Մխիթար Զաքարյանին ՔԿ են բերել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածի շրջանակներում

Երեկ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի անփառունակ, խայտառակ այցից հետո  շատերն էին կանխատեսել ռեպրեսիվ գործողությունները, որոնց հրահանգը Ն․ Փաշինյանը տվել էր Սյունիքի մարզպետարանի շենքում ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին:

Մեր տեղեկություններով, գիշերը փորձ է արվել իշխանությունների սիրած «մասկի-շոուի» տրամաբանության մեջ ասֆալտին փռել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին ու տեսանյութն ուղարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա ու փաստաբան Գայանե Պապոյանի գրագետ գործողությունների արդյունքում շոուն չստացվեց, բայց այնուամենայնիվ, Մխիթար Զաքարյանին, օրենքի խախտմամբ, ոստիկանական մեքենայով, 4 ավտոբուս ոստիկանների ուղեկցությամբ բերեցին Երևան, և այս պահին նա Քննչական կոմիտեում է:

168.am-ի հարցի, թե ինչու է այս պահին Մխիթար Զաքարյանը գտնվում Քննչկան կոմիտեում, ՔԿ–ից պատասխանեցին, որ Զաքարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործն ընդունվել է ՔԿ և գտնվում է ՔԿ ՀԿԳ վարչության վարույթում:

ՔԿ–ից նաև հայտնեցին, որ Մ․ Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ինչպես նաև 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հիշեցնենք՝

Հոդված 258

1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով. պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, զուգորդվել է բացառիկ ցինիզմով:

Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

Հոդված 316

1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

2. Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ իշխանական և մերձիշխանական շրջանակները դեռ երեկվանից էին շրջանառության մեջ դրել այն թեզը, որ Սյունիքի բողոքի ակցիաները կազմակերպված էին սյունեցի համայնքապետերի կողմից:

168.am-ի հետ զրույցում, սակայն Մեղրի, Քաջարան և Գորիս համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը և Մանվել Փարամազյանը կտրականապես հերքել էին իրենց կողմից այդ բողոքի ակցիաների կազմակերպված լինելը:

Տեսանյութեր

Լրահոս