«Նախագահի հիմնավորումներն ըստ  էության համահունչ չեն Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված եզրակացությանը». Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ դրական ռեկոմենդացիաներ է ուղարկել, ինչն ըստ պատգամավորի՝ տրամաբանական է։

«Կարծիքն ուղարկվել էր բոլորովին վերջերս, և մենք պետք է արձանագրենք, որ Վենետիկի հանձնաժողովի հետ մեր հարաբերություններում, 2,5 տարի է, քննարկում ենք այդ հարցերը՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ ռեյտինգային համակարգի մասով։ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը հիմնված է նաև Վենետիկի հանձնաժողովի բոլոր եզրակացությունների վրա, մենք սպասում էինք, որ դրական եզրակացություն է լինելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդյանը։

Անդրադառնալով փաստին, որ  ՀՀ նախագահը չի ստորագրել  խորհրդարանի վերջերս ընդունած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, պատգամավորն ասաց. «Ես արդեն որերորդ անգամ ցավով եմ արձանագրում, որ նախագահը հրաժարվում է ստորագրել այս կամ այն փաստաթուղթը։ Պետք է նշեմ, որ դա նախագահի սահմանադրական տիրույթում է, և մենք պետք է հարգենք այդ մոտեցումը։ Սակայն այն հիմնավորումները, որոնք դրվել էին նախագահի հիմնավորումներում, ըստ  էության համահունչ չեն Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված եզրակացությանը։ Վենետիկի հանձնաժողովը թեև արձանագրում է, որ առկա է միջազգային սկզբունք, որ ընտրություններից առաջ չպետք է փոփոխվեն  ընտրական համակարգերին էականորեն առնչվող կանոնակարգումները, այդուհանդերձ Հայաստանի հետ համագործակցության այս 2,5 տարվա ընթացքում քաղաքացիական հասարակության ինստիտուտները, քաղաքական ուժերը արտահայտել են այն կարծիքը, որ ռեյտինգային համակարգի վերացումը չափազանց կարևոր է»։

Տեսանյութեր

Լրահոս