«Հստակ տեսանք, որ մարդիկ ոտքի կանգնեցին և բառիս բուն իմաստով դուրս շպրտեցին դավաճան իշխանության ներկայացուցչին՝ ցույց տվեցին, որ դա ամենակարճ ուղին է». Քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ երեկ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից  պետք է երկու կարևոր հետևություններ անել։

«Նախ, որ վերջին շրջանում դավաճան իշխանությունների դեմ մղվող ու մարող պայքարին նոր իմպուլս է տրվել՝ սյունեցիները ցույց տվեցին, որ պետք է շարունակել փողոցային ու հանրային ճնշման միջոցով հասնել այն օրակարգին, որպեսզի իշխանությունները հեռանան։ Երկրորդը՝ մենք հստակ տեսանք, որ մարդիկ ոտքի կանգնեցին և բառիս բուն իմաստով դուրս շպրտեցին դավաճան իշխանության ներկայացուցչին, և ցույց տվեցին, որ դա ամենակարճ, արդյունավետ ու վստահելի ուղին է»,- Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ըստ նրա, արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք որպես խայծ՝ դաշտ են նետվել իշխանության կողմից, կամ սահմանադրական փոփոխություններ և այլն, բոլորն այն օրակարգերն են, որոնք միտված են երկարացնելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում, եթե ոչ՝ հավերժացնելու։

«Հասկանալի է, որ նման կերպով Նիկոլը փորձում է վերարտադրվել, փորձում է նաև արդարացված համարել կապիտուլյացիոն փաստաթուղթը, ներկայացնելով, թե այն հայ ժողովրդի պահանջն էր, մինչդեռ մենք երեկ այլ բան տեսանք։ Երեկ մենք տեսանք, որ հայ ժողովրդի ցանկությունները, պահանջներն ու օրակարգն այլ է։ Երեկ Սյունիքում կանգնած ժողովուրդը Նիկոլի դեմ չէր պայքարում, նա պայքարում էր հիմնականում իր ինքնուրույնության, սեփական տանը ապրելու և այն չայրելու իրավունքի համար։ Սյունեցին տեսնում է, որ կանգնած լինելով հրապարակում՝ ինքը գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ, այն պատճառով, որ Փաշինյանը հողերը, բարձունքները հանձնել է թշնամուն»,- ընդգծեց Հ. Մելիք-Շահնազարյանը։

Միաժամանակ քաղաքագետը նկատեց, որ Սյունիքում այդ դժգոհությունները նոր չեն, դրանք առաջ են եկել նոյեմբերի 9-ից հետո:

Հիշեցնենք, որ Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին բերման են ենթարկել Քննչական կոմիտե, նրա դեմ արդեն քրեական գործ են հարուցել և պատրաստվում են ձերբակալել։

Տեսանյութեր

Լրահոս