Թուրքիայի պաշտպանության նախարարն արձագանքել է Բայդենի ուղերձին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը 13 կետով անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որով Սպիտակ տան ղեկավարը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական թեզեր պարունակող անհիմն պնդումներ։ Դրանք ներկայացված են ստորև՝

«1. ԱՄՆ նախագահի կողմից 1915-ի  դեպքերի վերաբերյալ ցեղասպանություն բառի կիրառումը նշանակում է պատմական իրողությունները հերքել և նենգափոխել:

2. Այդ տերմինը կիրառողները պիտի աշխարհի և իրենց պատմությանը նայեն:

3. Քանի որ չի կարող կրկնվել այն, ինչ տեղի չի ունեցել, ԱՄՆ-ի վարչակազմի այդ հիմնավորումը անհիմն է:

4. Ի՞նչ է փոխվել 2020թ. հետո, որից առաջ այս արտահայտությունը չէր կիրառվում: Ամերիկայի ողջամիտ ժողովուրդն այս հարցում ի՞նչ է մտածում:

5. Ոչ մի խելամիտ և բարոյական բացատրություն չկա այս ուղերձին, որն ընդունվել է անգամ հայ ժողովրդին չներկայացնող լոբբիստների ուղղորդմանբ:

6. Պետք է իմանալ, որ անհնար է պատմությունը նման քաղաքական հայտարարություններով վերաշարադրել:

7. Անընդունելի և անօգուտ է պատմությունից թշնամանք քաղել և նոր հակադրություններ ստեղծել:

8. Պատմական իրադարձությունները չպետք է օգտագործվեն որպես հաշվեհարդարի և բախման գործիք, չպետք է քաղաքականացվեն: Նման մթնոլորտի ստեղծումը բացասաբար կազդի տարածաշրջանի խաղաղության, մասնավորապես Թուրքիա-Հայաստան և թուրք-հայկական հարաբերությունների վրա:

9. Մեր տարածաշրջանի խաղաղությունը և անդորրը ոչ թե Հայկական սփյուռքի և նրան սեփական շահերի համար օգտագործող երկրների, այլ մեր՝ տարածաշրջանի երկրների, Թուրքիայի և Հայաստանի համատեղ/ընդհանուր խնդիրն է:

10. Թուրքիան միշտ պաշտպանել է այն տեսակետը, որ 1915-ի դեպքերի վերաբերյալ քննարկումները ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պիտի անեն: Թուրքիան սա է ակնկալել երրորդ երկրներից, այդ թվում ԱՄՆ-ի պես դաշնակից պետությունից:

11. Սրան հակառակ՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը, այս հայտարարությամբ ժխտելով սեփական զեկույցները և ստորագրությունները, տեղի է տվել Հայկական սփյուռքի և այլ որոշ շրջանակների ճնշումներին, անտեսել է ԱՄՆ ազգային արխիվում (NARA) առկա տեղեկությունները և փաստերը, մասնավորապես գեներալ Հարբորդի զեկույցը:

12. Արդյունքում. անհեթեթություն, տգիտություն և ապագան ոչնչացնող քայլ է ցեղասպանություն որակելը այն, ինչը տեղի է ունեցել թուրք և հայ  հասարակությունների միջև։ Նրանց  հարյուրամյակներ շարունակ անվտանգ և բարեկեցիկ գոյակցելու փաստը ու համատեղ ապրելու կամք ունենալը հաստատված է ամերիկյան փաստաթղթերով:

13. Այս սխալը պետք է ուղղել»:

Տեսանյութեր

Լրահոս