Հնդկաստանում առաջին անգամ COVID-19-ի ավելի քան 300 հազար դեպք են հայտնաբերել մեկ օրում

Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 314 հազար 835 մարդ. դա առավելագույն ցուցանիշն է համավարակի ողջ ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:

Մահվան դեպքերի թիվը նույնպես նորացրել է առավելագույն ցուցանիշը՝ ավելի քան 2,1 հազար մարդ: Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է COVID-19-ի գրեթե 16 միլիոն դեպք, 184 հազար հիվանդ մահացել է: Այժմ Հնդկաստանը վարակվածների թվով ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:

Հիվանդացության աճը Հնդկաստանում շարունակվում է արդեն 41-րդ օրը: Այդ ժամանակաշրջանում COVID-19-ի դեմ բուժման ընթացակարգ անցնողների թիվը 135,9 հազարից հասել է գրեթե 2,3 միլիոնի: Մեկ օրում ամենաշատ վարակվածներ հայտնաբերվել են Մահարաշտրայի նահանգում՝ 67,4 հազար: Նրան հաջորդում են Ութար-Փրադեշը՝ 33,1 հազար, Դելին՝ 24,6 հազար, Քառնաթաքան՝ 23,5 հազար և Քերալան՝ 22,4 հազար մարդ: Դրա հետ մեկտեղ Հնդկաստանում անցկացվում է զանգվածային պատվաստում:

Միայն մեկ օրում ներարկում է ստացել 2,2 միլիոն մարդ, պատվաստված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է 132 միլիոնը: Ընդամենը երկրի իշխանությունները հավանություն են տվել երեք պատվաստանյութի՝ տեղական Covaxin-ին, AstraZeneca-ի պատվաստանյութի հնդկական տարբերակին, որը կրում է Covieshield անդանումը, և ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ին (դրա մատակարարումները կսկսվեն մինչև ապրիլի վերջը, իսկ մայիսին արտադրությունը կմեկնարկի հենց Հնդկաստանում), տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս