Կարծես ամեն ինչ լուծել են՝ հիմա մնացել է ընդամենն այդ ամանորյա տոնացույցի փոփոխությունը․ Տնտեսագետ
Կառավարությունն այսօր շուրջ 20 րոպե քննարկում էր «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց՝ նախագծով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը։
«Այս նախագիծն ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը։ Այն կարգավորումները, որոնք մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է մեր երկրում հայտարարվում։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի՝ գործարարները, բիզնեսը, ամբողջ տնտեսությունը, չեն կարող թույլ տալ նման շռայլություն։ Եվ մենք պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ մոտ 1,5 տոկոսով։ Համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47,5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35,4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը՝ 33,9 մլրդ դրամով։
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց խուճապի չմատնվել արվող առաջարկից և արձանագրեց, որ այս թեման շատ վաղուց հասունացած ու քննարկվող թեմա է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը դեմ է այս տեսքով նախագծին, քանի որ առաջարկը խաթարում է քաղաքացիների հանգստի իրավունքը, ապա, դիմելով նախարար Քերոբյանին՝ հավելեց․
«Այնպիսի տպավորություն է, որ ոչ աշխատանքային օրերին Հայաստանում ՀՆԱ չի թողարկվում։ Ընդ որում, Ձեր նշած տնտեսության կառուցվածքում երկու կարևորագույն ոլորտ կա՝ առևտուրն ու ծառայությունները, որոնք, բնական է, որ ոչ աշխատանքային օրերին ավելի շատ ՀՆԱ են թողարկում»։
Ի վերջո, ծավալուն քննարկումներից հետո Կառավարությունը հավանություն տվեց նախագծին։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստին և վերոգրյալ նախագծի տնտեսական հիմնավորումներին՝ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն արձանագրեց, որ կառավարության նիստերը վերածվել են առկա իրողությունների հետ որևէ առնչություն չունեցող թատրոնի․
«Նիստում 67 հարցից ընդամենը 2-3 հարց էր զեկուցվող, ասել է թե՝ մնացածը նույնիսկ հանրությանը ներկայացնելու անհրաժեշտություն չկար։ Նկատենք՝ նիստի տևողության գրեթե 80 տոկոսը վերաբերում էր «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխության հարցին․ կարծես թե ամեն ինչ լուծել են՝ հիմա մնացել է ընդամենն այդ ամանորյա տոնացույցի փոփոխությունը, և դա դարձրել էին օրակարգի հարց, կառավարության գրեթե բոլոր անդամներն արտահայտվեցին, մի մեծ շոու պատրաստեցին հանրության համար, և, այսպես ասած, պարզ, պրիմիտիվ, իրական օրակարգերից, իրական պրոբլեմներից շեղելու նպատակով՝ հերթական նիստն անցկացրին։ Ամեն անգամ դիտելով այս ամենը և վերլուծելով՝ հետևյալ ցանկությունն է ամրապնդվում, որ գոնե այս մի նիստը այս կառավարության վերջին նիստը լինի, որովհետև ակնհայտ է՝ այս մարդիկ խճճվել են իրենց ձախողումների և ապաշնորհության մեջ, ու ընդհանրապես այլևս որևէ դրական գործողություն անունակ են կատարելու։
Ինչ են անում․ էկոնոմիկայի նախարարը փոփոխություն է առաջարկում, որն առավելապես վերաբերում է աշխատոողների իրավունքների պաշտպանությանը, և փաստացի դրան դեմ է մեկ այլ նախարար, որը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտը։ Այսինքն՝ ինչ-որ բանավեճի իմիտացիա են անում կառավարության նիստում՝ իրական խնդիրները թողած։ Իսկ նախագծի հիմնավորումն այնքան անիրական ու անիրատեսական է՝ ինչքան որ հենց այդ նախարարը․ Փաստորեն, թուրքական կապիտալի վրա ներդրումների հույս ուներ տարվա սկզբին, պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չէ, խոստանում էր միլիարդավոր դոլարի ներդրումներ և դրա վրա հաշվել էր, որ 10 տոկոս աճ ենք ունենալու տնտեսական, մինչդեռ տարին կիսվում է, մենք ունենք երկնիշին մոտ տնտեսական ակտիվության նվազում, միլիարդավոր դոլարի ներդրումները չկան, այժմ էլ՝ անցել է արդեն իր երկրորդ թեզին՝ աշխատողների շահագործման միջոցով փորձում է ձևակերպել տնտեսական աճի հիմքեր»։
Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ էկոնոմիկայի նախարարի կողմից այս նախագծի միջոցով ՀՆԱ-ի հնարավոր աճի մասին ներկայացվող թվերն անիրական են․ «Այդ հաշվարկները, ուղղակի անհարմար է, որ էկոնոմիկայի նախարարն է ներկայացնում, քանի որ որպես պետություն՝ խայտառակվում ենք աշխարհի առջև։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոն զբաղեցնող մարդը խոսում է թվերից և իրավիճակներից, որոնք բացառապես որևէ գործնական և տեսական աղերս չունեն տնտեսության հետ։ Այդ հաշվարկները և՛ ծիծաղելի են, և՛վտանգավոր են, որովհետև հնչեցնում է էկոնոմիկայի նախարարը։
Կարճ ասած՝ այս մարդը նույնիսկ չի պատկերացնում, որ այդ տոնական օրերին առևտուրն ու ծառայությունների ոլորտը, պատիկներ անգամ ավելի մեծ շրջանառություն ունեն, քանի միջին մնացած օրերը․ ի վերջո, դա գալիս է մեր ազգային առանձնահատկություններից։ Մյուս հարցը՝ այդ օրերին է, որ մեր երկրում աշխատողներն իրականում մի քանի օր տանն են մնում և հանգստանում, քանի որ, մեծ հաշվով, փաստ է նաև, որ աշխատանքային օրենսգրքի՝ մնացած հանգստյան օրերի հետ կապված հարցերը չեն կարգավորվում, 20 աշխատանքային օր արձակուրդի իրավունքը մեր երկրում իրացված չէ և նաև իրացված չէ հենց այն պատճառով, որ մարդիկ փորձում են ավելի շատ աշխատել, ավելի շատ վաստակել, ինչը լավ օրից չէ։ Այժմ էլ՝ բացարձակ անհասկանալի ինչ-որ վելուծություններով փորձում են գործնականում ինչ-որ չափով կիրառվող աշխատողների հանգստի իրավունքն էլ վերացնել, և որպեսզի վարչապետը կարողանա նաև ինչ-որ ձևով հիմնավորել, նորից փորձում է հների մեջ փնտրել այդ հիմնավորումը։ Ասում է՝ նախկինում, ըստ էության, նման նախագիծ կար, և այդ քննարկումները նախկինից գալիս են։ Հենց նեղն են ընկնում՝ նորից հներին են հիշում, բայց գուցե չեն կարդացել նախկին այդ առաջարկները․ որևէ նախագծում 5 աշխատանքային օրվա կրճատման մասին որևէ խոսակցություն չի եղել»։
«Սա իրականում որևէ խնդիր չի լուծելու, որովհետև այստեղ խնդիրն այն չէ, որ աշխատանք կա՝ աշխատող չկա․ մեր երկրում աշխատող կա՝ աշխատանք չկա, և ոնց որ նախարարը մնացած օրերին դորդուբեշ է արել, լրիվ զբաղվածություն է ապահովել, հիմա էլ փորձում է տոնական օրերը կրճատել, որ համախառն ներքին արդյունք ավելանա։
Իսկ իրականում՝ ՀՆԱ-ն նվազում է ոչ այն պատճառով, որ տոնական օրերը շատ են մեր երկրում, կամ, օրինակ, փետրվարն ունի 28 օր, այլ այն պատճառով, որ երկրից կապիտալի փախուստ ունենք, ներդրումային միջավայրի հերն են անիծել, քովիդի դեմ պայքարն են տոտալ տապալել, իրենց գործողությունների հետևանքով պատերազմ ենք ունեցել՝անդառնալի կորուստներով, և, վերջապես, հենց էկոնոմիկայի նախարարի կերպը ձեզ դասական օրինակ, թե ինչու է մեր երկրում տնտեսությունը շարունակում անկումը»,- եզրափակեց տնտեսագետը։