«Բարձրաստիճան ոմն պաշտոնյան ոչ ադեկվատ վիճակում երևի վայելում է կադրերը, թե ինչպես են թասիբով սյունեցիներին այդ կերպ բերման ենթարկում». Գայանե Պապոյան

«Մխիթար Զաքարյանը Մեղրիի դեպքերին առհասարակ ներկա չի եղել, եղել է միայն Ագարակի դեպքերի ժամանակ, այն էլ՝ կեսից: Տեսանյութերում որևէ դրվագ չկա այն մասին, որ Մխիթար Զաքարյանը որևէ հակաիրավական գործողության չի մասնակցում, այլ ճիշտ հակառակը. հանդարտության կոչ է անում, փորձում է սաստել բնակիչներին, երբ ոստիկանության աշխատակիցները փորձում են կարգի հրավիրել նրանց: Երբ բնակիչները վրդովվում են, նա ասում է՝ ոստիկաններն իրենց գործն են կատարում: Այլ տեսագրություն Մխիթար Զաքարյանի մասնակցությամբ չկա»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի շահերի պաշտպան, փաստաբան Գայանե Պապոյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին:

Ըստ պաշտպանի՝ այն բանի տակ, թե ինչու հենց Մխիթար Զաքարյանը հայտնվեց իշխանությունների թիրախում, կա մեծ քաղաքականություն:

«Իրադարձությունները Մխիթար Զաքարյանի պարագայում չընթացան իրենց սցենարով, իսկ բոլորս էլ գիտենք՝ դա որն էր: Սույն գործով ենթադրյալ տուժող վարչապետի աթոռը զբաղեցրած անձի ուղերձն այն էր, որ հանրության համար տեսանելի, կոշտ և բիրտ ձևերով բերման ենթարկեն սյունեցիներին: Իրենց սցենարը Մխիթար Զաքարյանի մասով ևս դա էր, ինչը, կարծում եմ, տապալվեց»,- ասաց Գայանե Պապոյանը:

Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներում տեղեկատվությունը հայտնվելուց հետո, թե Մխիթար Զաքարյանի տունը խուզարկում են, ինչն այդպես չէր, իրենք գնացել են ոստիկանության Մեղրու բաժին՝ հասկանալու համար, թե Մխիթար Զաքարյանի հետ ինչ խնդիր կա, ուր հերքել են, թե հետաքրքրված են նրա անձով, սակայն իրենց վերադառնալուց մոտ մեկ ժամ անց իրավապահները, այնուամենայնիվ, եկել են Մեղրի համայնքի ղեկավարի տուն:

«Երբ մենք մեքենայով բարձրանում էինք դեպի ոստիկանության Մեղրիի բաժին, փողոցներում խցանում էր գիշերվա այդ ուշ ժամին: Դեպի ներքև ոստիկանական հազարավոր զորք էր իջնում դեպի Ագարակ: Ակնհայտ էր, որ ինչ-որ գործողություն էր նախապատրաստվում»,- ասաց պաշտպանը:

Վերջինս նշեց, որ ոստիկանները Մխիթար Զաքարյանի տուն են եկել գիշերը 3:20 րոպեին, իսկ գիշերը որևէ քննչական և դատավարական գործողություն կատարելն արգելված է, եթե դրանք անհետաձգելի չեն:

«Մինչդեռ ես Մեղրու ոստիկանության աշխատակից Կիրակոսյանին հարցրել եմ, թե ինչ դատավարական կարգավիճակով են հրավիրում Մխիթար Զաքարյանին, ինչ գործի շրջանակներում, և, վերջապես, ո՞ւմ մոտ: Ասում էր՝ էդպես է պետք, կգաք՝ կիմանաք»,- ասաց Գայանե Պապոյանը՝ ընդգծելով, որ հրավիրելու դեպքում անձն է որոշում՝ գնա՞լ ներկայանալ, թե՞ ոչ, և ի՞նչ ձևաչափով: Մինչդեռ իրենց ասել են, որ պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնան, ինչն իրենք չեն մերժել, և մինչև ոստիկանության Մեղրու բաժին Մխիթար Զաքարյանն իր հետ միասին գնացել է ոստիկանական մեքենայով:

«Սակայն մենք չհասցրեցինք նույնիսկ մտնել Մեղրու բաժին, որովհետև մեզ ասացին, որ հիմա էլ մեկ այլ մեքենայով պետք է ուղևորվենք Կապանի բաժին: Այստեղից սկսած արդեն Մխիթար Զաքարյանը ցանկություն չհայտնեց գնալ իրենց մեքենայով: Այդ գործողությունները պրովոկացիա էին մեր դեմ, որպեսզի հավասարակշռությունից հանեին պարոն Զաքարյանին, ասեր՝ չեմ գալիս, իրենք էլ փորձեին ինչ-որ գործողություն անել, հանրության համար տեսանելի ձևով, ինչպես իրենք սիրում են: Մինչդեռ մենք, արձանագրելով այդ պահանջի ոչ իրավաչափությունը, համաձայնեցինք գնալ՝ անկանխատեսելի գործողություններից խուսափելու համար: Նույն այդ Կիրակոսյանը մեզ ասաց՝ եթե հրավերն այս ձևաչափով չեք ընդունում, մենք նրան ուժով կտանենք: Միայն այդ պատճառով Մխիթար Զաքարյանը գնաց նրանց հետ, և ընդ որում, ինձ թույլ չտվեցին գնալ նրա հետ»,- ասաց պաշտպանը:

Նրա դիտարկմամբ՝ այդ ամենը նպատակ ուներ հավասարակշռությունից հանել Մխիթար Զաքարյանին, որ իրավապահները վերջապես ստանային իրենց ուզած կադրերը.

«Բարձրաստիճան ոմն պաշտոնյան ոչ ադեկվատ վիճակում երևի վայելում է այն կադրերը, թե ինչպես են թասիբով սյունեցիներին այդ կերպ բերման ենթարկում»,- ասաց Գայանե Պապոյանը՝ հավելելով, որ նույն ապօրինությունները, ձգձգումները եղել են նաև Քննչական կոմիտեում, և դրանց նպատակը Մխիթար Զաքարյանի մասնակցությամբ կադրեր ստանալն էր, որն այդպես էլ չստացան:

Դիտարկմանը, թե բավականաչափ տեսանյութեր նաև ինքն է կատարել, այդ թվում՝ նաև ՔԿ-ում իրավապահների անօրինական գործողությունների վերաբերյալ, և անգամ որոշ դրվագներով ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում, փաստաբանն ասաց, որ մեծ հույսեր չունի, որովհետև ՀՔԾ-ն կամակատարն է ոմն բարձրաստիճան պաշտոնյայի:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի մարզպետարանում իրավապահներին տված ցուցումներին՝ Գայանե Պապոյանն ասաց, որ կա ԱԱԾ տնօրենի գրությունը, ըստ որի՝ այս Սյունիքում տեղի ունեցածն ուղղված էր վարչապետի աթոռը զբաղեցնող անձի դեմ:

«Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այս գործով տուժող է, և եթե հիմա այդ դատավարական կարգավիճակը դեռ ամրագրված է, մի օր այն լինելու է: Ստացվում է, որ այս գործով տուժողը ցուցումներ է տալիս իրավապահներին՝ այս գործը այս կերպ կանեք, նա՝ այնպես»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով՝ արդարարության վերջին օղակը դատարաններն են:

«Մենք՝ փաստաբաններս, շնորհակալ ենք դատարաններին: Կարծում եմ՝ երբևէ մենք այսքան անկախ դատական համակարգ չենք ունեցել: Հայտարարելով, որ եկել է դատական համակարգն անկախ դարձնելու, այդ նպատակով իր սիրելի դատավորներին հավաքելով, վեթինգի մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանն ակամայից այնպես արեց, որ դատական համակարգն իրեն իսկապես անկախ դրսևորի»,- ասաց Գայանե Պապոյանը:

Խոսելով ձերբակալության ոչ իրավաչափության և կալանքի հարցով դատական նիստերի մասին՝ պաշտպանը նշեց, որ թե դատավոր Մանվել Շահվերդյանը, և թե Վահե Միսակյանն արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը:

«Սա նշանակում է, որ մեղադրանքն անհիմն է: Կալանքի քննության ժամանակ նախաքննական մարմինը բերել էր 3 ցուցմունք, որոնցից երկուսը ոստիկաններ էին, որոնց ցուցմունքերը ենթադրության դաշտում էին: Չկա այստեղ գործ: Բայց ամեն դեպքում նախաքննական մարմինը, անտեսելով դատարանի որոշումը, որոշեց խափանման միջոց ընտրել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին»,- եզրափակեց Գայանե Պապոյանը՝ նշելով, որ Մխիթար Զաքարյանն արդեն Մեղրիում է, այսօր արդեն իսկ անցել է իր պարտականությունների կատարմանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս