Ադրբեջանը իր կողմից հրադադարի խախտումները հայկական կողմի վրա բարդելու հուսահատ փորձ է անում. ՊՆ

Ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա`իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` Արցախի որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը.

«Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:

Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս