
Ֆլոյդի մահվան մեջ մեղավոր նախկին ոստիկանին տեղափոխել են Մինեսոտայի խիստ ռեժիմի բանտ

Նախկին ոստիկան Դերեք Շովինը, որն ապրիլի 20-ին մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան գործով, տեղափոխվել է Մինեապոլիսից (Մինեսոտայի նահանգ) ոչ հեռու Օուք Փարկ Հայթս խիստ ռեժիմի բանտ: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել է KARE հեռուստաալիքը:
Ներկայումս նախկին ոստիկանը պահվում է մենախցում: «Նա գտնվում է անվտանգության մեջ և պահպանության ներքո Օուք Փարկ Հայթս բանտում»,- մեջբերում է հեռուստաալիքը Մինեսոտայի պատիժների կատարման ծառայության ներկայացուցիչ Փոլ Շնելլի խոսքը:
Ապրիլի 20-ին Մինեապոլիսում երդվյալների դատարանը Շովինին մեղավոր է ճանաչել երկրորդ և երրորդ աստիճանի սպանության, այսինքն՝ չկանխամտածված սպանության, ինչպես նաև Ֆլոյդին երկրորդ աստիճանի անզգուշությամբ մահ պատճառելու մեջ: Այդ հանցագործություններից ամենածանրը երկրորդ աստիճանի սպանությունն է: Դրա համար առավելագույն պատիժը կազմում է 40 տարվա բանտարկությունը: Լայն արձագանք ստացած դատաքննությունն սկսվել էր մարտի 8-ին: Շովինն անցյալ տարվա մայիսի 25-ին Ֆլոյդին ձերբակալելիս կիրառել է խեղդող հնարք:
Աֆրոամերիկացին դրանից հետո շատ չանցած մահացել է: Մայիսի 26-ին Շովինին և ևս երեք իրավապահների, որոնք մասնակցել են Ֆլոյդի կալանավորմանը, հեռացրել են: Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ-ում տեղի են ունեցել զանգվածային բողոքներ և անկարգություններ:
Անդորրի վերականգնման համար տեղի իրավապահ մարմիններին է միացել ԱՄՆ-ի Ազգային գվարդիան: Մոտավորապես 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում, սահմանվել է պարետային ժամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։