«ԲՀԿ-ն ոչ մի դեպքում չի խաղա իշխանության դաշտում». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու վերաբերյալ իրավաբանական համայնքը կիսվել է երկու հիմնական դաշտի։ Հետևաբար, եթե կիսվել է, ուրեմն՝ հարցի հետ կապված կան խնդիրներ։

«Հիմա թույլ տվեք ես զերծ մնամ կտրուկ գնահատականներից մեկ պարզ պատճառով՝ իրավաբան չեմ, սպասենք իրավաբանական այդ բոլոր երևէջների վերջնական, գոնե, հասկանալի եզրահանգման։ Ոմանք ասում են, որ սահմանադրական նորմ է  խախտվում, ոմանք ասում են, որ չի խախտվում և այդուհանդերձ Սահմանադրությունը տեսնում է ելքեր և այլն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը։

Ըստ նրա, յուրաքանչյուր գործընթաց, որը տեղի է ունենում Հայաստանում, շատ լավ կլիներ, որ իդեալական ձևով լիներ, սակայն հաշվի առնելով բոլոր հանգամանքները, քաղաքական դաշտում գոյություն ունի կոնսենսուս առ այն, որ պետք է անցկացնել արտահերթ ընտրություններ։

«Բոլոր գործընթացների հետ կապված ամբողջ պատասխանատվությունն այս պարագայում մնում է իշխանությունների վրա, և իշխանությունն է թիվ մեկ պատասխանատուն բոլոր այն գործընթացների, որոնք տեղի են ունենալու։  Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, պետք է տեղի ունենան բացառապես օրենքի սահմաններում»,- հավելեց Արման Աբովյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրի, Արման Աբովյանը պատասխանեց. «Ոչ, ԲՀԿ-ն ոչ մի դեպքում չի խաղա իշխանության դաշտում, որովհետև տեսեք, թե ինչ է կատարվում՝ չգիտես ինչու, բոլորը մոռանում են, որ իշխող թիմն ունի 83 պատգամավոր։ Երբ ասում են, որ խորհրդարանական ընդդիմությունը թեկնածու առաջադրի, մոռանում են մեկ կարևոր հանգամանք, որ այդ դեպքում Նիկոլը ստանալու է բարոյական իրավունք՝ իր պատգամավորների քվեի արդյունքում կրկին դառնալու է վարչապետ»,- շեշտեց Արման Աբովյանը։

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ, և ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, և նա է վարչապետի իրենց կուսակցության թեկնածուն։

«Մենք գնալու ենք հաղթելու»,- ընդգծեց Արման Աբովյանը։

Տեսանյութեր

Լրահոս