Ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի բնակելի տան վրա. Շուշիի՞ց են թիրախավորել. armeniasputnik.am
Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշեց, որ տանը երեխաներ են եղել։
Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել ապրիլի 20-ի օրվա երկրորդ կեսին: Արցախի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետզրույցում հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա նշեց, որ ոստիկանությունը Ստեփանակերտի Հայկավան թաղամասում գտնվող տան բնակչից ահազանգ է ստացել ապրիլի 20–ի ժամը 15:00-ի սահմաններում:
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ կրակել են փոքր տրամաչափի զինատեսակից, որի հետևանքով ծակվել է բնակելի տան տանիքը: Տան մեջ հայտնաբերվել է մեկ փամփուշտ: Տանը երեխաներ են եղել, բայց բարեբախտաբար տուժածներ չկան: Ներկայում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշեց Թադևոսյանը:
Նա հավելեց, որ ուսումնասիրվում է՝ արդյո՞ք հնարավոր է, որ փոքր տրամաչափի զինատեսակից Շուշիից թիրախավորած լինեն բնակելի տունը Ստեփանակերտում:
Նշենք, որ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակոց է արձակել: Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է:
Այսօր էլ ՊԲ–ն հայտնեց, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: