Արցախի Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
«Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ՝ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է 20-րդ դարի սկզբին հայերի հանդեպ իրագործած մեծագույն ոճրագործությունը։
ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու իրավունքների և բարձրագույն արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։ Կարծում ենք` եթե գերտերությունների ղեկավարները ժամանակին դատապարտեին հայերի նկատմամբ իրականացրած մեծ եղեռնը, Ադրբեջանն ու Թուրքիան չէին հանդգնի իրագործել Արցախի ժողովրդի ոչնչացման ոճրագործ ծրագիրը, որը ոչ այլ ինչ է, քան 1915թվականի Հայոց ցեղասպանության շարունակություն։ Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։
Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք՝ սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։
Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի», – ասված է Արցախի ԱԺ տարածած հաղորդագրությունում: