Երևանի քաղաքապետարանն ընդդեմ 10.000 բնակչի
Երևանի Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասում բնակվող ավելի քան 10.000 բնակիչները շուրջ մեկ տարի է պայքարում են թաղամասին պատուհասած խնդրի դեմ։
Բանն այն է, որ թաղամասը չունի քաղաքաշինական նորմերով սահմանված հեռավորությամբ դպրոց-մանկապարտեզ:
Թաղամասին շատ մոտ գտնվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող դպրոց-մանկապարտեզը թաղամասի բնակիչներին հասանելի չէ, քանի որ դպրոցի տարեկան վարձը 1,67 մլն ՀՀ դրամ է, իսկ մանկապարտեզի վարձը՝ ամսական 160.000 ՀՀ դրամ։ Իսկ թաղամասի բնակիչները հիմնականում երիտասարդ ընտանիքներ են, ովքեր բնակարանները ձեռք են բերել սոցիալական ծրագրի շրաջանակներում՝ առավելապես հիպոթեքային վարկավորմամբ:
Բնակիչները նաև բախվել են թաղամասի գերծանրաբեռնվածության խնդրին՝ կանաչ տարածքների ու խաղահրապարակների սահմանափակ լինելուն զուգահեռ՝ օր օրի վեր խոյացող բարձրահարկ նորակառույցների խնդրին։
Երևանի քաղաքապետարանը 2019 թվականից մի քանի բարձրահարկերի շինթույլտվություն է տրամադրել թաղամասին հարող տարածքներում։ Շինարար-սեփականատերերը մեծ ցանկություն ունեն հենց այդ տարածքում կառուցել շենքեր, քանի որ բնակիչների ջանքերով զարգացած ու Երևան քաղաքում բարի համբավ ու վարկանիշ ունեցող թաղամասին մոտ բարձրահարկեր կառուցելով՝ շատ ավելի հեշտ է մի քանի անգամ թանկ գնով վաճառել բնակարանները։
Բնակիչներն այժմ էլ բախվել են նոր խնդրի. թաղամասի անմիջապես հարևանությամբ մի քանի մետրի վրա Երևան, Ավան, Աճառյան փող 35/27 հասցեում գտնվող 0.2 հա տարածքում նախատեսվում է կառուցել երկմուտքանի 12-հարկանի շենքեր, որոնք լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնելու թաղամասի համար։
Այս խնդրի առնչությամբ նորակառույց թաղամասի բնակիչներն արդեն մոտ 1 տարի դիմում են պետական տարբեր ատյաններ: Մասնավորապես դիմել են կառավարություն, խնդրելով Երևան, Ավան, Աճառյան փող 35/27 հասցեում գտնվող 0.2 հա տարածքը ճանաչվի հանրային գերակա շահ, և այդ տարածքում կառուցվի թաղամասին սպասարկող կամ դպրոց կամ մանկապարտեզ:
Բնակիչների կողմից ստեղծված նախաձեռնող խումբը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ԿԳՍՄ նախարարության, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Ա.Մեսչյանի, ներկայիս գլխավոր ճարտարապետի պ/կ Ճգնավորյանի հետ:
Բոլոր հանդիպումների ճամանակ պետական պաշտոնյաները փաստել են, որ թաղամասը իրոք ունի դպրոց-պարտեզի խնդիր, սակայն կոնկրետ լուծումներ չեն տրվել, միայն ապագային միտված սին խոստումներ:
Մասնավորապես բնակիչների՝ ՀՀ կառավարության ներկայացրած ծավալուն նամակը 6 ամիս տարբեր պետական մարմիններ «թափառելուց» հետո, վերջապես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի կողմից ստացվել է պատասխան, որում նշում են, որ ԿԳՍՄ նախարարությունը փաստում է դպրոց-պարտեզի անհրաժեշտությունն այդ տարածքում, սակայն Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ազատ հողատարածք չկա:
Երևանի քաղաքապետարանն իր հերթին ոչ ստույգ ինֆորմացիա է ներկայացրել կառավարություն, իբրև թե 0.2 հա հողատարածքում հնարավոր չէ դպրոց-պարտեզ կառուցել, այնինչ Երևան, Ավան, Աճառյան փող 35/27 հասցեում գտնվող 0.2 հա տարածքին հարակից առկա են նաև համայնքային հողակտորներ՝ ընդհանուր 0.4-0.5 հա ընդհանուր տարածքով:
Երևանի քաղաքապետարանի տրամադրած «սուտ» տեղեկատվությունը կառավարություն և ԿԳՍՄ մի նպատակ ուներ, թաքցնելով իրական հողատարածքի չափսը, որքան հնարավոր է շուտ շինարարի հետ «գործարքի գնալ», և տրամադրել շինթույլտվություն: Վերջինս տրամադրվել է կասկածելի ժամանակաշրջանում և կասկածելի արագությամբ: Մասնավորապես 2020թ. աշնանը, երբ երկիրը պատերազմի, քաոսի ու սգի մեջ էր, երբ Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչները ինքնակազմակերպվելով փորձում էին օգնել պատերազմից տուժած մեր հայրենակիցներին՝ բնակարան, սնունդ հագուտս փնտրելով, Երևանի քաղաքապետ Հ.Մարուքյանը 2020թ. նոյեմբերի 5-ին ստորագրում է վերոնշյալ տարածքում շենքի շինթույլտվության ակտը:
Բնակիչները կարծում են, որ ժամանակաշրջանն հենց այնպես չէր ընտրված, և հաշվի առնելով, որ բոլորը զբաղված են պատերազմի հետևանքների վերացման և հումանիտար օգնությամբ, ոչ մեկ չի էլ մտածի շինթույլտվության վիճարկման գործընթաց սկսել:
2021թ. հունվար ամսին, երբ բնակիչները տեղեկացան շինթույլտվության մասին, դատական գործընթաց սկսեցին նախ ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հանրային գերակա շահ ճանաչել Երևան, Ավան, Աճառյան փող 35/27 հասցեում գտնվող 0.2 հա տարածքը, և պարտադրել քաղաքապետարանին դպրոց կամ պարտեզ կառուցեն, և վարչական բողոք ներկայացրեցին Երևանի քաղաքապետարանին՝ չեղյալ համարել տրված շինթույլտվությունը:
Երևանի քաղաքապետարանը՝ խախտելով օրենքով սահմանված ժամկետները, ոչ միայն պատշաճ ձևով չի պատասխանում բնակիչների դիմում-բողոքներին, այլ նաև կարծես «հովանավորում է» Երևան, Ավան, Աճառյան փող 35/27 հասցեում գտնվող 0.2 հա տարածքի սեփականատեր «Արմարշին Գրուպ» ՍՊԸ-ին: Հովանավորչությունը կայանում է հողի սեփականտիրոջ կողմից համայնքային հողակտրոների զավթման, ոչ պատշաճ ցանկապատի, շինարարության ցուցանակի և օրենքով սահմանված այլ պահանջների կատարմանը: Փոխարենը շինարարությունն ընթանում է լայն թափով:
Խնդիրն ուսումնասիրելիս պարզ է դարձել, որ նշյալ տարածքը՝ Երևան, Ավան, Աճառյան փող 35/27, պատկանում է «Արմարշին Գրուպ» ՍՊԸ-ին, ի դեմս տնօրեն Միքայել Արմենակի Մակինյանին, ում կինը ՀՀ առաջին ատյանի դատարանի դատավոր է, իսկ ՀՀ կադաստրի կոմիտեից, հարցմանն ի պատասխան՝ նշված է, որ տարածքը վաճառվել է 93.012.000 ՀՀ դրամ արժեքով։ «Արմարշին Գրուպ» ՍՊԸ սեփականատերերը, ըստ e-register.am կայքի, հանդիսանում են Մարատ Դանիելի Թամամյանը, Վարդան Վարուժանի Մանուկյանը և Արսեն Կոլյայի Հարությունյանը։
Ծարավ Աղբյուրի բնակիչները վճռական են տրամադրված օրենքով սահմանված իրենց շահերը պաշտպանելու, և հետևողականորեն դիմելու են դատարաններ՝ պահանջելով թե´ վերոնշյալ տարածքի հանրային գերակա շահ ճանաչելու, թե´ օրենքի խախտումներով տրված շինթույլտվությունը կասեցնելու և թե´ Երևանի քաղաքապետարանին պարտադրելու կատարել շուրջ 10.000 բնակիչ ունեցող թաղամասի հանդեպ իրենց պարտավորությունները:
Ծարավ Աղբյուրի բնակիչներ