Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է HDP-ի նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումները
Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը հայտարարությամբ դատապարտել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումները՝ նշելով, որ Թուրքիան, չնայած միջազգային դատապարտումներին, ընդդիմադիր օրենսդիրների նկատմամբ իրականացնում է քրեական հետապնդում: Այս մասին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
«Այսօր Թուրքիայում մեկնարկել է թվով 108 քաղաքական գործիչների դատավարություն: Նրանց մեղսագրվում են 29 տարբեր քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության փորձ, ահաբեկչության քարոզչություն տարածելը և թուրքական պետության դեմ բռնություն հրահրելը: Մեղադրող կողմը պահանջում է ընդհանուր առմամբ 19,680 տարվա բանտարկություն, մեղադրյալներից 38-ի համար՝ ցմահ ազատազրկում:
Մենք անհանգստությամբ ենք հետևում Թուրքիայում ընթացող վերջին զարգացումներին, որոնք վերաբերում են ընտրված քաղաքական գործիչների նկատմամբ համակարգային բռնաճնշումներին և HDP-ի դեմ քաղաքական դրդապատճառներով գործերին:
Թուրքիայի գլխավոր դատախազը կարգադրել է ձերբակալել 108 անձանց, այդ թվում` HDP-ի առաջատար ներկայացուցիչներին: 2014-ի հոկտեմբերին HDP-ն կոչ էր անում աջակցել Քոբանիի համար ժողովրդական օրինական բողոքներին: Հիմա, տարիներ անց, նրանք մեղադրվում են բողոքների ընթացքում բռնությունների համար, և, ելնելով դրանից՝ ահաբեկչության մեջ: Այդ ժամանակ մարդիկ ամենուր բողոքում էին ընդդեմ Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակման և վերջինիս՝ թուրքական ռեժիմի կողմից շարունակական աջակցության: Տարիներ շարունակ HDP-ն կոչ է անում խորհրդարանական հետաքննություն անցկացնել` լույս սփռելու համար, թե ինչն է հանգեցրել բռնություններին, բայց նախագահ Էրդողանի իշխող կուսակցությունը մշտապես մերժում է այդ առաջարկը:
Մենք վճռականորեն դեմ ենք օրենքի գերակայության հանդեպ այս բռնությանը: Ժողովրդավարական կարգերում անընդունելի չէ ընտրված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել այնպիսի իրադարձությունների համար, որոնց հետաքննությունն ակտիվորեն խոչընդոտվում է:
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում HDP-ին, քանի որ վերջինս դիմագրավում է համակարգված բռնաճնշման։ Ավելին, մենք պնդում ենք, որ ի աջակցություն Քոբանիի բողոքի ակցիաները չեն կարող քրեականացվել: Աշխարհում միլիոնավոր մարդիկ բարոյական հիմքերով դեմ են «Իսլամական պետությանը», իսկ մենք դեմ ենք Քոբանիի շուրջ բողոքը քրեականացնելու Էրդողանի քաղաքականությանը: Ինչպես հայտարարել է HDP-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը. «Այն, ինչն իրականում կործանում է Էրդողանին, ոչ թե դաժանորեն սպանված մեր ժողովուրդն է, այլ «Իսլամական պետության» պարտությունը Քոբանիում»։
HDP-ն Թուրքիայի Խորհրդարանում միակ կուսակցությունն է, որը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է անում»,- ասվում է հայտարարության մեջ: