Որևէ կոնսենսուս չկա. Արա Այվազյանը՝ ԵԱՏՄ առաջիկա նիստին Ադրբեջանի մասնակցության մասին
Ադրբեջանը, ըստ ամենայնի, առաջիկայում որևէ կարգավիճակով չի մասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքներին: Այս մասին այսօր լրագրողների հետ կարճ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով մայիսի 29-30-ին Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի մասնակցության հարցին:
Հիշեցնենք, որ այս հարցն ակտիվորեն սկսեց շրջանառվել վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցից հետո, երբ բարձրաստիճան քննարկումների շրջանակում խոսք էր գնացել նաև այլ հարթակներում բելառուսաադրբեջանական համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու մասին: Սրան հաջորդեցին ռուսական մամուլի հրապարակումները, թե՝ ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ աշխատանքներին դիտորդի կարգավիճակով մասնակցելու հարցը:
Արա Այվազյանն ասաց, որ շատ կարճ կպատասխանի հարցին, բայց՝ շատ հստակ․ «Որևէ կոնսենսուս չկա Ձեր նշած երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը, և դրանով կսահմանափակվեմ»։
Խոսելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային կոթողների հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի մասին՝ Արա Այվազյանն ասաց, որ խիստ մտահոգիչ են նման զարգացումները: Նա նշեց, որ արդեն ականատես են եղել հայկական պաշտամունքի վայրերի ու հուշարձանների ոչնչացման նախադեպերի և դրանք արդարացնելու պաշտոնական հայտարարությունների:
«Այս հարցը մեր մշտական ուշադրության և աշխատանքի շրջանակում է: Վստահաբար նկատել եք, որ միջազգային մեր գործընկերներն ամենախիստ ձևով քննադատել են հայկական պատմամշակութային ժառանգությանը ոչնչացնելու և ինքնությունը փոխելու միտումները: Այս հարցը մտել է խաղաղ գործընթացի օրակարգ, ինչի մասին նաև վկայում են համանախագահ երկրների 2020թ. դեկտեմբերի 3-ի և այս տարվա ապրիլի 13-ի հայտարարության մեջ պարունակվող դրույթները: Մասնագիտացված և այլ կառույցների հետ սերտ համագործակցում ենք, այդ թվում՝ UNESCO-ի, այսօր շատ կարևոր է միջազգային հանրության մոտ բարձրացնել այս խնդրի իրազեկվածության հարցը: Մեր գերատեսչությունը և համակարգը աշխատում են շատ հետևողականորեն այդ ուղղությամբ: Ես կբերեմ մեկ օրինակ՝ այս ապրիլի 24-ին ԱԳ նախարարության նախաձեռնությանբ բացվեց «Արցախ՝ վտանգված ժառանգություն» ցուցահանդեսը, որին մասնակցել են Հայաստան ժամանած բոլոր բարձրաստիճան պատվիրակությունները»,- ասաց Արա Այվազյանը՝ բոլորին հրավիրելով մինչև մայիսի 2-ը մասնակցել Քաղաքապետարանում բացված ցուցահանդեսին:
Իր հերթին՝ ՀՀ-ում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը նշեց, որ բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել ԵՄ-ի կողմից:
«Բոլոր գերիները, պատանդները և պահվող անձինք պետք է վերադարձվեն, եթե պլանավորում ենք փոխվստահությանն ուղղված որևէ գործունեություն: Եվ ես կարող եմ միայն երկրորդել ԵՄ դիրքորոշումը»,- ասաց նա: