«Պետք էր «մասկի-շոու» սարքել, որ կարողանան Սյունիքը գլխատել: Այդ նախարար կոչվածին իր մանկլավիկներով պետք է հեռացնել…». Գրիգոր Գրիգորյան
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը չի բացառում նախիջևանյան թևում սադրանքները՝ դիտարկելով այն աշխարհաքաղաքական խաղի համատեքստում:
«Գուցե մի քիչ դժվար է հասկանալ՝ ինչը որից հետո է, բայց, իմ կարծիքով, պլանավորված խաղ է գնում: Օրինակ, հնարավոր է ինչ-որ գործողությունների հրահրում ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին, որ նաև Նախիջևանի վրա «ձեռքը» դնեն: Եվ չի բացառվում, որ նմանատիպ գործողությունները հանգեցնեն համաշխարհային պատերազմի՝ մի շարք պետությունների ներգրավմամբ: Այն, որ Նախիջևանի հատվածում լարվածություն լինելու է, դա միանշանակ է, հիմա դա կլինի մոտ ժամանակներս, թե մեկ տարի հետո, ժամանակը ցույց կտա»,- 168.am-ում նշեց նա:
Ավելի վաղ Գրիգորյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե նախիջևանյան հատվածում հնարավոր գործողությունները երկու հանգամանքով կարելի է պայմանավորել. «առաջին՝ ՌԴ-ի կողմից սադրանք, որ Նախիջևանին ներքաշեն պատերազմի մեջ, հետագայում էլ ազատագրեն, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի, և երկաթուղին աշխատի, երկրորդ՝ եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն՝ ՀՀ-ի կործանման խնդիր է դրված, և չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան»:
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը երեկ տեղեկություն էր տարածել, թե Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել, ավելի ճիշտ՝ փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը մեղքը բարդել էր հայ զինծառայողների վրա, թե իբր «ապրիլի 21-ի երեկոյան Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, որոնք տեղակայված են ադրբեջանահայկական սահմանի Զանգիլանի շրջանի Սեյիդլյար գյուղում, ենթարկվել են հայ զինվորականների կողմից գնդակոծության:
Գնդակոծության են ենթարկվել նաև ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության ստորաբաժանումները, որոնք ծառայում են Հայաստանի տարածքում»:
ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական այս հայտարարությունը որակել էր վառ երևակայության արդյունք:
«Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ՝ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
avia.pro-ն էլ իր հերթին գրել էր, թե հայկական կողմը մարտական ինքնաթիռներ է օդ հանել:
Հայկական սոցցանցերում ևս կարծիքներ եղան, որ ՀՀ իշխանությունները սադրանքներ են հրահրել՝ ինչ-ինչ պայմանավորվածություններ կյանքի կոչելու, Սյունիքի, Մեղրիի շուրջ փաստաթղթեր ստորագրելու համար:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանն էլ նկատեց, որ, եթե անգամ այսօր Նիկոլ Փաշինյանն ուզենա հրաժարական տալ, նրան դրսի՝ իրեն իշխանության բերած ուժերը թույլ չեն տա:
«Բա հո սիրուն աչքերի համա՞ր չեն պահում Փաշինյանին: Պահում են, որ Փաշինյանն իր առջև դրված խնդիրը մինչև վերջ կատարի: Ինքը հասկացել է իր գլխի գալիքը, բայց տարբերակ չունի: Գիտեք՝ ինքը հիմա ցանկություն չունի՞ հրաժարական տալու, բայց «աշխարհի պապաները» թույլ չեն տալիս՝ անգլիական հատուկ ծառայությունները, Սորոսը, մասսոնները, նա կամակատար է սրանց ձեռքը: Թուրքիան այս հարցում դերակատարում չունի»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի բուն նպատակին, պահեստազորի գնդապետը նշեց՝ իշխանություններին պետք էր գնալ այնտեղ և աժիոտաժ ստեղծել, և ոչինչ, եթե հայհոյանքների արժանանա, բայց պետք էր «հիմք» ստեղծել որոշ մարդկանց անօրինական ձևով ձերբակալելու համար:
«Պետք էր «մասկի-շոու» սարքել, որպեսզի կարողանան Սյունիքը գլխատել»,- ընդգծեց Գրիգորյանը՝ նշելով, որ, եթե այս պահին արտահերթ ընտրություններ տեղի ունենան, Նիկոլ Փաշինյանն առավելագույնը 25-30 տոկոս ձայն է հավաքելու:
Հարցին՝ շատ է խոսվում Նիկոլ Փաշինյան-Ադրբեջան ինչ-ինչ բանավոր պայմանավորվածությունների մասին, ինչը ենթադրում է, որ դեռ տարածքներ կան զիջելու, ազատամարտիկը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ չի բացառվում, որ բանավոր պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանին հանձնվի Քյարքին՝ Տիգրանաշեն գյուղը:
Նշենք, որ Տիգրանաշենը Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի կազմում է։ Ի դեպ, Տիգրանաշենի միջով անցնում է Հայաստանի հյուսիսը հարավին կապող հիմնական մայրուղին։
«Եթե դա տան, կնշանակի՝ այդ ճանապարհն ամբողջությամբ փակվում է: Ադրբեջանը Ոսկեպարն է ուզում: Ամեն ինչ էլ ուզում են, հաղթող պետություն են»,- շեշտեց պահեստազորի գնդապետը՝ հավելելով, որ այս ամենին դեմ կանգնելու ռեսուրս ունենք, ղեկավարում չունենք:
«Բանակի «գլուխն» էլ են «կտրել»: Եթե խոսենք բանակի ապագայից, ապա շատ արագ վերակազմավորում է պետք: Արագացված ձևով այդ նախարար կոչվածին իր մանկլավիկներով պետք է հեռացնել, և բանակը շատ արագ տեմպերով վերազինել՝ պատրաստվելով առաջիկա պատերազմին: Այսինքն, զինվորը պիտի զինվոր դառնա: Զինվորը պետք է ենթարկվի իր հրամանատարին: Այսօր բանակում կարգուկանոն չկա, բայց այսօր զինվորին բան են ասում, դիտողություն անում, ասում է՝ Նիկոլին կբողոքեմ: Բանակում պետք է լինի հրաման և հրամանի կատարում: 15 տարի առաջ գուցե սնունդը այնքան էլ լավը չէր, համազգեստը միգուցե այնքան էլ լավը չէր, բայց բանակում կարգուկանոն կար: Այսօր զորամասի հրամանատարն անգամ չի կարող զինվորին ասել, օրինակ, գետնի վրա հրումներ արա: Կասի՝ ո՞վ ես դու, հենց հիմա Փաշինյանին կզանգեմ»,- ասաց պահեստազորի գնդապետը: