Բաժիններ՝

Ռուսաստանի ՌԾՆ-ի նավերը Ղրիմի շրջանում ծով են դուրս եկել միջտեսակային վարժանքների համար

Ռուսաստանցի զինվորականներն ապրիլի 22-ին միջտեսակային վարժանքներ կանցկացնեն Ղրիմի «Օպուկ» զինափորձարանում՝ մարտունակության անակնկալ ստուգման շրջանակներում: Սեւծովյան նավատորմի նավերը, Հարավային ռազմական օկրուգի կասպիական ֆլոտիլիայի ուժերի մի մասն արդեն ծով են դուրս եկել վարժանքների անցկացման շրջանում: Այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Վարժանքներին մասնակցում են համազորային միավորման ստորաբաժանումը, ռազմաօդային եւ հակաօդային պաշտպանության միավորումները, մարտանավերը եւ նավերը, Սեւծովյան նավատորմի առափնյա զորքերի զորամասերը, Հարավային ռազմական օկրուգի կասպիական ֆլոտիլիայի ուժերի մի մասը, ինչպես նաեւ Օդադեսանտային զորքերի (ՕԴԶ) ստորաբաժանումը: ՌԴ պաշտպանության նախարարությունում չեն ճշտել, թե ինչ թվով անձնակազմ եւ ռազմական տեխնիկա կգործարկվի զորավարժություններում:

«Օպուկ» զինափորձարանը գտնվում է Թեոդոսիա քաղաքից 60 կիլոմետր եւ Կերչից 40 կիլոմետր հեռավորության վրա: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինափորձարանի հնարավորությունները թույլ են տալիս կատարելագործել զորքերի դեսանտավորման եւ «հակառակորդի» հակադեսանտային պաշտպանության հաղթահարման առաջադրանքները, միաժամանակ ափ հանել ծովային հետեւազորի մինչեւ երկու գումարտակ, ինչպես նաեւ գործի դնել օպերատիվ-տեխնիկական եւ բանակային ավիացիան:

Ռուսաստանն ապրիլի 20-ից 24-ը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Ղրիմի եւ Սեւ ծովի մի մասում եւ ապրիլի 24-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն իր տարածքային ջրերով փակել էԷ անցումը օտարերկրյա ռազմանավերի եւ Սեւ ծովի շրջանների մի շարք այլ պետությունների նավերի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս