«Օրենքի տրամաբանությունը պահանջում է, որպեսզի նույն անձը չլինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար». Տարոն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի մեկնաբանությամբ՝ արդեն կա պրակտիկա, և գործնականում երեք տարի առաջ եղել է այնպես, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար եղել է նույն անձը, բայց այն ժամանակ այդ հարցը որևէ մեկը չի բարձրաձայնել։
«Հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանն ընտրվեց, հետո հրաժարական տվեց՝ ԱԺ լուծարման գործընթացը նույն ձևով տեղի ունեցավ, այսինքն՝ պրակտիկա ունենք, որ դա տեղի է ունեցել։ Ցավոք, մշակույթն այդ ճանապարհով է զարգացել, ինչը, իմ տեսական գիտելիքների մակարդակով կարող եմ ասել, որ սխալ է։ Ունենք այն, ինչ ունենք, և հիմա սա դարձնել նոր քննարկման առարկա, նոր քաղաքական միջավայրը ծանրաբեռնենք այս քննարկումներով՝ սխալ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մնալուն։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի ապրիլին արած հայտարարությանը, թե նա չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, Տարոն Սիմոնյանն ասաց, որ նույն մարդը մի քանի տարի հետո նույն պրակտիկան գործնականում կիրառեց, և կարծես թե քաղաքական դաշտում բոլորը դրա հետ համաձայն են, քանի որ հակառակ խոսք չի հնչել։
«Կրկնում եմ՝ օրենքի տրամաբանությունը պահանջում է, որպեսզի նույն անձը չլինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Օրենքում այդպես խիստ դրված չէ, դա միայն մեկնաբանություն է, ով ինչպես ուզում՝ մեկնաբանում է, բայց եթե զուտ մասնագիտականով ենք բխեցնում, մասնագիտականը պահանջում է, որ եթե անձը հրաժարական է տալիս, ապա չպետք է կատարի այն գործառույթները, որոնք մինչև հրաժարականը կատարել է»,- հավելեց Տարոն Սիմոնյանը։
Նա նաև ընդգծեց, որ ԱԺ լուծարումը կախված է վարչապետի հրաժարականից, և այստեղ ընդգծվում է այդ ինստիտուտի դերը։
Ինչ վերաբերում է տարածված խոսակցություններին, թե ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի մեջ է, Տարոն Սիմոնյանը նկատեց՝ մի օր հայ հասարակությունը՝ որպես քաղաքակիրթ հանրություն, պե՞տք է քաղաքակիրթ մշակույթ ձևավորեն և վերջնագրերով միմյանց հետ չխոսեն։
«Ասել ենք, որ մենք ուզում ենք, որպեսզի այս ԱԺ-ն լուծարվի, որպեսզի նոր ընտրություններ կազմակերպվի, եթե որևէ մեկս թեկնածու առաջադրենք, ընտրողը «Իմ քայլն» է, չի ընտրելու։ Ասել ենք, որ այս քաղաքական շրջափուլն ավարտենք, այդ ավարտը հնարավոր է բացառապես ԱԺ լուծարման և արտահերթ ընտրությունների միջոցով։ Հետևաբար՝ մեր կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու իմաստը ո՞րն է, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի խորհրդարանը լուծարվի, և գնանք արտահերթ ընտրությունների։ Սա քաղաքական մանիպուլյացիա է, և մեր գործընկերները դա շատ լավ գիտեն»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։