ԱՄՆ-ը մտադիր չէ դիտորդի դերին վերադառնալ Սիրիային նվիրված Աստանայի ձևաչափով հանիդիպումներում
ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում որպես դիտորդ մասնակցել Աստանայի ձևաչափով Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին: Ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Մոզերը:
«Մենք կարծում ենք, որ Սիրիայի հակամարտության կարգավորման համար ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևի գործընացն ամենահարմար տարբերակն է: Այդ պատճառով մենք այժմ չենք ցանկանում դիտորդ լինել մյուս գործընթացում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ը պլանավորում է արդյոք որպես դիտորդ վերադառնալ Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին: Սպասվում է, որ Աստանայի ձևաչափով հերթական կոնսուլտացիաները Նուր Սուլթանում կկայանան ընթացիկ տարվա կեսերին:
Այդ ձևաչափով 15-րդ միջազգային հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 16–17-ը Սոչիում: Հանդիպման արդյունքներով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը) համատեղ հայտարարության մեջ հավաստել են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատուն կողմնակցությունը և համաձայնության են եկել միասին շարունակելու պայքարն ահաբեկչության դեմ Արաբական Հանրապետության տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: