«Ո՞ւմ է հիմարի տեղ դնում. Ալիևը և Նիկոլը միասին ջարդում են սյունեցու, մեր բոլորի ողնաշարը». Կարեն Բեքարյան
«Ցավ է այն ամենը, ինչ տեսնում ենք։ Այս երեք տարիներին՝ իր չափով, 44-օրյա պատերազմը սկսվելուց հետո՝ իր չափով, նոյեմբերի 10-ից՝ իր չափով, ու ի՞նչ տեսանք երեկ՝ գիշերը ու այսօր՝ իր չափով։ Այս ցավը չի պակասում ու չի պակասելու, քանի սա իշխանության է, ու քանի սրանք իշխանության են ու քանի մեր նորմալ մեր քաղաքացիների հաշվին աթոռակռիվ են տալիս»,- Արամ Մանուկյանի արձանի մոտ հրավիրված «Ի աջակցություն ապօրինի ձերբակալված սյունեցիների» բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ կոչ անելով չթաքնվել, չասել, որ հոգնել են, և այլն։
«Այսօր այդ պահը չէ։ Այսօր Սյունիքը բոլորիս կարիքն ունի, և, վերջիվերջո, դրանով իրար թիկունքի չենք կանգնում։ Դա մենք ենք ու մեր թիկունքն է։ Նոյեմբերի 10-ից հետո Նիկոլը մնում է իշխանության՝ ընդամենը մեկ բանի հաշվին․ ինքն այս հասարակությանը ահաբեկում է, որ եթե հանկարծ իշխանությունը փոխվեց, այս երկիրը կունենա պատերազմ։ Այդ ահաբեկելու հաշվին ինքը մնում է իշխանության։ Ժողովուրդը կամաց-կամաց սկսեց հասկանալ, որ դա սուտ է, հերթական շահարկումն է, որ դա իր աթոռակռիվը ու իր խոստումներն են Էրդողանին ու Ալիևին։ Ժողովուրդը դա սկսեց հասկանալ։ Հիմա պետք էր որևէ կերպ նորից ժողովրդին բերել վախի դաշտ։ Ինչ արեցին՝ արեցին միասին։ Նիկոլի՝ Սյունիք գնալուց ընդամենը մեկ օր առաջ Ալիևը հայտարարեց՝ Զանգեզուրի միջանցքը կտան, չեն տա՝ կվերցնեն ուժով։ Ալիևի այդ հայտարարության հետևից Նիկոլը գնում է Սյունիք։ Ու ի՞նչ է արվում։
Ալիևը և Նիկոլը միասին ջարդում են սյունեցու ողնաշարը, մեր բոլորի ողնաշարը՝ նպատակը, ծրագիրը դա է։ Հիմա, փորձելով Սյունիքի տղերքին ընկճել, այդ վիդեոներն ու շոուները տարածելով՝ նա փորձում է ժողովրդին ահաբեկել՝ հասկացնելով, որ պատրաստ եղեք, տեսեք, ինչ է ձեզ սպասվում նախընտրական և ընտրական շրջանում։ Նույն աթոռակռվի մեդալի մյուս երեսն է։ Ուզում է մնալ՝ Ալիևի հետ իր ծրագիրն իրականացնելու համար: Իր համար չկա այս պետությունը, Արցախը, չկանք մենք։ Իր համար արդեն չկա իր թիմը, որոնցից յուրաքանչյուրին, առանց մեկ վայրկյան մտածելու՝ մատաղ կանի՝ մենակ իր աթոռի օրը երկարի։ Նրա ամեն ավել օրը տառապանք է, կորուստ, շատ դեպքերում՝ անդառնալի կորուստ, ոնց որ մեր 5000 երեխեքը, հայրենիքի կորցրած հատվածը, և այդ ամեն ինչը անընդհատ շաղախվում է ստով։
Մարդ ինչքան ստոր պետք է լինի, որ նոյեմբերի 10-ին ստորագրի ու հիմա իրեն ապուշի տեղ դնի՝ ստորագրված փաստաթղթում չկա՞ միջանցք, Նախիջևան բառը։ Լավ, ո՞ւմ ես հիմարի տեղ դնում։ Ո՞նց կարող է սաղ կյանքը հույսդ, չեղած արժեքդ միայն այն լինի, որ բոլորը քո խելքի են, որ բոլորը դեբիլ են, անգրագետ, կարդալ չգիտեն… Ու մաս-մաս, կտոր-կտոր ինչ հնարավոր է՝ հանձնես․ թղթով ստորագրես, հանձնես, բանավոր հանձնես, կեսից ստորագրես, հանձնես…
Ինչքան ժամանակ է՝ մենք չունենք գերիների, անհետ կորածների թիվը։ Ի՞նչ է կատարվում, ով՝ ում հետ է պայմանավորվել՝ այս խնդիրը բերել նախընտրականին հասցնել ու ժողովրդի աչքին թոզ փչել»,- նշեց Կարեն Բեքարյանը։
Նա ապա դիմեց պետական համակարգին․
«Ժողովուրդ, պետական բյուջեից այս պետության համար ծառայելու փող եք ստանում, այսօր այս հանցագործության մասնակիցն եք, որովհետև ով ձեզնով է աշխարհին ցույց տալիս, որ դեռ մեկ տարի տեր է, որ հլը սրա-նրա կոշիկը լիզելով՝ պետքական կլինի։ Բոլորդ կրում եք պատասխանատվություն։ Այն չեղած ԱԳՆ-ն, այս պատվերը ցինիկ ձևով կատարող իրավապահ համակարգը։ Բանակ… էլ ոնց էս ժողովուրդը կանգներ քո թիկունքին։ Վատ լուր ունեմ․ ժողովրդի հիշողությունն ավելին է, քան ձեզ թվում է, չհիշեն էլ՝ հիշեցնելու ենք․ ամեն օր ու ամեն ժամ հիշեցնելու ենք, որ ծախվողը քաղաքացու հետ հավասար փողոցում քայլելու հնարավորություն չունենա»։
Մանրամասները՝ տեսանյութում