«Ադրբեջանը հարվածելու էր հենց այն պահին, երբ իր պետության հզորությունը գնահատեր ամենաբարձրը, իսկ հակառակորդինը՝ ամենացածրը». Ռազմական փորձագետը՝ Նիկոլ Փաշինյանին
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսելով վերջին պատերազմի սկսման պատճառներից, հայտարարել էր. «Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել են ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև որքան անկումը շարունակվեր, այնքան ավելի հեշտ կլիներ: Թռիչքի պահին ա պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ավելի դիմակայելու, ռեսուրսներ կուտակելու: Թե չէ ասում են՝ ասել ես՝ Արցախը Հայաստան ա: Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան ա, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան ա»։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը 168.am-ի հետ զրույցում անհեթեթ համարեց Փաշինյանի այս հայտարարությունը՝ ասելով․
«Ավելի անհեթեթ մեկնաբանություն դժվար թե ինչ-որ մեկը կարողանար անել: Այն, որ Ադրբեջանն ինչ-որ պահի հարվածելու էր, դրա հետ բոլորը համաձայն են, ամբողջ հարցն այն էր՝ կոնկրետ երբ: Իսկ ընդհանուր առմամբ, ամեն ինչ ավելի քան պարզ էր. Ադրբեջանը հարվածելու էր հենց այն պահին, երբ իր պետության հզորությունը գնահատեր ամենաբարձրը, իսկ հակառակորդի, տվյալ դեպքում՝ մեր պետության հզորությունը՝ ամենացածրը:
Պետությունների հզորությունները հաշվելու և գնահատելու տարբեր մեթոդներ և բանաձևեր կան, որտեղ հաշվի են առնվում հիմնականում մի քանի պարամետրեր՝ տնտեսության վիճակ, բանակի կարողություններ, դաշնակիցների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, ազգային նպատակ և այլն: Պետության հզորությունն ուղիղ համեմատական է այս պարամետրերից ցանկացածին: Ադրբեջանի դեպքում այս բոլոր պարամետրերն իրենց իսկ գնահատմամբ հասել էին առավելագույնի՝ դաշնակիցների աջակցությունից սկսած՝ մինչև ազգային նպատակ: Այսինքն, պետության հզորությունը վերջին 30 տարվա համեմատ ընդունել է ամենաբարձր արժեքը: Հայաստանի դեպքում այդ հզորությունը գնահատվել է ամենացածրը՝ դարձյալ դաշնակիցների հետ հարաբերության մակարդակից՝ մինչև ներքաղաքական վիճակ, որտեղ նաև սևերի և սպիտակների բաժանում կար, ինչը, բնականաբար, մեծ ազդեցություն է ունենում պետության հզորության արժեքի վրա: Ալիևն իր հաշվարկներում, ցավոք սրտի, չսխալվեց»,- նշեց նա:
Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ անհեթեթ հայտարարությանը, թե ինքն ունեցել է զգացողություն, որ պատերազմն անխուսափելի է, սակայն համապատասխան ինստիտուտներն այդ ամենը չեն արձանագրել, չի եղել ինստիտուտ, որ իրեն զեկուցի՝ պատերազմն անխուսափելի է, ավելին, չեն համաձայնել իր գնահատականի հետ, թե պատերազմի հավանականությունը մեծանում է:
«Նախ հիշեցնեմ, որ պատերազմի օրերին իր իսկ ելույթներից մեկում նա հստակ ընդգծել է՝ մենք գիտեինք, որ պատերազմ լինելու է, ուղղակի չգիտեինք ժամը և հարձակման ուղղությունը: Մյուս կողմից, իր այդ հայտարարությունով նա ուղղակի հարված է հասցնում այն բոլոր ինստիտուտներին, որոնք պատասխանատու են այդ գնահատականների համար: Եթե անգամ ընդունենք, որ դա այդպես է, այսինքն՝ վարչապետն իր վերլուծություններով հանգել է այն եզրակացության, որ պատերազմն անխուսափելի է, իսկ այդ ինստիտուտները հակառակն են պնդել, ապա դրա պատասխանատուն և մեղավոր ինքն է: Վերջին երեք տարիների ընթացքում այդ ինստիտուտների՝ ԳՇ-ի և ԱԱԾ-ի ղեկավարներ են փոխվել 3-4 անգամ, ինչը, բնականաբար, այդ կարճ ժամանակահատվածում չէր կարող ուժեղացնել այդ կառույցների իմունիտետը, իսկ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ղեկավարը պարտավոր էր այդ ամենը գիտակցել և հասկանալ: Գեներալներին և այլ պատասխանատու անձանց մեղադրելուց առաջ պետք է հիշել, որ այդ ամեն ինչի պատասխանատուն հենց ինքն է՝ վարչապետը»,- եզրափակեց Վիտալի Մանգասարյանը: