Եթե Պուտինը կամ Մակրոնը հայտարարել են, նշանակում է՝ պետք է նստենք, սպասենք, որ իրենք գան, պահպանե՞ն. Գագիկ Գյուրջյան
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ՝ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է՝ որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այդ օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի նախկին տնօրեն, ԻԿՈՄՕՍ/Հայաստան կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանի խոսքով՝ հատկապես արցախյան երկրորդ պատերազմից հետո առավել ցայտուն կարևորվեց պատմամշակութային ժառանգության կառավարման կայուն, լուրջ լծակներով օժտված համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը։
«Մենք, ըստ էության, տարիներ շարունակ թմբկահարում ենք, որ անհրաժեշտ է ստեղծել պատմամշակութային ժառանգության կառավարման կայուն, լուրջ լծակներով օժտված համակարգ, որը մեր երկիրը չունի՝ սկսած 2003 թվականից, երբ այդ կառույցն ընդգրկեցին Մշակույթի նախարարություն և տարրալուծեցին: Մենք չունենք կառավարման պետական համակարգ, որի հիմնական գործը պետք է լինի՝ զբաղվել պատմամշակութային ժառանգության խնդիրներով, դրա պահպանությամբ՝ ոչ միայն Հայաստանում, այլև դրսում, ինչպես նաև կապեր հաստատի: Այսինքն, ունենա իրավասություններ՝ ինքնուրույն ոլորտը կարգավորելու համար: Իսկ դրան զուգահեռ՝ անհրաժեշտ է ստեղծել մասնագետների դպրոց, որը, ցավոք, տարիների ընթացքում վերացավ»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Գյուրջյանը:
Նա կարևորեց հետևողական աշխատանքներ իրականացնելը նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հուշարձանների հարցով:
«Տեսեք, ասում ենք՝ մեր ժառանգությունն ադրբեջանցիները վերագրում են աղվաններին, ուդիներին, այնտեղ ապրած քրիստոնյաներին և այլն: Իսկ մեր կողմից ոչ մի պատասխան չկա: Մեզ պետք չէ իրենց ուղղակի պատասխանել, մեզ պետք է հետևողական, լուրջ աշխատանք տանել մասնագիտական ոլորտներում: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ հայագիտական կենտրոններ, հայագետներ, որոնք կարող էին լծվել այդ գործին, եթե մենք ունենայինք ինքնուրույն գործող կառույցը:
Նախարարությունը, հատկապես ԿԳՄՍՆ-ն, այնքան խնդիրներ է խառնել իրար, որ ոչ ի վիճակի է, ոչ էլ կարող է կոնկրետ զբաղվել այդ խնդիրներով: Ընդամենը մի փոքրիկ վարչություն են ստեղծել, որը հագեցած չէ մասնագետներով և չունի այն լծակները, որը կարող է զբաղվել այս խնդիրներով, դրա համար անընդհատ թմբկահարում ենք այս խնդիրը: Սկսած դպրոցներից՝ երեխաների մեջ պետք է ներմուծել հարգանք ժառանգության նկատմամբ: Մենք՝ ինքներս, լավ չենք ճանաչում մեր երկիրը, ժառանգությունը: Շատ հաճախ չենք ճանաչում մեր հուշարձանները ու չենք էլ կարողանում պատասխանել, դրա համար առաջին հերթին պետք է սկսել դպրոցից:
Տարիներ առաջ ԻԿՕՄՕՍ-ը մի ձեռնարկ է հրատարակել դպրոցի ուսուցչի համար, որ նա կարողանա պատմամշակութային ժառանգության պահպանության դասընթացներ կազմակերպել: Հետո դա պետք է շարունակել մեր բուհերում, սակայն մենք այսօր այդ ոլորտի տեսաբաններ չենք պատրաստում: Լավ պատմաբաններ, հնագետներ ունենք, բայց բուն ժառանգության պահպանության, ճարտարապետական ժառանգության ոլորտի մասնագետներ չունենք ու չենք էլ ուզում պատրաստել: Դրա կարիքն այսօր այնքան է զգացվում… արցախյան երկրորդ պատերազմից հետո կատարվածը դաս պետք է լինի մեզ համար: Պետք է հասկանանք անհրաժեշտությունն ու մի տեղից սկսենք»,- նշեց ԻԿՈՄՕՍ/Հայաստան կազմակերպության նախագահը:
Ինչ վերաբերում է հաճախ արտահայտվող այն մտքերին, թե Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հուշարձանների ճակատագրի հարցը ՅՈւՆԵՍԿՕ-ի դաշտում է, Գագիկ Գյուրջյանը նկատեց.
«Ի՞նչ է նշանակում՝ հույս դնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա: ՅՈՒՆԵՍԿՕ-ն շատ-շատ ասի՝ մենք դատապարտում ենք, և կփորձի փորձագետներ ուղարկել, որը մեր հարևան երկիրը թույլ չի տա: Բազմաթիվ լծակներ կան, որոնցից պետք է օգտվել: Կան բազմաթիվ միջազգային այլ կառույցներ, որոնց պետք է «խառնել»: Մենք լիարժեք չօգտվեցինք ՌԴ նախագահ Վլ.Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունից: Եթե Պուտինը կամ Մակրոնը հայտարարել են, որ հայկական մշակութային ժառանգությունը պետք է պահպանել, դա նշանակում է՝ պետք է նստենք, սպասենք, որ իրենք գան, պահպանե՞ն: Ոչ, պետք է օգտվել նրանց հայտարարություններից և համապատասխան կառույցների հետ աշխատելիս այս հայտարարությունները ձեռքում ունենալ: Ասենք Մակրոնի հայտարարությունից, հետո մասնագետները եկան այստեղ, հանդիպումներ ունեցան, քննարկեցին ու գնացին, հետո՞: Հետևողականություն է պետք, այդ խնդիրների հետևից պետք է գնալ, իսկ դա պետք է անի այն կառույցը, որը որ այսօր մեզ մոտ գոյություն չունի»:
Նշենք, որ մոտ 1500 հայկական մշակութային ժառանգության կոթողներ մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Արդեն տևական ժամանակ է` ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարողանում ստանալ Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը` նրա տիրապետության տակ անցած հայկական պատմամշակութային կոթողների վերահսկողություն և զննում իրականացնելու համար։