Սոմալիի մայրաքաղաքում ընդդիմությունը շրջաններ է գրավել նախագահական պալատի մերձակայքում
Ընդդիմադիր ուժերը վերահսկողություն են սահմանել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի մերձակայքի շրջանների վրա: Այդ մասին հաղորդել է Garowe Online պորտալը:
Ավելի վաղ Սոմալիի վարչապետ Մոհամեդ Հուսեյն Ռոբլեն հայտարարել էր, որ երկրի կառավարությունը երկխոսությունը լավագույն միջոցն է համարում ներկայում Սոմալիում տեղի ունեցող ճգնաժամի լուծման համար: Սոմալիում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը նույնպես երկխոսության կոչ է արել բախումների կապակցությամբ ստեղծված իրադրության ֆոնին:
Պորտալի տվյալներով՝ ռազմական տեխնիկան երեւում է քաղաքի գլխավոր փողոցներում: Goobjoog News տեղական հրատարակությունը հաղորդում է, որ մայրաքաղաքի մի շարք համալսարաններ փակվել են քաղաքի մի շարք մասերում բռնությունը սրվելուց հետո:
Somali Guardian հրատարակությունը գրում է, որ անքուն գիշեր էր մայրաքաղաքի բնակիչների համար, շատերը լքել են իրենց տները, մյուսները պլանավորում են անվտանգ վայրեր տեղափոխվել երկուշաբսթի օրը:
Ընդդիմության հետ կապված Սոմալիի ազգային բանակի ուժերը ապրիլի 25-ին վերահսկության տակ են առել երկրի մայրաքաղաք Մոգադիշոյի հյուսիսում ընկած մի քանի հանգուցային շրջաններ, հաղորդել է Somali Guardian պորտալը: Դրա հետ մեկտեղ Սոմալիի նախկին նախագահ Հասան Շեյխ Մահմուդը նույն օրը հայտարարել է, որ զինվորականները հարձակվել են իր նստավայրի վրա, եւ դրա համար պատասխանատվությունը դրել է երկրի ներկայիս նախագահ Մոհամեդ Աբդուլահ Մոհամեդի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: