«Երկրի ղեկավարն իր երկրում չի կարողանում տեղաշարժվել առանց ռուսների ուղեկցության․ եթե ռուսն իր ոտքն այնտեղից քաշի, Սյունիքը դատարկվելու է». Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ այն, ինչ այսօր տեղի է ունենում, ոչ թե Սյունիքի համայնքների ղեկավարներին, փոխքաղաքապետերին ու բնակիչներին բերման ենթարկելու խնդիր է, այլ, որ Սյունիքը մի ոսկոր է, որը կանգնած է Փաշինյանի, Էրդողանի ու Ալիևի կոկորդին։
«Սյունիքը կոտրելով՝ նրանք վերջնականորեն լուծելու են պանթուրքիզմի, նեոօսմանիզմի ծրագիրը, այսինքն՝ Թուրքիայի ճանապարհը բացում են դեպի Չինաստան, և միակ խանգարող հանգամանքը Սյունիքն է։ Մենք տեսնում ենք Ալիևի հայտարարությունները, որոնք անարձագանք են մնում, Թուրքիայի վարքը և ՀՀ իշխանությունների զիջողականությունը։ Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ չկա Սյունիք, չկա խնդիր»,- այս մասին Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Քոչարյանը։
Նրա բնորոշմամբ՝ «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ասածներին հավատալը և առհասարակ նրան հավատալն արդեն անեկդոտ է դարձել, քանի որ նա միշտ ստում է։
«Տեսնում ենք մի տարածաշրջան, որը կորցրել է իր անվտանգությունը։ Երկրի ղեկավարը երթևեկում է մեքենայով, որի դիմացից գնում է ռուսական դրոշով ավտոմեքենան, այսինքն՝ երկրի ղեկավարն իր երկրում չի կարողանում տեղաշարժվել առանց ռուսների ուղեկցության, քանի որ իր քաղաքականության պատճառով 21 կմ մեր ճանապարհից տվել են Ադրբեջանին։ Իսկ ի՞նչ ասի սովորական սյունեցին, ում դեմից ռուսական մեքենա չի գնում, եթե ռուսն իր ոտքն այնտեղից քաշի, Սյունիքը դատարկվելու է, որովհետև բոլոր լավ դիրքերն ու բարձունքները տվել են թշնամուն։ Ի տարբերություն Երևանի, Սյունիքում շատ լավ են հասկանում՝ ինչ է անվտանգությունը»,- հավելեց նա։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Սյունիքն այսօր շատերին խանգարում է։
«Սյունիքի հայաթափումը ձեռնտու է, Փաշինյանի լեզվով ասեմ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի իշխանություններին։ Նպատակն այն է, որ Հայաստանը դառնա ճանապարհին գազի զապռավկա, որտեղ Թուրքիան կգա հաճույք կանցկացնի, գումար կտա ու կգնա, և այդ գումարը կտնօրինի Նիկոլ Փաշինյանը և իր մերձավոր օլիգարխները։ Սյունիքը դա չի ուզում, Արցախը դա չէր ուզում»,- շեշտեց նա։
Թե ինչո՞ւ իրավապահները որոշեցին կեսգիշերն անց ներխուժել Մեղրիի համայնքապետի բնակարան, այն խուզարկել, ապա նրան բերման ենթարկել, Տիգրան Քոչարյանը պատասխանեց, որ այդ ամենը պայմանավորված է Հայաստանը ղեկավարող անձի կերպարով։ Ստացվում է, որ երկիրն ապրում է այնպես, ինչպիսի տրամադրություն ունի այդ օրը Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին բերման են ենթարկել Քննչական կոմիտե, նրա դեմ արդեն քրեական գործ են հարուցել և պատրաստվում են ձերբակալել։