Դատախազությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ ոստիկանության գործողությունների մասին

Երեկ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին բերման ենթարկելու օպերացիայի շրջանակներում կենտրոնացվել էին մեծաքանակ ոստիկանական ուժեր:

Գիշերն անգամ փորձ արվեց իշխանությունների սիրած «մասկի-շոուի» տրամաբանության մեջ ասֆալտին փռել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին ու տեսանյութն ուղարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա ու փաստաբան Գայանե Պապոյանի գրագետ գործողությունների արդյունքում շոուն չստացվեց, բայց այնուամենայնիվ, Մխիթար Զաքարյանին, օրենքի  խախտմամբ, ոստիկանական մեքենայով, 4 ավտոբուս ոստիկանների ուղեկցությամբ բերեցին Երևան, իսկ քիչ առաջ վերջինս ձերբակալվեց խուլիգանության և իշխանությունների ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու կազմակերպման կասկածանքի շրջանակներում:

Մխիթար Զաքարյանը, բնականաբար, չի ընդունում կասկածանքը: Իրավական անարխիան, սակայն, սկսվել է դեռ գիշերվանից, երբ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը տեղադրեց տեսանյութ, ըստ որի՝ գիշերը 4-ի սահմաններում, ոստիկանության Մեղրիի բաժանմունքի Կիրակոսյան ազգանունով պաշտոնյան Մեղրիի քաղաքապետին ասում է , որ վերջինս հրավիրված է ոստիկանության Մեղրիի բաժին՝ զրույցի:

Այդ պահի դրությամբ որևէ քննչական գործողության մասին չի հիշատակվում, չկա ծանուցագիր, առավել ևս՝ բերման ենթարկելու որոշում: Հրավիրում են զրույցի: Զաքարյանն ու փաստաբանը հենց այդ պահին համաձայնում են ներկայանալ, բայց ոստիկանության պաշտոնյան պնդում է, որ Մխիթար Զաքարյանն անպայման իրենց հետ իրենց մեքենայով պետք է գնա:

168.am-ը դիմեց Դատախազություն՝ հասկանալու, թե ո՞րն է նրանց դիրքորոշումը ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ: Եթե հրավիրում են, ինչո՞ւ են տանում իրենց մեքենայով ու 4 ավտոբուս ոստիկանների ուղեկցությամբ՝ հետո բերում Երևան:

Դատախազությունից, ի պատասխան մեր հարցի՝ ասացին, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել:

Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը, սակայն, պնդում է, որ կատարվել են ապօրինի գործողություններ, և իրենք անպայման հաղորդում են ներկայացնելու Հատուկ քննչական ծառայություն՝ քննության առարկա դարձնելու համար ոստիկանական գործողությունների իրավաչափության խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս