Բայդենի ուղերձում բացի Ցեղասպանություն եզրույթից կար նաև այլ կարևոր անվան օգտագործում. Շահան Գանտահարյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը բազմաթիվ հանգամանքներով դիտարժան է և կարող է նոր ելակետ ապահովել մեր հատուցման խնդիրների իրավական միջազգայնացման հետագա գործընթացին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Նախագահի ուղերձում կարծում եմ տեղ է գտել մի կարևոր ձևակերպում, որ ուշագրավ է և նախանշում է ԱՄՆ արտաքին քաքականության հեռակա ուղղությունները։ ԱՄՆ նախագահը, նկարագրելով 1915-ին ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականության ձերբակալությունը իբրև գործողությունների վայր օգտագործել է «Կոստանդնուպոլիս» անվանումը։ Ստամբուլը իր պատմական անունով կոչելը իր հերթին հստակ ուղերձ ունի․ սա ուղերձին ապահովում է կարևոր ուղենիշ՝ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների առումով նոր վեկտորի»,- ասաց Գանտահարյանը։
Նրա խոսքով՝ Կոստանդնուպոլիս անվան հիշատակումը կանհանգստացնի պաշտոնական Անկարայի ղեկավարներին։ «Սա արդեն Թուրքիայի ամենահիմնական քաղաքներից մեկի ոչ թուրքական լինելու մասին պաշտոնական բարձրաձայնում է Վաշինգտոնի կողմից։ Սա նախաբանային հանգամանք կարող է ունենալ նաև այն առումով, որ Վաշինգտոնը տարբեր առիթներին հիշի, որ Կոստանդնուպոլիսի նման այլ քաղաքներ և տարածքներ ևս ոչ թուրքապատկան են։ Իսկ դա քաղաքական տրամանությամբ խոսում է ամերիկյան դիվանագիտական զինանոցում նոր խաղաթղթի գրանցման մասին»,- նշեց Գանտահարյանը։