Մեզ համար կարևոր են ոչ միայն խոսքերը, այլև գործերը. Արա Այվազյանը՝ Էրդողանի նամակի ու դրանում հնչեցված պատրաստակամության մասին

«Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»,- այս մասին այսօր Լիտվայի ԱԳ նախարարի Երևան կատարած այցի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչմանն ու Թուրքիայի նախագահի արձագանքին:

Նա նշեց, որ յուրաքանչյուր ապրիլի 24 յուրահատուկ օր է: Այվազյանի խոսքով, այս ապրիլի 24-ը՝ ետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը, հստակ և հատուկ միջազգային հնչեղություն ունեցավ: ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցության արտահայտմամբ, ինչպես նկատել եք, Հայաստան են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, եղան ուղերձներ միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: «Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»,- նկատեց նախարարը:

Արա Այվազյանն ասաց, որ կուզենար արդեն իսկ հայտնի ԱԳ նախարարության հայտարարությանն ավելացնել, որ ամբողջությամբ կիսում է նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայում:

«Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է, և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է այդ իմաստով: Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին ու այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մեզ համար կարևոր են ոչ միայն խոսքերը, այլև գործերը որի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում ևս եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն: Մեկ անգամ ևս վերահաստատեմ, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»,- նկատեց Արա Այվազյանը:

Տեղեկացնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ապրիլի 24-ի հետ կապված նամակ էր ուղարկել Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանին։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ նամակում, բացի ամեն տարի կրկնվող ցավակցական բառերից, կա նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հիշատակում։ Էրդողանը նշել է, որ իբրև թե տարբեր առիթներով թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել  Հայաստանի հետ լավ հարևանության և փոխադարձ հարգանքի հիմքի վրա հարաբերությունների զարգացման։ «Ղարաբաղի ճգնաժամի լուծումից հետո մեր այդ կոչը նորից բարձրաձայնեցինք։ Նույն կոչը նորից կրկնում եմ»,- գրել էր Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս