«Նա մեր վարչապետը չի, նա իրավունք չունի ապրելու Հայաստան աշխարհում, եթե Թուրքիայում իր տերերը կընդունեն, թող գնա ապրի, ախպեր». Շուռնուխեցի Աշխարհապետ
Շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը, արդեն Գորիսում է, շարունակում է բուժումը, իրեն բերման ենթարկելու վերաբերյալ եղած բոլոր հարցերով էլ զբաղվում է փաստաբանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցի ժամանակ ինքը տանն է եղել, որևէ բողոքի ակցիայի չի մասնակցել․ ասում է՝ ցավոք, չի մասնակցել, քանի որ առողջական խնդիրներով պառկած է եղել։
«Ինձ ասում են, որ խուլիգանության համար են բերման ենթարկել, իբր ձու եմ նետել, քֆուր-քաֆար եմ արել․․․ նորից եմ պնդում՝ այդ գործողություններին չեմ մասնակցել՝ ջերմության մեջ տանը պառկած եմ եղել։ Այդ վիճակում առավոտ կանուխ իրավապահները եկան ու հոպ՝ վերցրեցին ու տարան քննչական վարչություն։ Այդ պիղծերը բոլորն էլ իմ տեղն իմացել են, ու իրենց համար նշանակություն չի ունեցել՝ այդ բողոքի ակցիաներին մասնակցե՞լ եմ, թե՞ չեմ մասնակցել, որովհետև նման հարցերում ես ակտիվ եմ, մասնակցում եմ բողոքի ակցիաներին, եթե դրանք վերաբերում են իմ երկրի շահին։ Ես թաքցնելու բան չունեմ, այս իշխանության բերած քարտեզով Շուռնուխում իմ տունը մնաց թշնամու հսկողության տակ, հիմա ինձ ինչ ուզում են՝ ասեն․ ես այդ մարդուն, այդ կապիտուլյանտին ու իր ապարատին չեմ ընդունում։ Մի պիղծ պատգամավոր ունեն, բիգուձին, դրա աներձագը, ասում է՝ բա սյունեցիներին պետք է այդպես նվաստացնելով բերման ենթարկեն, բա դա պատգամավորի զրո՞ւյց է, մարդու իրավունքներն են ոտնակոխ անում։ Այնպես նրան նվաստացնեմ, որ ամբողջ կյանքը հիշի՝ բիգուձի պիղծը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Աղաբեկյանը։
Ըստ նրա, իշխանությունները սյունեցիներին բերման ենթարկելով՝ ոչնչի չեն կարող հասնել։
«Հիմա այսպես բերման ենթարկելով՝ ուզում են սյունեցուն կոտրե՞լ ու իրենց ազգակործան գործերն առաջ տանե՞ն՝ չե՛ն կարողանալու, սյունեցին մնում է սյունեցի, ինձ տարան, էն մյուսին տարան, հո բոլորին չե՞ն կարող տանել։ Սյունիքը Երևան չէ, որտեղ մինչև թշնամին չգա, մտնի տուն, ոտքի չեն կանգնի։ Մեր ուղեղի ծալքերն ավելի շատ են, մենք գիտենք՝ ինչ են ուզում մեր գլխին բերել, բայց մենք թողնողը չենք, ինչ էլ ուզում է լինի։ Մենք Սյունիքը տվողը չենք, այդ կարիդոր-մարիդոր է, ինչ է, չգիտեմ՝ ինչ թատրոն են ուզում անել ու դարպասները բացեն բոլորի առաջ։ Կարողանում են, թող մարդիկ մեր մեջքին կանգնեն, չեն կարողանում՝ Աստված իրենց հետ»,- հավելեց Արարատ Աղաբեկյանը։
Նա նաև շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի այցից հետո, առավոտ կանուխ «սպեցնազը», ոստիկանությունը, հարյուր տեսակի մեքենաներով թափվել են քաղաք, որից հետո բնակչությունն անհանգստացել է, ինչն անթույլատրելի է, և այնպես չէ, որ դրանից հետո սյունեցին չի ասելու այն, ինչ մտածում է Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության մասին։
«Հիմա մտածում են, որ ես վախեցել եմ, իհարկե, չեմ վախեցել՝ երեք պատերազմ անցած մարդը ոչնչից չի կարող վախենալ։ Այդ պիղծ ու կապիտուլյանտ վարչապետին ես չեմ կարող ընդունել, ինչ էլ լինի, ես իմ բողոքի ձայնը բարձրացնելու եմ։ Նա մեր վարչապետը չի, նա իրավունք չունի ապրելու Հայաստան աշխարհում, եթե Թուրքիայում իր տերերը կընդունեն, թող գնա ապրի, ախպեր, Հայաստանն իր տեղը չէ»,- ընդգծեց նա։
Այս պահին Աշխարհապետն ապրում է Գորիսում՝ հայրական տանը, քանի որ Շուռնուխում տունն այրել է, այն ամբողջությամբ անցել է ադրբեջանական զինվորների հսկողության տակ։ Ասում է՝ կառավարությունը խոստացել է անտուն մնացած սյունեցիների համար տուն կառուցել, բայց մի ամսից ավելի է, աշխատում են՝ արդյունք չկա։
«Ինչ-որ բունկերներ են սարքում, ինչ են անում, չենք հասկանում, սայլը տեղից չի շարժվում։ Տուն կառուցելու վայրն էլ բանի պետք չէ, որ գյուղ գաք՝ կտեսնեք։ Այնտեղ հնարավոր չէ տներ կառուցել, բահը խփում ես՝ քար ու ժայռեր են։ Նորմալ հողերը թողել են, գնացել են ժայռերի վրա տուն են կառուցում, իբր կառուցում են։ Բացատրել ենք նրանց, չեն հասկացել, քաչալ տեղը տուն են սարքում մարդիկ, բնակավայրի տեղ չէ, էլի»,- ասաց նա։
Իրեն բերման ենթարկելուց և իշխանությանների թիրախում հայտնվելուց հետո, Աշխարհապետը հնարավոր է համարում, որ իրեն կառուցվելիք ու հասանելիք տնից էլ զրկեն։
«Գլխանց ասել եմ, որ ինձ բերման ենթարկելը, հետապնդելը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս իշխանություններին պետք է, որ ովքեր բողոքում են՝ լռեցնեն, փըխկ անեն, բայց դե իրենք արդեն փըխկ եղած են։ Երեք պատերազմ անցած տղա եմ, դա նորմա՞լ էր՝ ներխուժեցին, մեջքս կոտրելով՝ տարան Քննչական կոմիտե, կինո էին նկարում, որպեսզի տանեն իրենց «պապային» ցույց տան, թե՝ տես ու հանգստացի, որովհետև նվաստացրել ենք սյունեցուն։ Էն բիգուձին, որձապոռնիկը դա էր տեսել, որ ասում էր՝ այդպես պետք է նվաստացնելով բերման ենթարկեն։
Իմ մտքով երբեք չի անցել, որ Հայաստանը կունենա այսպիսի իշխանություն, ով հայրենիքը կծախի, ազատագրված հայրենիքը։ Ինքս իմ կյանքի գնով եմ այդ հողերն ազատագրել, այդ պետության համար ամեն ինչ կյանքիս գնով եմ արել, հիմա եթե պետք է խոսեն, ապա ես պետք է խոսեմ։ Բա, այ ստոր արարածներ, կռվող մարդու մեջքը կկոտրե՞ն, այդպես է՝ հերոսի մեջքը կոտրում են, եկեղեցու դուռը կոտրում են, խաչն էլ գողանում են, սրբապիղծ են, խաչագողեր են, ամեն բան անում են, որ մեր ազգային արժեքները, գաղափարախոսությունը ոտնակոխ անեն։ Սյունեցու հետ դա չի հաջողվի անեն, որովհետև մենք՝ ի տարբերություն իրենց, ապրում ենք նժդեհյան գաղափարախոսությամբ»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից և մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի խորհրդակցությունից հետո, երբ վերջինս հրահանգեց հրապարակավ պատասխանատվության ենթարկել իր դեմ բողոքի ակցիա իրականացնողներին, իրավապահ համակարգը սկսեց բերման ենթարկել ու ձերբակալել համայնքների ղեկավարներին, նրանց տեղակալներին, պատերազմին մասնակցած քաղաքացիներին։ Շուռնուխի գյուղապետի եղբայրն այդ անձանցից մեկն էր, ում բերման էին ենթարկել՝ հաշվի չառնելով, որ թոքաբորբով հիվանդ է, ավելին՝ Քննչական կոմիտեում նրա նկատմամբ բիրտ ուժ կիրառեցին՝ քննիչի սենյակ տանելու համար։