«Իմ եղբորը բերման են ենթարկել, քանի որ հունվարի 5-ին իր տունը վառելիս «օրհնանք» է տվել Փաշինյանին, խոչընդոտել է նրա նախորդ այցը Սյունիք, պատերազմի մասնակցած տղա է». Շուռնուխի գյուղապետ
Նիկոլ Փաշինյանի երեկվա Սյունիք կատարած այցից հետո՝ այսօր արդեն կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, շատերին տարել են անհայտ ուղղությամբ։ Բերման են ենթարկել այն մարդկանց, որոնք Նիկոլ Փաշինյանից պահանջում էին պատասխանել տարբեր հարցերի, մասնավորապես՝ ինչո՞ւ է ադրբեջանցին իր դրոշով հայտնվել իրենց գյուղում կամ քաղաքում։
Քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում ԱԱԾ ու ոստիկանության պետերի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ուղիղ հրահանգեց՝ հրապարակային պատասխանատվության ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Մեղրիի քաղաքապետի նկատմամբ արդեն քրեական գործ են հարուցել։ Բերման են ենթարկել նաև Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի եղբորը, ով մասնակցել է Արցախի երեք պատերազմներին, գյուղում ադրբեջանցիների հայտնվելուց հետո կորցրել է տունը և այս պահին թոքաբորբով հիվանդ է։
Ի դեպ, Մեղրիի համայնքապետի փաստաբան Գայանե Պապոյանը տեսանյութ է տարածել, թե ինչպես են Քննչական կոմիտեում նրան բռնի ուժով, քարշ տալով փորձում տանել քննիչի սենյակ՝ հաշվի չառնելով, որ նա հիվանդ է։
168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ եղբայրը դեռ Երևանում է՝ Քննչական կոմիտեում։
«Իմ եղբորը բերման են ենթարկել, քանի որ նա հունվարի 5-ին իր տունը վառելիս «օրհնանք» է տվել Փաշինյանին, խոչընդոտել է Փաշինյանի նախորդ այցը Սյունիք։ Հիմա էլ նրանից վրեժ են լուծում, էլի, ի՞նչ իմանամ՝ ինչ են անում։ Եթե մարդուն բերման են ենթարկում, պետք է գոնե հիմք ունենան, որևէ բան չկա, կարմիր բերետավորներն իրեն «դուխով վերցրել» ու տարել են»,- նշեց Հակոբ Արշակյանը։
Հակոբ Արշակյանն ասաց, որ եղբայրը հեռախոս չի վերցրել հետը, թողել է տանը։
«Եղբայրս հիվանդ էր, ճիշտ է, թեստ չի հանձնել, հնարավոր է՝ կորոնավիրուս էլ լինի, բայց հասանելիք դեղերը, որոնք վերաբերում են կորոնավիրուսին, խմել է, դրանք կիսատ են մնացել, նաև սրսկվում է։ Եղբայրս մասնակցել է Արցախի 44-օրյա պատերազմին, եղել է Ջաբրայիլում, 2016 թվականի ապրիլի 2-ին արդեն Եղնիկներում էր, 90-ականներին էլ 16 տարեկան տղա էր, զենքն ուսին գցած՝ մասնակցել է Գորիսի ինքնապաշտպանական մարտերին։ Երեք պատերազմների մասնակցած տղա է»,- ընդգծեց Հ. Արշակյանը։
Նրա կարծիքով՝ հնարավոր է՝ այս ամենն արել են, որպեսզի եղբորը լռեցնեն։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ իրեն ևս բերման ենթարկեն, Հակոբ Արշակյանը չբացառեց։
«Այո, հնարավոր է՝ ինձ էլ բերման ենթարկեն, սպասում ենք, որ ինձ էլ կայցելեն։ Թեկուզ խելքս բան չի կտրում, որ կգան՝ այստեղից ինձ էլ կտանեն,- նշեց նա, ապա ծիծաղելով հավելեց,– Ինձ որ տանեն, ամբողջ գյուղը քոչելու է։ Առհասարակ ես վախենալու որևէ բան չունեմ, եթե մարդն ունի իր սեփական կարծիքը, և այն պետք է հայտնի, ուրեմն՝ պետք է հայտնի, լինի կոշտ թե փափուկ, մարդը պետք է արտահայտվի։ Մեկը հուզված է, որովհետև տուն է կորցրել, մեկը տեսնում է, որ ընկերը, ով կյանքի գնով բարձունք է ազատագրել, այսօր հանձնել են, տուն են վառում, նեղվում են։ Մարդկանց հասցրել են դրան, որ այսօր այդպես են արտահայտվում»։