Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային կազմակերպություններին և տարածաշրջանի երկրներին կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Չերնոբիլի ատոմակայանի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը», գրում է minval.az-ը։
«Չեռնոբիլի աղետի մասշտաբային հետևանքներն ապացուցել են, որ ատոմային էլեկտրակայանների անվտանգությունը պետք է մտահոգի ոչ միայն այն երկրներին, որտեղ գտնվում են այդ կայանները, այլև շրջակա երկրներին, որոնք կարող են տուժել հնարավոր ռիսկերից։
Այս համատեքստում Հայաստանում Մեծամորի ատոմակայանի հետ կապված ռիսկերը պետք է մանրակրկիտ դիտարկվեն միջազգային հանրության կողմից։ Այդ ԱԷԿ-ը կառուցվել է նույն տեխնոլոգիայով, որը Չեռնոբիլում կիրառվել է 1976-1980 թվականներին, և գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։ Հնացած տեխնոլոգիաներն ու դիրքը Մեծամորը դասում են աշխարհի ամենավտանգավոր ԱԷԿ-ների շարքին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «չնայած տարբեր միջազգային կազմակերպությունների նախազգուշացումներին, Հայաստանը դեռ շարունակում է շահագործել այն, չնայած Մեծամորի ատոմային էլեկտրակայանի գործողության ժամկետը լրացել է»։
«Միջազգային բոլոր համապատասխան կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, որոնք զբաղվում են միջուկային անվտանգության և շրջակա միջավայրի հարցերով, ինչպես նաև տարածաշրջանի երկրներին կոչ ենք անում բարձրացնել հնարավոր աղետի կանխարգելման վերաբերյալ հանրության իրազեկվածությունը և համատեղել Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար ջանքերը»: