց չի տալիս՝ ինչո՞ւ չկանգնեց իր կողքին։

Այս ազգին վերջին տարիներին գցեցին հոգևոր խեղվածության մեջ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով»,- ընդգծեց Կարո Վարդանյանը։

Նա հայ ազգի այսօրվա ու 1915 թվականի վիճակի միջև մեծ նմանություն է տեսնում, 1915 թվականի ցեղասպանության ժամանակ Արևելյան Հայաստանում կար անտարբերություն, ինչը կա նաև այսօր, երբ հայ ազգը կրկին կանգնած է մի նոր ցեղասպանության առջև։

«1915 թվականին Վանը մեր այն բացառիկ կենտրոններից էր, որ դիմեց զենքի և դրանով առժամանակ գոնե փրկվեց։ 1915 թվականից 10-15 տարի առաջ Կովկասն այդպես անտարբեր չէր, Կովկասի հեղափոխականները մահն աչքների առաջ, ամեն գնով զենք ու փամփուշտ էին հասցնում Սասուն ու Մուշ։ Այդքան սրտացավ էին իրենց հայրենակիցների նկատմամբ։ Բայց արի ու տես, որ 10 տարի անց բարոյալքում տեղի ունեցավ։ Արևելյան Հայաստանում իրենց ձեռքերը լվացին ու արևմտահայերին իրենց ցավի հետ թողեցին միայնակ։

Մեր օրերում էլ՝ 90-ականներին ամբողջ հայությունն Արցախում էր, Արցախի ազատագրումը համահայկական ձեռքբերում էր, բայց մեր օրերում  տեսեք՝ այս ի՞նչ ցինիկ անտարբերություն է, ի՞նչ վերաբերմունք է արցախահայերի հանդեպ։ Եթե մենք մտոք ու աչոք կույր ենք ու չենք տեսնում՝ ինչ եղավ, վաղը-մյուս օրը կպարզվի, չէ՞, թեպետ այդ ամենն այնքան ակնհայտ է։

Բա դու լինես երկրի ղեկավար ու պայմանավորված գնաս պատերազմի, երիտասարդների սպանդ ու ջարդ տեղի ունենա, որից հետո երկիր հանձնես, ամբողջ արցախահայությանը դարձնես գաղթական, այսօր էլ ցինիկաբար հայտարարես, թե՝ պետք է կռվեիք։ Հիմա նույն իրավիճակը չէ՞, ինչ 1915 թվականին, երբ Կովկասից ասում էին, թե արևմտահայն իր երկիրը թող պահի»,- նշեց Կարո Վարդանյանը։

Նրա բնորոշմամբ՝ իշխանությունները հայությանը կործանարար կերպով վերջին տարիներին պառակտեցին ու շարունակում են դա անել, և հարց է առաջանում, թե մեկ մարդը քանի՞ ուղղությամբ կարող է ատել սեփական ազգին՝ ատում է արցախցուն, ատում է բոլորին, կուրանալով ատելությունից։

«Տպավորություն է, որ ոչինչ չենք արել, բայց հասել ենք 21-րդ դար, մեզ ինչ-որ նախախնամություն քարշ է տվել ու հասցրել 21-րդ դար, 1000 անգամ շանս տալով, որպեսզի գնահատենք մեր վիճակը։

Հիմա էլ նույն կերպ մնացել ենք նախախնամության հույսին, եթե նախկինում դրսի ուժերն էին հայությանը պառակտում, հիմա դրանց ավելացել է ներսի հզոր թշնամին՝ իշխանությունը զավթած ուժը։ Սրանք կարողացան իշխանությունը գրավել, ու ժողովուրդը դարձել է սրանց գերին։ Մեր հույսն աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունն է մնացել, գուցե մեր փոքրիկ երկիրն ինչ-որ մեկին պետք է։ Բանակ ունեինք, որով 7 տարի առաջ իսկապես պարծենում էինք, այսօր քանդել են, ե՞րբ ենք վերջին անգամ զինվոր ու սպա մեծարել, շքերթ կազմակերպել։ Մեր ազգին ներշնչել են, որ հերոսին հարկատուի ու գործարարի մեջ փնտրի, ազգի կենսունակ ջիղն են ոչնչացնում։ Բարեխիղճ ղեկավար է մեզ պետք, որն առողջ ազգայնականությանը նորից ընթացք կտա, որպեսզի հայ մանուկը դպրոցներում հայ հեղինակներին վերադառնա, այլ ոչ թե ինչ-որ բաներով զբաղվի։ Հուսամ, ազգը կգիտակցի վտանգը ու թմբիրից դուրս կգա»,- ընդգծեց Կարո Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս